ԲԿԳ Հայաստան
2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am
ՀԲ մասնագետի հանդիպումը ՔՀԿ հետ Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնության շրջանակում
16.10.2014
Բաց կառավարման գործընկերության 2014-2016թթ. գործողությունների պլանի համաձայն Հայաստանի կառավարությունը պարտավորվել է իրականացնել մի շարք միջոցառումներ Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը (EITI) միանալու և Հայաստանում հանքարդյունաբերության թափանցիկությունը խթանելու նպատակով:
Ս.թ. հոկտեմբերի 16-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) հանքարդյունաբերության գծով ավագ մասնագետ Գարի ՄաքՄահոնը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գրասենյակում հանդիպել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) մի խումբ շահագրգիռ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու EITI նախաձեռնությունը և հասարակական կառույցների դերը դրա խթանման գործընթացներում:
Հանքարդյունաբերական ոլորտում առկա ներկայիս իրավիճակը չի բավարարում պետության և հասարակության կողմից ներկայացվող ժամանակակից պահանջներին. մասնավորապես՝ ծախսերի և եկամուտների վերաբերյալ հանքարդյունաբերական ընկերությունների և պետության հաշվետվողականության մակարդակը բարելավման կարիք ունի: Նախաձեռնությանը միանալը կբարձրացնի ոլորտի թափանցիկությունը, կնպաստի հաշվետվողականության բարձր մակարդակի ապահովմանը, ինչպես նաև ներդրումային միջավայր բարելավմանը: Նախատեսվում է Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը (EITI) անդամակցելու գործընթացի մեկնարկը սկսել 2014 թվականի հոկտեմբերից, մասնավորապես՝ քննարկումների, բանակցությունների անցկացում և նախապատրաստական այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում: