Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

9. ԻԱԿ-ն ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի

02.10.2008

2007թ. նոյեմբերի 2-ին “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն գրավոր դիմել էր Հրազդանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել 2007թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու կողմից ընդունված որոշումների պատճենները:
 
Պատասխանողից ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չստանալուց հետո 2007թ. նոյեմբերի 11-ին` 20 օր անց, ԻԱԿ-ը դիմումով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանը, ուսումնասիրելով դիմումում ներկայացված փաստերը, ընդունեց այն քննարկման: ԻԱԿ-ի դիմումի կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ էր ուզել Հրազդանի քաղաքապետից: Վերջինս տեղեկացրել էր, թե իբր ԻԱԿ-ի նախագահի հետ հեռախոսազրույցում բանավոր համաձայնության են եկել, որ տեղեկությունները կտրամադրեն համապատասխան վճարը վճարելուց հետո:
 
Սակայն ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը հավաստում է, որ նմանատիպ որեւէ բանավոր պայմանավորվածություն չի եղել իր եւ Հրազդանի քաղաքապետարանի միջեւ: Ավելին, Շ. Դոյդոյանը նշում է, որ իրենց գրավոր հարցմանն անպայման պետք է գրավոր պատասխան տրվեր, ինչպես նախատեսում է “Տեղեկատվության ազատության մասին” օրենքը, ինչը չի արվել Հրազդանի քաղաքապետարանի կողմից` այդպիսով խախտելով կազմակերպության տեղեկատվություն ստանալու իրավունքը: Հրազդանի քաղաքապետարանից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաղորդելով ոչ ճիշտ տեղեկատվություն, վերջինիս թյուրիմացության մեջ են գցել, որի արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշպանն ընդունել է ԻԱԿ-ի կողմից ստացված դիմում-բողոքի քննարկումը դադարեցնելու մասին որոշում:
 
2008թ. հուլիսին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտադրել Հրազդանի քաղաքապետին տրամադրել 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի ավագանու կողմից կայացված որոշումների եւ 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի կողմից կայացված որոշումների պատճենները /պատճենահանման համար անհրաժեշտ վճարի դիմաց/, Հրազդանի քաղաքապետին ենթարկել վարչական տույժի եւ որպես պատասխանատվության միջոց ընտրել տուգանքը` 50000 դրամ գումարի չափով, ինչպես նաեւ պարտադրել Հրազդանի քաղաքապետին համայնքի իրավական ակտերը Հրազդանի քաղաքապետարանի վարչական շենքի տարածքում հանրության համար մատչելի ձեւով, օրենքով սահմանված կարգով, հրապարակել /փակցնել/:
 
Դատավարության ընթացքում Հրազդանի քաղաքապետի ներկայացուցիչը ԻԱԿ-ին տրամադրեց 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները 178 էջ ծավալով: Ուստի ԻԱԿ-ը այդ հայցապահանջից հրաժարվեց:
 
2008թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց Հրազդանի քաղաքապետին վարչական տույժի ենթարկելու մասին ԻԱԿ-ի պահանջը` պատճառաբանելով, որ հասարակական կազմակերպությունը իրավասու չէ դատարան դիմելու վարչական տույժի ենթարկելու պահանաջով:
 
Նաեւ մերժվեց հայցադիմումի 3-րդ պահանջը: Դատավոր Ք. Մկոյանը դա մեկնաբանեց հետեւյալ կերպ. “Վարչական օրենսգրքի համաձայն հայցվոր կողմը կարող է դատարանին նման պահանջով դիմել, եթե նախկինում այդ հարցով դիմել է տվյալ վարչական մարմնին եւ պատասխան չի ստացել կամ մերժվել է”:
 
Սակայն ԻԱԿ-ը Հրազդանի քաղաքապետին էր դիմել միայն 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները ստանալու հարցմամբ:
 
 
Հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ
 
 

Վճռին կարող եք ծանոթանալ այստեղ

← Վերադառնալ ցուցակին