Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ԲԿԳ Հայաստան

2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը  քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am 

ԲԿԳ-ն միջազգային փորձի համատեքստում

17.06.2013

Շուրջ 150 տեղեկան մասնակիցներից բացի «Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» միջազգային համաժողովին մասնակցում էին նաև փորձագետներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Էստոնիայից և Վրաստանից: 
 
«Թափանցիկություն և հաշվետվողականություն. համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև» խորագիրը կրող համաժողովի տարբեր նստաշրջաններում ԲԿԳ նախաձեռնության իրականացման գործում ակտիվ ներգրավվածություն ունեցող այս մասնագետները ներկայացրին ԲԿԳ ծրագրով իրենց երկրներում իրականացվող գործողությունները, խոսեցին դրանց արդյունավետության մասին, առանձնացրին ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտները, պատասխանեցին ներկաների հարցերին: Ուշագրավ է, որ հայաստանյան իրականությունում արձանագրված որոշ խնդիրներ այս կամ այն չափով իրենց դրսևորումն ունեն (կամ ունեցել են) նաև մեր գործընկեր երկրներում: Սա նաև կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ արդյունավետ քննարկումների, փորձի փոխանակման լավ առիթ կարող է դառնալ:
 
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության արխիվի ներկայացուցիչ Նեյթ Ջոնսը նշում է, որ ԲԿԳ-ի հիմնական գաղափարախոսությունը առկա խնդիրների լուծման գործում կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցությունն է: «Նախաձեռնության անունը՝ «Բաց կառավարման գործընկերություն», արդեն իսկ հուշում է դրա հիմնական նպատակի մասին: ԲԿԳ-ն համագործակցության  հզոր գործիք է, և ազդեցության լայն հնարավորություններ է տալիս,- ասում է Նեյթ Ջոնսն ու հավելում,- այս համատեքստում կարևոր է գիտակցել, որ արդյունավետ աշխատանքի համար ՀԿ-ներն ու պետությունը ներկայացնող կառույցները պետք է աշխատեն ոչ թե մեկը մյուսի դեմ, այլ մեկը մյուսի հետ: Միայն այս դեպքում կարելի է շոշափելի արդյունքների հասնել»: 
 
Փորձագետը չի ժխտում, որ գործընթացը բավական բարդ է և կառավարությունից  քաղաքացիական հասարակության հետ «հավասարը հավասարի հետ» սկզբունքով աշխատելու համար քաղաքական կամք ու հետևողական աշխատանք կպանջվի: 
Տեղեկատվության հասանելիության ծրագրի ղեկավար Գերգանա Ջուլեվան, ներկայացնելով Բուլղարիայի ԲԿԳ ոլորտում ունեցած փորձը, նշեց, որ իրենց երկրում, թերևս ամենամեծ խնդիրը մնում է այս գործընթացներում հանրության ներգրավվածության աստիճանը: «Ամեն դեպքում պետք է հստակ գիտակցել, որ այս գործընթացը բավական ժամանակատար է, և պետք է ընդունենք, որ գործողությունների ծրագրով ստանձնած հանձնառությունները չափազանց շատ են այն ժամանակահատվածի համար, որը տրված է դրանց կատարման նպատակով:
 
«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի ղեկավար էստոնացի Իվար Տալլոն, ով այժմ տարվա մի մասն աշխատում է Հայաստանում, նշեց, որ Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, համահունչ է այն քայլերին, որոնք այսօր իրականացվում են Էստոնիայում: Փորձագետը նշեց, որ թեպետ ՀՀ Կառավարության հաստատած ԲԿԳ գործողությունների ծրագրում քիչ չեն կետերը, որոնք արդեն իրականացվել են իրենց երկրում, սակայն կան բաներ, որոնք, ի տարբերություն Հայաստանի, Էստոնիայում այդպես էլ մանացել են թղթի վրա: 
 
Վրաստանում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի ղեկավար Գիորգի Կլդիաշվիլին նշեց, որ այս գործընթացում խիստ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ՀԿ-ները չլինեն պասիվ և իրենց ուղղակի ազդեցությունն ուեննան գործընթացի բոլոր փուլերի վրա: «Մեր երկրի օրինակն այս առումով շատ ցայտուն է: ԲԿԳ նախաձեռնությանը միանալուց հետո Վրաստանի կառավարությունը հրապարակեց գործողությունների ծրագիր, որը բաղկացած էր ընդամենը 2 էջից»,- ասում է Գիորգի Կլդիաշվիլին և վստահեցնում, որ միայն ՀԿ հատվածի արագ արձագանքի և հետևողական աշխատանքի շնորհիվ էր, որ կարճ ժամանակ անց Վրաստանը հաստատեց բոլորովին նոր՝ շուրջ  տասը անգամ ավելի շատ հանձնառություններ պարունակող ծրագիր: Վրաստանցի փորձագետի խոսքերով` այսօր արդեն Վրաստանի Կառավարությունը մշակում է ԲԿԳ գործողությունների 2-րդ ծրագիրը և ՀԿ ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են այդ գործընթացին:
 

 

← Վերադառնալ ցուցակին