Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
4. ԻԱԿ-ն ընդդեմ Արարատի մարզպետարանի
22.12.2005
16.09.2005թ. ԻԱԿ Արարատի մարզի մարզային իրավաբանը հարցում էր ուղարկել Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին` խնդրելով տրամադրել 2005թ. 1-2-րդ եռամսյակների ընթացքում մարզպետի ընդունած որոշումների պատճենները:
03.10.2005թ. թվագրված պատասխանով Արարատի մարզպետը հրաժարվեց տրամադրել պահանջվող տեղեկատվությունը` նշելով, որ հարցումը պարունակում է հաշվետվության կամ վերահսկողության պահանջի տարր, եւ տեղեկատվությունը կտրամադրվի, եթե ներկայացվի իրավական ակտի կոնկրետ նշում: 28.10.2005թ. ԻԱԿ մարզային իրավաբանը կրկնակի հարցում ուղարկեց Արարատի մարզպետին` նշելով նրա պատասխանի անհիմն լինելը եւ կրկին պահանջելով նույն տեղեկատվությունը: Արարատի մարզպետից ստացվեց երկրորդ գրությունը. «Ձեր` 28.10.2005թ. թիվ 03 հարցմանն ի պատասխան հայտնվում է, որ նույնաբովանդակ Ձեր նախորդ հարցմանը մեր կողմից 03.10.2005թ. տրված պատասխանում հստակ է մերժման պարզաբանումը»:
2005թ. դեկտեմբերի 22-ին ԻԱԿ կողմից հայց ներկայացվեց Արարատի մարզի առաջին ատյանի դատարան` պաշտոնատար անձի անգործությունը վիճարկելու եւ սպառիչ տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի մասին:
Առաջին նիստը` 20.01.2006թ.-ին, հետաձգվեց մարզպետարանի ներկայացուցչի խնդրանքով, ով ժամանակ խնդրեց իրենց պատասխանը հիմնավորող օրենքի փոփոխություններ եւ փաստաթղթեր ներկայացնելու համար:
Սակայն, մինչ դատական երկրորդ նիստը, 2006թ. փետրվարի 7-ին Արարատի մարզպետարանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրեց 79 էջից բաղկացած բոլոր որոշումների պատճենները` բացառությամբ երկու որոշման, որոնք պարունակում էին պետական գաղտնիք։ Այս հանգամանքը նշվել էր մարզպետարանի կողմից տրված գրության մեջ։
2006թ. փետրվարի 28-ին դատական երրորդ եւ վերջին նիստի ժամանակ ԻԱԿ մարզային իրավաբան Անահիտ Ավագյանը հրաժարվեց հայցից` հիմք ընդունելով պատասխանողի կողմից հայցային պահանջի կատարումը: Դատարանը որոշում կայացրեց դատական գործը կարճելու մասին` միաժամանակ պատասխանող կողմին պարտավորեցնելով հատուցել ԻԱԿ-ի կրած վնասները, այն է` վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը: