Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
5. ՏՎԽ-ի կարծիքը Փարավոն Միրզոյանն ընդդեմ "Չորրորդ ինքնիշխանություն" օրաթերթի գործի վերաբերյալ
28.10.2011
Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը
«Չորրորդ ինքնշխանություն» թերթի 09.04.2011 թիվ 322 համարում և թերթի ինտերնետային կայքում հրապարակված «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հոդվածի վերաբերյալ
1. Գործի հանգամանքները
09.04.2011թ. «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի թիվ 322 համարում հրապարակվել է «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հոդված ՀՀ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի մասին:
Փարավոն Միրզոյանը դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ դատարան)` դատարանից պահանջելով պարտավորեցնել «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերությանը պատկանող «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին հերքել իր հեղինակությունն արատավորող տեղեկությունները, հօգուտ հայցվորի ՍՊԸ-ից բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի դիմաց եւ 360.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում իր կողմից կատարված դատական ծախսերի դիմաց:
Դատարանը գործով դեռեւս վճիռ չի կայացրել:
2. Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթը
Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացությունների կազմումն ու հրապարակումը` Խորհուրդը ՙՉորրորդ ինքնիշխանություն՚ թերթի դիմումի հիման վրա ուսումնասիրել է վիճարկվող հոդվածը եւ հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:
3. Ներպետական եւ միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքները
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք...: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների եւ տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է...»:
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն. «Մարդու եւ քաղաքացու` Սահմանադրության 27 հոդվածով...ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:
Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ կամ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի համաձայն.
- Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
- Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձեւականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ... այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածից եւ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ անձի արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել, եթե միջամտությունը`
- «նախատեսված է օրենքով»,
- ծառայում է հոդվածում թվարկված «իրավաչափ նպատակներից» առվազն մեկին, տվյալ դեպքում` անձի «պատվի եւ բարի համբավի» կամ «հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելուն», եւ «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»:
Այս վերջին պայմանը պահանջում է, որպեսզի ՄԻԵԴ-ը որոշի, թե արդյոք գանգատի առարկա միջամտությունը բխո՞ւմ է «հրատապ հասարակական կարիքից», արդյոք այն համաչա՞փ է իր առջեւ դրված «իրավաչափ նպատակին» եւ արդյոք իշխանությունների կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները «վերաբերելի՞ են եւ բավարար»:
4. Վիճարկվող հոդվածի վերլուծությունը
Վիճարկվող հոդվածի` հայցադիմումում մեջ բերված արտահայտությունների գնահատումը հիմնված է ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ 10-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի եւ լրագրողական էթիկայի պահանջների վրա:
Վիճարկվող հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանում ներառված արտահայտությունների մի մասը գնահատական-դատողություններ են եւ լրագրողի արտահայտած կարծիք, ինչը, որպես այդպիսին, պաշտպանված է ՄԻԵԿ 10-րդ հոդվածով: Սույն արտահայտությունները հրապարակելիս լրագրողն օգտվել է երգիծանքի ոճով ստեղծագործելու իր իրավունքից, ինչը եւս պաշտպանված է ՄԻԵԿ 10-րդ հոդվածով: Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն տեղեկությունները, այլեւ դրանց մատուցման ոճը եւ եղանակը: Վիճարկվող արտահայտությունների մնացած մասը զուրկ չէ փաստական հիմքերից:
Միեւնույն ժամանակ, հայցվորի կողմից զրպարտչական բնույթի որակվող արտահայտությունները մինչ այդ հրապարկվել են մեկ այլ լրատվամիջոցի կողմից եւ «Չորրորդ ինքնշխանություն» թերթը եւս մեկ անգամ անդրադարձել է դրանց` սկզբնաղբյուր հանդիսացող լրատվամիջոցին համապատասխան հղում կատարելով:
Իրերը գնահատելով իրենց համատեքստում, Խորհուրդը գտնում է, որ սույն գործը լուծելիս նպատակահարմար է կիրառել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական պաշտպանության բարձր չափանիշ, այն է, որ յուրաքանչյուր դեպքում լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի միջամտության անհրաժեշտության հարցը պետք է գնահատվի ելնելով այն սկզբունքից, թե արդյոք միջամտության համար առկա է հասարակական սուր պահանջ եւ թե արդյոք նման միջամտությունն "անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում": Նպատակահարմար է, որպեսզի դատարանը տվյալ վեճը դիտի ոչ միայն մրցակցող անհատական շահերի, այլ նաեւ հանրային շահի տեսանկունից: Այսպիսով, որոշումը կայացնելիս դատարանը կարող է դուրս գալ մրցակցող կողմերի նեղ անձնական շահերի շրջանակներից եւ կայացնել այնպիսի որոշում, որը կարող է բարենպաստ հետեւանք առաջացնել ողջ հանրության համար:
5. Եզրահանգում
Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ վիճարկվող խնդիրը ոչ այնքան իրավական, որքան լրագրողական էթիկայի դաշտում է: Ուստի, ողջամիտ եւ արդյունավետ կլիներ, եթե հայցվորը հարցի քննությունը հանձներ ոչ թե դատարանին, այլեւ արտադատական մարմիններին` մասնավորապես, Էթիկայի դիտորդ մարմնին` վիճահարույց հոդվածը քննելու եւ գնահատական տալու համար:
Ի դեպ, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը տեղեկացրել է Տեղեկատվական վեճերի խորհրդին, որ դիմել Էթիկայի դիտորդ մարմնին` ստանալու նաեւ նրա կարծիքը:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ