Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
"Աքիլլես" ՀԿ-ն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի
27.04.2007
2006թ. դեկտեմբերի 18-ին “Աքիլլես” ՀԿ-ն դիմել էր Երեւանի քաղաքապետարանին` խնդրելով տրամադրել Երեւան քաղաքի` Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկից մինչեւ Հալաբյան-Եղվարդ խճուղին ներառյալ ճանապարհային հատվածի միացման ճանապարհային նշանների տեղադրման հատակագծի պատճենը:
Հարցումն ուղարկելուց 9 օր անց` դեկտեմբերի 27-ին Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է հարցմանը` նշելով, որ տվյալ տեղեկատվություն “Աքիլլես” ՀԿ-ն կարող է ստանալ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետավտոտեսչության բաժնից: Այսպիսով, “Աքիլլես” ՀԿ-ն 2007թ. հունվարի 11-ին դիմեց ՀՀ Ոստիկանության Երեւանի բաժին: Երեւանի բաժինը հարցումին պատասխանեց ավելի քան մեկ ամիս անց` չտրամադրելով, սակայն, պահանջված տեղեկատվությունը: Երեւանի բաժինը պատասխան նամակում նշել է, որ տեղեկատվությանը չի տիրապետում:
“Աքիլլես” ՀԿ-ն ստիպված է եղել դիմել ՀՀ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Դատական քննության ընթացքում պարզ է դարձել, որ ՀՀ Կառավարության եւ Երեւանի քաղաքապետի մի շարք որոշումների համաձայն Երեւան ճանապարհների եւ ճանապարհային կառույցների նախագծման շինարարության վերակառուցման, շահագործման եւ պահպանման, շինարարական-նորոգման աշխատանքների ժամանակ երթեւեկության անվտանգության ապահովումն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանը: Նաեւ Երեւանի վարչական տարածքում տեղադրված ճանապարհային երթեւեկության նշանների հանումն ու նոր նշանների տեղակայումը իրականացվում է բացառապես Երեւանի քաղաքապետի թույլտվությամբ եւ նրա որոշումներով:
Ստացվում է` իրական տեղեկատվություն տնօրինողը` Երեւանի քաղաքապետարանը, իրեն ուղղված հարցմանն ի պատասխան հղում է արել տեղեկատվություն չտնօրինող այլ մարմնի` ՀՀ Ոստիկանության Երեւանի բաժնի վրա: Այսպիսով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը արձանագրեց ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի եւ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի խախտում: Մնում էր միայն լուծել տեղեկատվություն տնօրինողի հարցը:
2007 թվականի ապրիլի 12-ին դատարանը վճռեց Երեւանի քաղաքապետարանին պարտավորեցնել “Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությանը տրամադրել պահանջված տեղեկատվությունը ամբողջ ծավալով:
Այսպիսով` տեղեկատվության ազատության դատական պրակտիկան համալրվեց եւս մեկ դրական դատական գործով: