Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
3. ՏՎԽ-ի կարծիքը ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ “Իրավունք” թերթի” գործի վերաբերյալ
21.07.2011

Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը
“ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ “Իրավունք” թերթի” գործի վերաբերյալ
Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը` Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է 22.02.2011թ. «Իրավունք» թերթի թիվ 13 համարում հրապարակված «Կլորիկ գումա՞ր է կրվել» վերնագրով հոդվածը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին եւ և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածը եւ 24.06.2011թ. դատարանի կայացրած վճիռը (դատավոր՝ Ռ. Ափինյան), որով ամբողջությամբ մերժել է հայցը` անհիմն լինելու հիմքով, ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների համատեքստում, գտնում է, որ դատարանի վճիռն ամբողջությամբ կառուցված է բախվող լեգիտիմ շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռություն սահմանելու սկզբունքի վրա՝ առանձնահատուկ կարևորություն տալով մամուլի հատուկ դերին ժողովրդավարական հասարակարգում:
Դատարանը հանգել է այն եզրահանգման, որ պաշտոնավարող քաղաքական գործիչները պետք է ակնկալեն անձնական կյանքի առավել նվազ պաշտպանություն, քանի որ նրանց յուրաքանչյուր գործ և խոսք գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և հանրությունը, ցանկանալով տեղեկացված լինել իր քաղաքական առաջնորդների մասին, իրականացնում է տեղեկություններ ստանալու իր իրավունքը, որն իրավաչափ շահ է: Դատարանը հանրության տեղեկություն ստանալու իրավունքը գերադասել է անձի անձնական կյանքի, տվյալ դեպքում հեղինակության պաշտպանության իրավունքից, ինչը, կարծում ենք, միանգամայն օրինաչափ մոտեցում է:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ դատարանի վճիռն ամբողջությամբ համապատասխանում է ներպետական և միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին, իսկ վիճարկվող հոդվածի՝ հայցադիմումում մեջ բերված արտահայտությունների իրավաչափությունն ամբողջությամբ գնահատված է դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ 10-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն:
Հիշեցնենք, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադիր անդամներն են՝ Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, Մանանա Ասլամազյան – “Արմմեդիա” ծրագրի տնօրեն, Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ, Արամ Աբրահամյան – “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր, Արա Ղազարյան – “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն;
Տեղեկատվական վեճերի խորհուրդ