Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 20

04.03.2014

 2013թ.-ի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վարչական պատասխանատվության ենթարկեց “Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Հարությունյանին տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։ Սա երրորդ նման նախադեպն է, երբ պաշտոնյան ենթարկվում է տուգանքի 50.000 ՀՀ դրամի չափով՝ տեղեկատվության ազատության իրավունքը ոտնահարելու համար։

Դեռեւս 2009թ.-ին ԻԱԿ-ը ՊՈԱԿ-ին դիմել էր տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ` խնդրելով տեղեկություններ պետական բյուջեից ՊՈԱԿ-ի ֆինանսավորման, ինչպես նաեւ կնքած պայմանագրերի վերաբերյալ: ՊՈԱԿ-ը մերժել էր տրամադրել տեղեկությունները` բյուջեից ֆինանսավորման մասով հղում անելով “Պետական բյուջեի մասին” օրենքին, իսկ պայմանագրերի մասով համարել էր, որ դրանք ենթակա չեն տրամադրման առեւտրային գաղտնիք պարունակելու պատճառով: ԻԱԿ-ը բողոքարկել էր ՊՈԱԿ-ի մերժումը: Ի սկզբանե գործը բաժանվել էր 2 դատական գործի` մեկը` ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ ՊՈԱԿ-ին տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մյուսը` ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:

ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական գործը 2009թ.-ի հունիսի 16-ին կասեցվել էր` մինչեւ ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանում դատական գործն ավարտվի: Այդ գործը, անցնելով դատական բոլոր ատյաններով, ավարտվեց 2012թ.-ի հունվարի 18-ին ԻԱԿ-ի հաղթանակով: ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կասեցված դատական գործը վերսկսվեց 2013թ.-ի մարտի 12-ին: Իսկ 2013թ.-ի դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարան կայացրեց այս գործով վճիռ՝ բավարարելով ԻԱԿ-ի հայցը եւ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Հարությունյանին ենթարկելով վարչական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ առաջին նման գործը, երբ 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքի է ենթարկվել պաշտոնյան, ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործն էր 2009 թ.-ին, իսկ երկրորդ դեպքում վարչական պատասխանատվության ենթարկված տեղեկություն տնօրինողը ոչ թե պետական մարմին էր, այլ հանրային նշանակության մասնավոր կազմակերպություն` “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ն 2013թ.-ին:

← Վերադառնալ ցուցակին