ԲԿԳ Հայաստան
2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am
Քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհը թափանցիկությունն է. Տ. Սարգսյան
14.06.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի բացմանը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման և քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում և սկսվում են իրականացվել: Սա քաղաքացիական հասարակության կառուցման ճանապահն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև վարչապետը ներկայացրել է Բաց կառավարման սկզբունքների վերաբերյալ մի քանի թեզ: Նրա խոսքով` չի կարող ձևավորվել քաղաքացիական հասարակություն, եթե կառավարության գործունեությունը չլինի բաց ու թափանցիկ:
«Իշխանությունը երկրում պարտադրանքի մոնոպոլիա է և եթե նա կիրառում է այդ գործիքը՝ պետք է հասարակությունը վստահ լինի, որ այն ի չարս չի օգտագործվում: Եթե հասարակության կողմից չլինի այդպիսի վստահություն, ուրեմն այդ հասարակությունը չի կարող ապահովել զարգացում»,- ասել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ իշխանական լծակները՝ ֆինանսական միջոցների վերաբաշխումը, տնօրինումը և տիրապետումը նույնպես պետք է լինի արդարացի:
Վարչապետի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակության կառուցմանն այլընտրանք գոյություն չունի և դրան հասնելու ճանապարհը թափանցիկությունն է բոլոր մակարդակներում. պետք է լինել հաշվետու հասարակության առջև և վերջինս տեսնի կառավարության բոլոր գործառույթները:
«Սա վստահության ձևավորման կարևորագույն հիմքն է: Միայն թափանցիկությունը բավարար չէ՝ անհրաժեշտ է նաև հասարակության ներգրավվածությունը որոշումներ կայացնելու գործում»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հանրությունը հեշտ է ընկալում սենսացիոն նորությունները և այդպիսի լուրերն էլ հիմնականում իրենց մեջ կրում են բացասական տրամադրություններ: Արդյունքում՝ մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ և ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն և մշտական դժգոհություն, որը հնարավորություն չի տալիս բարեփոխումները տանել առաջ: Վարչապետի կարծիքով՝ այստեղ է, որ գալիս է պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքի կարևորությունը:
«Այն պարագայում, երբ ԶԼՄ-ներից մենք տեղեկատվություն ենք ստանում, թե պետական միջոցները փոշիացվել են, վատնվել են և այլն: Դրա ապացուցողական մասը, ցավոք սրտի, բացակայում է: Այս աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալիզմ, այն ԶԼՄ-ները, որոնք իրենց առջև նպատակ են դրել զբաղվել հետաքննությամբ, բացահայտել իշխանությունների չարաշահումները, պետք է ունենան նաև գիտելիքներ և հնարավորություն՝ վերլուծելու այդ տեղեկատվությունը, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի»,- ասել է վարչապետը:
Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ՀՀ կառավարությունը սերտորեն համագործակցում է «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում և իրենք հավատացած են, որ բաց հասարակությունը և տնտեսությունը հնարավորություն կտան երկրներին ծաղկում ապրել, լինել առավել բարեկեցիկ, անվտանգ և խաղաղ:
«Սրա վրա է հիմնվում մեր աջակցությունը «Բաց կառավարման գործընկերության» ուղղությամբ: Իր գործողությունների ծրագրով Հայաստանը կարևոր հանձնառություն է ստանձնել «Բաց կառավարման գործընկերության» առաջ և ես գիտեմ, որ կառավարության կողմից այդ գործողությունների ծրագիրը հաստատվել է, որը քննարկվել և շրջանառության մեջ է դրվել: Այս գործողությունների ծրագրով առաջընթացը կարևոր է Հայաստանի համար, ինչը կօգնի, որ ՀՀ-ն բարելավի իր ցուցանիշները, որոնք դիտարկվում են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ի կողմից»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանը նախկինում եղել է «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ի ծրագրի շահառու և այս աշխատանքը կարող է օգնել, որպեսզի ՀՀ-ն մասնակցի կորպորացիայի ծրագրերին:
Աղբյուրը՝ Civilnet.am