Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

1. ՏՎԽ-ի կարծիքը ՀՀ երկրորդ նախաgահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ "Հրապարակ" օրաթերթի հայցի վերաբերյալ

02.06.2011

Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը` Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է "Հրապարակ" օրաթերթի 12.02.2011թ. 25(695)-րդ, 22.02.2011թ. 31(671)-րդ և 12.03.2011թ. 45(685)-րդ համարներում հրապարակված վիճարկվող հոդվածները և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածները եւ հայցադիմումում մեջ բերված արտահայտությունները ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների համատեքստում, գտնում է, որ "Հրապարակ" օրաթերթում հրապարակված հոդվածներն առնչվում են հանրային շահին, իսկ դրանցում առկա հայտարարությունները գնահատողական դատողություններ են եւ ոչ` փաստական տվյալներ: Հետեւապես, ակնկալում ենք, որ Դատարանը կկիրառի առավել բարձր չափանիշներ արտահայտվելու ազատության միջամտության անհրաժեշտությունը գնահատելիս:

Միաժամանակ, Խորհուրդը գտնում է, որ հրապարակված որոշ գնահատողական դատողություններ չեն բխում պատասխանատու եւ բարեխիղճ լրագրության չափանիշներից: Լրատվամիջոցը կարող էր նույն միտքն արտահայտել այլ, նվազ արատավորող բնույթի արտահայտություններ գործածելով: Հետեւաբար, նման պարագայում արտահայտվելու ազատության միջամտության անհրաժեշտությունը կախված կլինի դատաքննության ընթացքում պատասխանող լրատվամիջոցի ներկայացվելիք հիմնավորումներից:

Խորհուրդը գտնում է նաեւ, որ հայցվորի կողմից պահանջվող փոխհատուցման չափը չի բխում արտահայտվելու ազատության միջամտության համաչափության պահանջից, ենթադրաբար գերազանցում է գործում ներգրավված լրատվամիջոցի եկամուտները, ինչպես նաեւ փաստաբանական ծառայությունների դիմաց հայցվորի պահանջած վարձատրությունը ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ առաջադրվող խելամտության պահանջին:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
 Փորձագիտական եզրակացությունը

 

← Վերադառնալ ցուցակին