Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

90․ ՏՎԽ կարծիք Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի և «Ժողովուրդ» օրաթերթի միջև տեղեկատվական վեճի վերաբերյալ

31.03.2023

Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ մարտի 31, 2023 թ.

Փաստերը

2023 թվականի մարտի 21-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է «Ազգային ժողովում անվտանգության աշխատակիցները կազմպատրաստ սպասում են. լարված իրավիճակ» վերնագրով հոդված։ Հոդվածը բաղկացած էր երկու նախադասությունից։ Առաջին նախադասությամբ նշվել է․ «Ազգային ժողովում թեժ քննարկում է, եւ անվտանգության աշխատակիցները միջանցքում կազմ-պատրաստ սպասում են, եթե դահլիճում բախում լինի, արագ մտնեն դահլիճ և հանդարտեցնեն պատգամավորներին»: Այդ նախադասությանը հաջորդում են երկու լուսանկարներ, որոնցում պատկերված են ԱԺ անվտանգության մոտ ութ աշխատակիցներ, որոնք սպասում էին ԱԺ դահլիճի մուտքի դռան մոտ՝ միջանցքի կողմից։ Լուսանկարներն արվել են օրաթերթի լրագրողի կողմից։ Լուսանկարների սկզբնական տարբերակում անվտանգության աշխատակիցների դեմքերը հստակորեն երևում էին, բայց ավելի ուշ օրաթերթի կողմից նրանց դեմքերը շղարշվել են։ Այդ լուսանկարներից հետո հոդվածն ավարտվում է հետևյալ նախադասությամբ․ «Նշենք, որ Ազգային ժողովում քիչ առաջ թեժ իրավիճակ էր: Վիճաբանում էին ընդդիմադիր և իշխանական պատգամավորները»:

Հոդվածի հրապարակումից հետո Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն ղեկավարը զանգահարել է օրաթերթի գլխավոր խմբագրին ու պահանջել հեռացնել հրապարակված նյութը։ Գլխավոր խմբագիրը հրաժարվել է կատարել այդ պահանջը։ Դրանից հետո օրաթերթի գլխավոր խմբագիրը ստացել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրությունը, որում, հղում կատարելով ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի վրա, նշվել է, որ օրաթերթի խմբագիրը խախտել է ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը՝ ԱԺ շենքում և հարակից տարածքներում գտնվող անձանց համար պարտադիր վարքագծի կանոններ սահմանող ակտերի և նշված կարգի պահանջները, որը դրսևորվել է նրանով, որ խախտվել է ԱԺ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՈ-01-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության» կանոնների 2.8. կետի պահանջը, ըստ որի՝ պահպանվող օբյեկտի տարածքում արգելվում է տեսա կամ լուսանկարահանել պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։ Գրության վերջին պարբերությամբ հեղինակը նշել է հետևյալը․ «նախազգուշացնում ենք, որ Դուք խախտել եք Հավելվածի 22-րդ կետի 4-րդ ենթակետի և Կանոնների 2”8-րդ կետի պահանջները, այն է՝ սույն թվականի մարտի 21-ին Ազգային ժողովում տեսանկարահանել և «Armlur.am» լրատվական կայքում հրապարակել եք պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս»։

2023 թվականի մարտի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը պատասխանել է գրությանը՝ հայտնելով, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը գերազանցել է իր պաշտոնեական դիրքը՝ լրատվամիջոցին ուղարկելով նախազգուշացում, քանի որ «որևէ օրենսդրությամբ» նա իրավունք չուներ նախազգուշացում ուղարկել լրատվամիջոցին։ Նաև նշել է, որ ԱԺ աշխատակազմը՝ ի դեմս լրատվական ծառայության, գրաքննության փորձ է արել՝ պահանջելով հեռացնել նյութը, որը ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքի և ԱԺ-ում հաստատված հավատարմագրման կարգի խախտում է։ Եզրափակելով գրությունը՝ գլխավոր խմբագիրը նշել է, որ որևէ դեպքում չի հեռացնելու հրապարակված նյութը կայքից, սակայն որոշել է լուսանկարներում անվտանգության աշխատակիցների դեմքերը «փակել»՝ «հարգելով նրանց ծառայությունը»։

Գրությանը պատասխանելուց հետո օրաթերը հրապարակել է հերթական հոդվածը, որում խմբագրությունը հորդորել է ԱԺ աշխատակազմին «օրինազանցությամբ եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ աչքի չընկնել եւ չփորձել գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթին»: Հոդվածն ավարտվում է հետևյալ արտահայտությամբ․ «Մենք իրադարձությունները լուսաբանում ենք օբյեկտիվորեն»:

 
Եզրահանգում

ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ազգային ժողովի պաշտոնատար անձանց գործառույթներն ու լիազորությունները սահմանված են Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով, որում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի համար սահմանված չեն լիազորություններ հրապարակված լրատվական նյութը հեռացնելու մասին բանավոր հրահանգներ արձակելու, լրատվամիջոցի գլխավոր խմբագրին լրատվական նյութի կամ հավատարմագրման կարգի խախտման համար գրավոր նկատողություն հայտարարելու մասին։ Հետևաբար, ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր գործողություններով խախտել է օրենքը։

Պաշտոնատար անձի նման վարքագիծը ոչ միայն օրենքի, այլ նաև հանրային ծառայողի վարքագծի խախտում է։ Հանրային ծառայողները պետք է դրսևորեն հարգանք օրենքի գերակայության նկատմամբ, որը բխում է հանրությանը ծառայելու գիտակցման էթիկական սկզբունքից՝ ըստ Հանրային ծառայության մասին օրենքի 23-րդ հոդվածի։ Մինչդեռ, պաշտոնատար անձի նման օրինազանց վարքագիծը վնասում է երկրի օրենսդիր մարմնի բարեվարքության համակարգը և խաթարում է Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահությունը։

ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր անօրինական գործողություններով միջամտել է լրատվամիջոցի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքին։ Մինչդեռ, ժողովրդավարական հասարակությունում լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան անկաշկանդ կերպով տարածել տեղեկատվություն օրենսդիր մարմնի ներսում տեղի ունեցող զարգացումների մասին՝ հատկապես, եթե դրանք ներկայացնում են հանրային հետաքրքրություն։ Տվյալ դեպքում հավատարմագրված լրատվամիջոցը ներկայացրել է ԱԺ նիստերի դահլիճում լարված իրավիճակը և այդ համատեքստում ներկայացրել է, թե ինչ անվտանգության միջոցառումներ էին նախապատրաստվում դահլիճից դուրս։

Քանի դեռ լրատվության արդյունքում անվտանգության աշխատակիցների անձը չի բացահայտվել, կարելի է վստահաբար պնդել, որ տեղեկատվությունը հետապնդել է իրավաչափ նպատակ և իրականացվել է հավասարակշռված կերպով՝ արդարացիորեն փոխհավասարակշռելով տեղեկատվություն ստանալու հանրային շահերը անվտանգության աշխատակիցների անձնական կյանքի հարգման իրավունքի հետ: Այս լույսի ներքո պետք է գնահատել նաև ԱԺ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՈ-01-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության» կանոնների 2.8. կետի պահանջի իրավաչափությունը, ըստ որի ԱԺ տարածքում արգելվում է տեսա կամ լուսանկարահանել պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։ Խորհուրդը գտնում է, որ այս դրույթը լայն ու անորոշ ձևակերպում ունի, քանզի անվտանգության աշխատակիցները մշտապես առկա են ԱԺ ողջ տարածքում մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով, որն է՝ ԱԺ անվտանգության պահպանությունը, որը չի նշանակում, որ յուրաքանչյուր պահի առկա է ԱԺ անվտանգությանը սպառնացող իրավիճակ, որի դեպքում իրավաչափ կլիներ սահմանել տեղեկությունների տարածման առավել խիստ սահմանափակող կարգավորում՝ ելնելով տվյալ պահին ստեղծված իրավիճակից։ Ուստի, կանխավարկածը պետք է աշխատի ոչ թե տեղեկատվության հոսքը սահմանափակելու, այլ՝ ընդլայնելու օգտին, և միայն պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող իրական ու անխուսափելի վտանգի առկայության դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցներ տեղեկատվության հոսքը սահմանափակելու համար։ Այդ պատճառով Խորհուրդը գտնում է, որ Հավելված 1-ով հաստատված «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության» կանոնների 2.8. կետի կարգավորումն իրավաչափ չէ, քանի որ կաշկանդում է ԱԺ լսումների վերաբերյալ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու լրատվամիջոցների ազատությունը՝ անկախ անվտանգության իրական սպառնալիքի առկայությունից։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ Խորհուրդը եզրահանգում է, որ նշված նորմի կիրառությունը «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակման փորձ էր։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան -
 «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան - 
Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - 
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան - 
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան - 
Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան - Փաստաբան 

 

← Վերադառնալ ցուցակին