Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

56. ԻԱԿ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

04.04.2019

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը 2019 թվականի հունվարի 21-ին դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել 2018 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի կողմից պարգևտրված աշխատակիցների ցանկը՝ նշելով յուրաքանչյուրին տրված պարգևավճարի չափը:

Քաղաքապետարանը հրաժարվել էր տրամադրել պահանջված տեղեկությունը՝ նշելով, որ պաշտոնական հարցում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն և եթե հարցմամբ պարզվի, որ խախտվում են մարդու անհատական տվյալների գաղտնիության ռեժիմը, ապա տվյալները չեն հրապարակվի:

2019 թվականի հունվարի 23-ին ԻԱԿ-ը Երևանի քաղաքապետարանին է դիմել տեղեկություն ստանալու կրկնակի հարցմամբ, որին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը 23.01.19 թ.-ին պատասխանել է, որ Գործակալությունից ստացվել է համապատասխան եզրակացությունը, որի եզրափակիչ մասը տեղադրված է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժ/պ Իոսիֆ Կուբատյանի ֆեյսբուքյան էջում՝ արդյունքում անձնական տվյալների պաշտպանության պատրվակով մերժելով ՀԿ-ին տրամադրել տեղեկություններ:

ՀԿ-ի նախագահը, գտնելով, որ Երևանի քաղաքապետարանն անձնական տվյալների պաշտպանության պատրվակով միջամտել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքին, խնդրել էր Գործակալությանը պարզել՝ արդյոք 2018 թ.-ի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը՝ նշելով յուրաքանչյուրին տրված պարգևավճարի չափը հրապարակելը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ անձնական տվյալների մշակման սկզբունքներին: Գործակալությանը 2019 թվականի հունվարի 25-ին հասցեագրված դիմումի առիթով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ 2019 թվականի հունվարի 25-ին հարուցվել էր N006/01/19 վարչական վարույթ:

Վարույթի արդյունքում Գործակալությունը որոշել է.

  • Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը և յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը (691-Ա և 692-Ա կարգադրությունները) Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակելը չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:
  • Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը և յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը (691-Ա և 692-Ա կարգադրությունները) Երևանի քաղաքապետարանի կողմից հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրելը չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:
  • Երևանի քաղաքապետի կողմից չնշանակվող պաշտոնները զբաղեցնող անձանց անձնական տվյալների մշակումը չի համապատասխանում անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքին` սույն որոշման 4.14 և 4.15 կետերում Գործակալության արտահայտած դիրքորոշման շրջանակներում:
  • Երևանի քաղաքապետին՝ արգելել այն աշխատողների անձնական տվյալների մշակումը (ամրագրումը, օգտագործումը (դրանց հիման վրա որոշումների կայացումը), հրապարակումը և այլն)), որոնց անձնական տվյալների մշակումը գտնվում է այլ պաշտոնատար անձի իրավասության շրջանակերում:

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության որոշումը:

 

← Վերադառնալ ցուցակին