Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
97.ՏՎԽ կարծիք. ԱԺ աշխատակազմի կողմից «Ժողովուրդ» թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին նախազգուշացում հայտնելու մասին
24.11.2023
Փաստերը
«Ժողովուրդ» թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն ստացել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի ստորագրությամբ գրություն, որում նա նախազգուշացրել է ընկերությանը, որ լրագրող Քրիստինա Մուշեղյանը և օպերատոր Հովսեփ Հովսեփյանը խախտել են Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը, քանի որ 2023 թ․ հոկտեմբերի 19-ին նրանք մտել են արգելված տարածք, այսինքն՝ չեն գտնվել մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով ԱԺ նստավայրում իրենց համար առանձնացված հատուկ տեղերում, ինչպես նաև՝ առանց համաձայնեցնելու նկարահանել են ԱԺ պատգամավորի աշխատասենյակը և հանրայնացրել են տեսագրությունը՝ «նպատակ ունենալով ցուցադրել սենյակի ներքին հատվածը»։ Այնուհետև, որպես ապացույց, բերվել է ՍՊԸ-ին պատկանող armlur.am լրատվական կայքում հրապարակված տեսանյութի հղումը․ http://armlur.am/1308795/?fbclid=lwAR1-fVDAZAUrZ-ovTlOlKb0AAkygpC_49Fa։
Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը լրատվամիջոցին ներկայացված նախազգուշացումը հիմնավորվել է ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի (այսուհետ՝ Կարգ) 21-րդ կետի 4.1-րդ ենթակետով, որը սահմանում է, որ հավատարմագրված լրագրողն իրավունք ունի «իր մասնագիտական գործունեությունն իրականացնել Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում», և 22.1. կետով, ըստ որի՝ «Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ» (Այս երկու նորմերը Կարգում ավելացվել են 2021 թվականի օգոստոսի 18-ին։ Դրանց համար հիմք է հանդիսացել Ազգաին ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-Ի ՆՈ-01-Լ Որոշման Հավելված 1-ում Փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաստաթուղթը, որը հրապարակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին)։
«Ժողովուրդ» թերթի խմբագրությունը՝ գտնելով, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախազգուշացումը իրավաչափ չէ, քանի որ սահմանափակում է հանրաjին նշանակության դեպքերի և իրադարձությունների մասին տեղեկություններ ու գաղափարներ տարածելու լրատվամիջոցի ազատությունը, դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։
Եզրահանգում
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի գրությամբ ներկայացված նախազգուշացման իրավաչափությունը որոշելու համար Խորհուրդը անհրաժեշտ է համարում գնահատել, թե արդյոք նախազգուշացումը միջամտություն է լրատվամիջոցի գործունեությանը, արդյոք այդ միջամտությունը կատարվել է օրենքով սահմանված կարգով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում։
ԱԺ խորհուրդն իրավունք ունի Կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով վաղաժամկետ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը նախազգուշացվել է իր լրագրողի՝ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների կամ Կարգի պահանջների խախտման համար։ Թեև տվյալ դեպքում հրապարակված տեսանյութը շարունակում է մնալ հասանելի լսարանի համար, նման նախազգուշացումը կարող է կաշկանդել լրատվամիջոցին ապագայում տարածել ԱԺ-ի գործունեության վերաբերյալ հանրային նշանակության տեղեկություններ։ Խորհուրդը գտնում է, որ այդ հանգամանքն ինքնին միջամտություն է լրատվական գործունեություն իրականացնողի՝ տվյալ դեպքում «Ժողովուրդ» թերթի խմբագրության ազատությանը։
Ինչ վերաբերում է միջամտության օրինականությանը, Խորհուրդը կարծում է, որ նախազգուշացումը արվել է մատչելի ու պարզորոշ իրավական նորմերի հիման վրա։ Մասնավորապես, Կարգի 21-րդ կետի 4.1-րդ ենթակետով և 22.1. կետով սահմանված կարգավորումները բխում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքից, դրանք ձևակերպված են հստակ և լրագրողների համար վարքագծի ուղեցույցներ են։
Խորհուրդը նաև գտնում է, որ նշված նորմերը հետապնդում են իրավաչափ նպատակներ, այն է՝ Ազգային ժողովի պատգամավորների, աշխատակազմի անխափան գործունեությունը, ինչպես նաև Ազգային ժողովի անվտանգությունը ապահովելը։ Դրանք նույնանման հանգամանքներում իրավաչափ նպատակներ են համարվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (Տե՛ս Մանդլին ու այլոք ընդդեմ Հունգարիայի, թիվ 63164/16, 26/05/2020, կետ 57: Դատարանը որոշել է, որ լրագրողի հավատարմագրումը խորհրդարանի կողմից կասեցնելը այնպիսի նպատակներով, որոնք են խորհրդարանի անխափան աշխատանքները ապահովելը, խորհրդարանում «կարգ ու կանոնը» պահպանելը և պատգամավորների իրավունքների պաշտպանությունը ազատ խոսքի սահմանափակման իրավաչափ նպատակներ են)։ Ավելին, այդպիսի նպատակներ սահմանված են նաև տարբեր պետությունների խորհրդարանական ուղեցույցերում։ Օրինակ, Անգլիայի խորհրդարանում հեռարձակման համար նախատեսված են սահմանափակ թվով նախանշված վայրեր խորհրդարանի տարբեր մասնաշենքերում՝ այդ թվում նախասրահներում, միջանցքներում և այլ վայրերում (Տե՛ս հետևյալ հղումը․ Guidance and resources - UK Parliament)։ Նիդերլանդների խորհրդարանի՝ լրագրողների համար մշակված ուղեցույցում նշված է տարածքների ցանկ, որտեղ տեսաձայնագրում կատարելը արգելված է, օրինակ, քաղաքացիական ծառայողների, պատգամավորների վարչական աշխատողների, խորհրդարանական ֆրակցիաների սենյակներում, ճաշարանում, գրադարանում, անվտանգության աշխատակիցների տարածքներում։ Իսկ առանձին դրույթով էլ սահմանված է, որ արգելվում է աշխատասենյակներում ու սենյակներում գտնվող անձանց տեսաձայնագրում կատարել միջանցքներից (Տե՛ս խորհրդատվական ուղեցույցը հետևյալ հղումով․ Recording Guidelines for journalists | House of Representatives)։ Շոտլանդիայի խորհրդարանի ուղեցույցը սահմանում է, որ օրենսդիր մարմնի տարածքի ցանկացած վայրում լուսանկարահանումների համար պետք է ստանալ թույլտվություն իրավասու խորհրդարանական ստորաբաժանումից (Տե՛ս խորհրդարանի ուղեցույցը հետևյալ հղումով․ Media access: terms and conditions | Scottish Parliament Website)։ Հատկանշական է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անիրավաչափ չի համարել լրագրողական գործունեության սահմանափակումները խորհրդարանի միջանցքներում (Ծանոթագրություն 4)։ Այսպիսով, Խորհուրդը համարում է, որ Կարգի 21-րդ կետի 4.1-րդ ենթակետով և 22.1. կետով սահմանված սահմանափակումները հետապնդում են իրավաչափ նպատակներ։
Հաջորդ կարևոր հարցն այն է, թե արդյոք նշված նորմերը անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում: Այդ իմաստով Խորհուրդը հաշվի է առնում մի շարք հանգամանքներ․առաջին՝ լրագրողի և օպերատորի նպատակը լրատվական նյութը պատրաստելիս, երկրորդ՝ լուսաբանվող թեմայի հանրային նշանակությունը, երրորդ՝ նախազգուշացման բացասական հետևանքը կամ հնարավոր ազդեցությունը լրագրողական ազատության վրա, չորրորդ՝ նախազգուշացման դեմ իրավական պաշտպանության միջոցների առկայությունը։
Տեսանյութում նշվում է, որ լրատվության նպատակն էր Ազգային ժողովի գործունեությունը լուսաբանելը, մասնավորապես, պարզել, թե ԱԺ պատգամավորներն ինչ գործունեություն են իրականացնում երկրում տիրող լարված հասարական-քաղաքական իրավիճակում՝ կապված 100 հազարից ավելի արցախցիների բռնի տեղահանման հետ։ Լրագրողները որոշել էին ներկայացնել հանրությանը, թե արդյոք պատգամավորներն իրենց աշխատատեղերում են։
Անշուշտ, լրատվական նյութի թեման ու դրա մատուցման եղանակը բացառապես լրագրողի ինքնավարության շրջանակում են։ Անկախ այն հանգամանքից, որ աշխատատեղում չգտնվելն ինքնին անգործության ապացույց չէ, լրագրողը և օպերատորը հետապնդել են հասարակական նշանակության խնդիր լուսաբանելու նպատակ։ Ավելին՝ հասարակությունն իրավունք ունի ստանալ այդ խնդրի վերաբերյալ տեղեկություններ։ Հետևաբար, հանրային նշանակության թեմաներ լուսաբանելիս լրագրողներն ազատ խոսքի առավել լայն իրավական պաշտպանության կարիք և իրավունք ունեն։ Սա կարևոր հանգամանք է, որն անհրաժեշտ է հաշվի առնել լրագրողական գործունեության վերաբերյալ ցանկացած, այդ թվում հավատարմագրման հետ առնչվող, դրան սպառնացող որոշումներ կայացնելիս։
Խնդրո առարկա տեսանյութը սույն եզրակացության պատրաստման պահի դրությամբ մնում է հասանելի լսարանին։ Ավելին՝ չկա որևէ փաստ, որ լրատվամիջոցը տեսանյութի բովանդակությունը կրճատել է այն բանից հետո, երբ ստացվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախազգուշացումը։ Այդ ամենից կարելի է եզրակացնել, որ նյութը հասել է իր նպատակին։ Ընդ որում՝ լրատվամիջոցը չի կարող ԱԺ-ի կողմից ենթարկվել որևէ իրավական պատասխանատվության՝ քրեական, քաղաքացիական կամ վարչական, քանի որ բացակայում են դրա իրավական հիմքերը։
Այդուհանդերձ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի և Կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում երկու նախազգուշացումը կարող է դառնալ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմք։ Այս դրույթները բազմիցս արժանացել են լրագրողական կազմակերպությունների սուր քննադատությանը, քանի որ հնարավորություն են տալիս պետական մարմիններին կամայական որոշումներով իրավական հենք ստեղծել «անցանկալի» լրագրողներից ազատվելու համար։ Համամիտ լինելով այս դիրքորոշմանը՝ Խորհուրդը նաև գտնում է, որ նախազգուշացումը կարող է կաշկանդել լրագրողին հետագայում հասարակական նշանակության դեպքերի վերաբերյալ ազատ ու համարձակ լուսաբանում իրականացնել։ Նման իրավական կարգավորումը անհամաչափ միջամտություն է տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքին։
Նույն լույսի ներքո պետք է դիտարկել նաև Կարգի 21-րդ կետի 4.1. կետով սահմանված կարգավորումը, որից բխում է, որ լրագրողներին արգելվում է իրականացնել լուսաբանումներ ԱԺ միջանցքներից, նույնիսկ եթե դա անհրաժեշտ է իրավիճակի հրատապությամբ։ Համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում լրագրողներին թույլատրվում է կատարել լուսաբանում խորհրդարանի միջանցքներից՝ դրա համար սահմանված հատուկ հատվածներից (Տե՛ս Անգլիայի և Նիդերլանդների օրինակները տողատակի ծանոթագրություններ 5-ում և 6-ում, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիայի օրինակը Ներդիր 2-ում։ Տե՛ս նաև տողատակի ծանոթագրություն 4-ում Եվրոպական դատարանի Մանդլին ու այլոք ընդդեմ Հունգարիայի վճիռը)։ Ավելին՝ ԵԽԽՎ թիվ 7905 փաստաթղթում առաջարկվել է ԵԽ անդամ պետություններին ապահովել լրագրողների համար պատգամավորների հետ «ուղիղ շփումը» խորհրդարանների միջանցքներում (Խորհրդարանները և մամուլը։ ԵԽԽՎ փաստաթուղթ թիվ 7905, 1997 թվականի դեկտեմբերի 12: Կետ 83)։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես հաշվի է առել, որ Հունգարիայի խորհրարանում միջանցքներից լուսաբանելու սահմանափակումները ներառում էին միայն կոնկրետ սահմանված հատվածներից լուսաբանելու կարգավորումներ, որոնք պայմանավորված էին օրենսդիր մարմնի անխափան գործունեության անհրաժեշտությամբ (Մանդլին ու այլոք ընդդեմ Հունգարիայի վճիռը, կետ 69)։
Խորհուրդը համոզմունք է հայտնում, որ Կարգի 21-րդ կետի 4.1. կետի կարգավորումը անհափաչափորեն խիստ է, քանի որ սահմանում է բացարձակ արգելք, մինչդեռ որոշ հանգամանքներում կարող է ծագել ԱԺ գործունեությունը ցանկացած տարածքից, այդ թվում՝ միջանցքներից լուսաբանելու օբյեկտիվ հանրային անհրաժեշտություն՝ ելնելով իրադարձության հրատապությունից, հասարակական ու քաղաքական նշանակությունից։
Անդրադառնալով լրագրողի և օպերատորի կողմից ԱԺ պատգամավորի աշխատասենյակի դուռը բացելու և հատկապես առանց թույլտվության, թեկուզ միջանցքից, ներսը նկարահանելու հանգամանքներին՝ Խորհուրդը նախ արձանագրում է, որ աշխատանքային տարածքը, ի տարբերություն միջանցքի, անձնական տիրույթ է և պաշտպանված է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքով։ Բացի այդ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար։ Խորհուրդը գտնում է, որ տվյալ դրվագում չկար հանրային շահի այնպիսի հանգամանք, որը գերակա էր այլոց անձնական տարածքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ։ Հետևաբար, այս պարագայում իրավաչափ կլիներ, եթե լրագրողը կամ նրա ղեկավարն այդ դրվագը հաներ տեսանյութից։ Եթե նույնիսկ ենթադրվի, որ տեսագրության այդ մասը կատարվել է մեխանիկորեն, նյութը հնարավոր էր մոնտաժել և հրապարակել առանց խնդրահարույց դրվագի։
Խորհուրդը նաև նկատում է, որ զգուշացումը հայտարարվել է գրությամբ, մինչդեռ նպատակահարմար կլիներ, որ դա արվեր վարչական ակտի ընդունմամբ, քանի որ այդ դեպքում լրագրողը կկարողանար օգտվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված իրավական պաշտպանության միջոցներից, օրինակ՝ լսված լինելու իրավունքից։ Մինչդեռ, երբ զգուշացումը արվում է գրությամբ, լրագրողը զրկվում է նման որոշումը վիճարկելու, դրան հակադրվելու իրավական պաշտպանության որևէ միջոցից։
Եզրափակելով՝ Խորհուրդը կարծում է, որ ԱԺ-ում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության աշխատակիցների նկատմամբ կիրառված Կարգի 21-րդ կետի 4-րդ ենթակետը հավատարմագրված լրագրողների գործունեության անհամաչափ կարգավորում է, որն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում։ Խորհուրդը նաև գտնում է, որ լրագրողը և օպերատորը խախտել են ԱԺ պատգամավորի աշխատասենյակի՝ որպես անձնական տարածքի անձեռնմխելիությունը՝ առանց թույլտվության աշխատասենյակի ներսը նկարահանելով և այդ դրվագը հրապարակելով։