Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 19

03.03.2014

ՀՀ Ազգային ժողովի դեմ նախաձեռնած դատական գործի շնորհիվ հրապարակվեցին ԱԺ նախագահի կարգադրությունները։ 2013թ.-ի դեկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` ճանաչելով ԻԱԿ-ի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցնելով ԱԺ-ին տրամադրել մերժած տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը:

Դատական գործի հիմքում ընկած էր ԱԺ-ի մերժումը տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի 2012թ.-ի առաջին կիսամյակի կարգադրությունների որոշ պատճեններ` պատճառաբանությամբ, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ: Ուստի, ՀՀ վարչական դատարանի որոշումը կարեւոր էր այն առումով, որ դատարանը դիրքորոշում հայտնեց, թե որ դեպքերում իրապես կան տեղեկության տրամադրումը սահմանափակելու հիմքեր: Այս դատական գործի շնորհիվ դատարանի մեկնաբանությունները կարող են վկայակոչվել համանման դեպքերում, երբ պետական մարմինը ոչ իրավաչափ հիմքով կմերժի տեղեկատվության տրամադրումը:

ԻԱԿ-ի այս նախաձեռնությունն ունի դրական եւս մեկ արդյունք: Դատարանի այս որոշումն ունի նախադեպային նշանակություն այն առումով, որ դատարանը ճանաչեց ԻԱԿ-ի` տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը: Սա կարեւոր էր, քանի որ միայն իրավունքի խախտումը ճանաչելն է հնարավորություն տալիս լիարժեքորեն ձեռնամուխ լինել իրավունքի խախտման հետեւանքների վերացմանը` պահանջել նախապես չտրամադրված տեղեկություններ, պահանջել վնասների հատուցում եւ այլն:

ԱԺ-ն փոխհատուցեց նաեւ ԻԱԿ-ի դատական ծախսերը` 50.000 ՀՀ դրամի չափով։
 

← Վերադառնալ ցուցակին