Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
2. ՏՎԽ-ի կարծիքը ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ “Երկիր”օրաթերթի” գործի վերաբերյալ
27.06.2011
Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը` Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է 13.01.2011թ. “Երկիր” օրաթերթի 3/2326-րդ համարում հրապարակված “131 դեմք ու դիմակ” վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածները եւ հայցադիմումում մեջ բերված արտահայտությունները ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների համատեքստում, գտնում է, որ վիճարկվող հոդվածով ներկայացվում են պատգամավորի կենսագրության որոշ տվյալներ, նրա աշխատանքային պարտականությունների կատարման, գույքային դրության, կենսաոճին ու որոշ նախասիրություններին վերաբերող տեղեկություններ: Նշված տեղեկությունները, անշուշտ, ներկայացնում են հանրային հետաքրքրություն, հաշվի առնելով, առաջին հերթին, հայցվորի կարգավիճակը, նրա` որպես ընտրովի պաշտոնատար անձի և քաղաքական գործչի գործունեության բնույթը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից վճարվելու հանգամանքները: Հոդվածն ընդհանուր առմամբ շարադրված է հումորային ոճով և երանգավորմամբ, ինչն արտահայտվելու ազատության իրավունքի լրացուցիչ պաշտպանություն է ենթադրում, քանի որ այս ոճն ինքնին ենթադրում է որոշակի չափազանցություն:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ հրապարակված հոդվածում տեղ գտած արտահայտությունները գնահատողական դատողություններ են կամ փաստական տվյալներ, որոնք որպես այդպիսին զուրկ չեն փաստական հիմքերից: Դրանք հիմնված են բավարար փաստական հիմքերի վրա, այն է` պատգամավոր Տ. Արզաքանցյանի սեփական հայտարարությունների, հարցազրույցների, այլ լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հոդվածների ու տեղեկատվության, ինչպես նաև պաշտոնական տեղեկատվության հիման վրա:
Ինչ վերաբերում է դատաքննության ընթացքում վիճարկվող “լակոտ” արտահատությանը, ապա Խորհուրդը գտնում է, որ այն մի կողմից՝ պարունակում է վիրավորական արտահայտություն, իսկ մյուս կողմից՝ նշված արտահայտությունը հրապարակվել է ուղղակի մեջբերման տեսքով՝ չակերտների մեջ, ինչը նշանակում է, որ արտահայտությունը այլ անձի կողմից արված հայտարարության ուղղակի մեջբերում է: Սակայն, դատարանում լրագրողը չի վկայակոչել որևէ աղբյուր, որտեղից կատարել է մեջբերումը: Սա ինքնին նշանակում է, որ մեջբերումը կատարվել է անբարեխղճորեն:
Միաժամանակ, Խորհուրդը գտնում է, որ սույն գործով հայցվորի պահանջած 3,000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով փոխհատուցման պահանջը վիրավորանքի և զրպարտության դիմաց չի բխում միջամտության համաչափության և անհրաժեշտության սկզբունքներից:
Ինչ վերաբերում է դատարանի կողմից սահմանված 200.000 ՀՀ դրամի չափով բարոյական վնասի դրամական փոխհատուցմանը, ապա սույն գործի հանգամանքների ներքո նշված փոխհատուցումն անհամաչափ է, և դատարանը կարող էր բավարարվել լրատվամիջոցին ներողություն հրապարակելուն պարտադրելով: Հետևաբար, վճռով իրավունքի խախտման փաստի արձանագրումն ինքնին արդարացի փոխհատուցման բավարար միջոց է: Իսկ ինչ վերաբերում է դատական ծախսերի հիմքով սահմանված փոխհատուցման չափին, ապա սույն գործի հանգամանքների ներքո այն կարելի է համարել ողջամիտ:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ