Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ԲԿԳ Հայաստան

2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը  քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am 

Տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի ընդլայնված նիստը

03.03.2015

2015թ.-ի մարտի 3-ին տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի ընդլայնված նիստը: Նիստին մասնակցում էին ոչ միայն ԲԿԳ աշխատանքային խմբի անդամները, այլև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ կառավարությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ և Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Ընդլայնված նիստի նպատակն էր հանրությանը ներկայացնել ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացման ընթացքը և քննարկել Կառավարություն-քաղհասարակություն համագործակցության արդյունավետ ուղիները:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ հայաստանյան համակարգող Գուրգեն Դումանյանն իր բացման խոսքում նշեց, որ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունն այլևս ավանդույթ է և արդեն իսկ ձևավորված իրողություն: Սա չափազանց կարևոր փաստ է, քանզի ԲԿԳ նախաձեռնության ողջ փիլիսոփայությունն ու տրամաբանությունը կառուցված են այդ համագործակցության և երկխոսության վրա: «Մենք քաջ գիտակցում ենք, որ պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացումն այնքան էլ դյուրին գործընթաց չէ, քանզի պահանջում է քաղաքական կամք և հետևողական ջանքեր: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատակամ է քաղաքական կամքի դրսևորման հարցում և ձեզ հետ միասին հետևողականորեն շարունակելու է իր առջև դրված խնդիրների իրագործումը», - հավաստեց պարոն Դումանյանը:

Ներկաներին ողջունեց նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչը, ով բարձր գնահատեց նման հանդիպումների կայացումը, և հույս հայտնեց, որ կառավարություն-քաղհասարակություն համագործակցության այս ձևաչաձն իր զգալի դրական ազդեցությունը կունենա բաց և թափանցիկ կառավարման համակարգի խթանմանը:

Այնուհետև, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամները ներկայացրին Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը՝ ըստ 11 հանձնառությունների: Ակտիվ քննարկում ծավալվեց հատկապես հանքարդյունաբերությանը և Արդյունահող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը (ԱԱԹՆ/EITI) միանալուն վերաբերող հանձնառությունների ընթացքի ներկայացման ժամանակ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը նշեց, որ Հանրապետական երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման գործընթացն ընթացքի մեջ է և նշված ժամկետներում աշխատանքները լիովին կիրականացվեն: Նա հավելեց, որ մի քանի հանքարդյունաբերող մասնավոր ընկերություններ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել հրապարակային դարձնել հանքարդյունաբերման գործընթաց: ԱԱԹՆ-ին անդամակցելու ընթացքի և պահանջների մասին տեղեկություններ հաղորդեց նաև ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Արև Մովսիսյանը, ով նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ աջակցում է ՀՀ կառավարությանը հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությանն ուղղված աշխատանքներում և ԱԱԹՆ-ին անդամակցելուն: Ներկաների այն հարցին, թե արդյոք ԱԱԹՆ-ին անդամակցելը հակասություններ չի առաջացնի ԵՏՄ-ին անդամակցության պահանջներին, Վարդան Վարդանյանը պատասխանեց՝ ոչ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ, ԲԿԳ անդամ Արամ Ասատրյանը ներկայացրեց նաև յուրաքանչյուր հանձնառության իրականացման ընթացքի վերաբերյալ պետական գերատեսչություններից ստացված պատասխանների ամփոփումը՝ փաստելով, որ Գործողությունների ծրագրի իրականացումն ընթանում է ըստ ժամանակացույցի: Սակայն նա հավելեց, որ այն մի քանի հանձնառությունները, որոնց իրականացման վերջնաժամկետը նշված է 2016 թվականի դեկտեմբերը, պետք է հնարավորության սահմաններում ավարտել ավելի շուտ՝ ըստ ԲԿԳ գլխավոր գրասենյակի ժամանակացույցի՝ մինչև 2016 թ.-ի հունիս:

ԲԿԳ հայաստանյան գործընթացների մասին մանրամասն տեղեկություն կարող եք գտնել www.ogp.am կայքում:

 

 

← Վերադառնալ ցուցակին