Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
84. ՏՎԽ կարծիք. Լրատվամիջոցներն ընդդեմ Ադրբեջանի արգեսիայի հետևանքով զոհված անձանց մասին տեղեկատվություն չտրամադրելու իշխանությունների գործելակերպի
13.10.2022
Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ սեպտեմբերի 30, 2022թ.
Գործի հանգամանքները
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում իրականացրին Հայաստանի Հանրապետության տարածքի վրա՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Ըստ ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարության` զոհվածների և անհետ կորածների թիվը հասել է 207-ի, այդ թվում՝ զոհվել է 3 քաղաքացիական անձ, 2-ի գտնվելու վայրն էլ համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող։ Առկա են ապացույցներ ադրբեջանցիների կողմից գերեվարված անձանց, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինները խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու դեպքերի մասին։
Չնայած վերը նշված պաշտոնական հաղորդագրությանը` արդեն տևական ժամանակ է, որ ՀՀ իշխանությունները չեն հրապարակում զոհվածների անունները։ Հասարակությունը չի իրազեկվել նաև երկօրյա պատերազմական գործողությունների արդյունքների մասին, մասնավորապես՝ ինչ տարածքներ են անցել հակառակորդի վերահսկողության տակ և ինչն է հաջողվել պաշտպանել։
Այս հարցերի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներ պաշտոնապես դիմել են իրավասու մարմիններին, սակայն տեղեկատվություն չեն ստացել։ Օրինակ, «Հետք» առցանց պարբերականի համաձայն՝ խմբագրության հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանութան նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ «ներկա պահին ընթանում են անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման, համադրման եւ վերլուծության աշխատանքներ, որի արդյունքներով համապատասխան տեղեկությունների, ինչպես նաեւ իրադրության վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022թ․ սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում հայտարարել է, որ կառավարությունում որոշվել է այսուհետ զոհվածների անունները «ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել», և դա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է»։ Այդուհանդերձ, ներկա պահի դրությամբ այդ հիմնադրամը այդպիսի ցուցակ չի հրապարակել։
Զոհվածների մասին ճշտված տվյալները հանրությանը չտրամադրելը, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքների մասին տեղեկություններ չներկայացնելը հանգեցրել են նկատելի հասարակական լարվածության։ Ըստ էության, ձևավորվել է տեղեկատվական վեճ․ մի կողմից՝ հասարակության և լրատվամիջոցների պահանջն է` տրամադրել հայցվող տեղեկությունները, մյուս կողմից՝ իրավասու պետական մարմինների խուսափելն է դա անել։ Այդ իսկ պատճառով Խորհուրդը որոշեց անդրադառնալ տվյալ խնդրին։
Եզրահանգում
Տեղեկություններ ստանալու իրավունքը Հայաստանում գործում է նաև ռազմական և արտակարգ դրություններում։ Մասնավորապես, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել մի շարք ժամանակավոր սահմանափակումներ, այդ թվում՝ «օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում»։ Ընդ որում՝ սահմանափակումները չեն կարող լինել ավելին, քան միջազգային պայմանագրերով սահմանված ՀՀ պարտավորությունները։ Ավելին՝ սահմանափակումները պետք է ամրագրված լինեն օրենքով, տվյալ դեպքում՝ համապատասխանեն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված շրջանակին։
Թեև վարչապետը և պատկան մարմինները նաև նշում են, որ անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել զոհվածների վերջնական ցուցակը, այս բացատրությունը համոզիչ չէ, քանի որ չեն հրապարակվել նույնիսկ արդեն հուղարկավորված զինծառայողների անունները, որոնց ինքնությունը ճշտվել և հաստատվել է։ Տեղեկատվության այսպիսի բացարձակ սահմանափակումը ոչ միայն հարուցում է հասարակական լարվածություն, կասկած ու անվստահություն զոհերի վերաբերյալ իշխանությունների կողմից հրապարակած թվի առնչությամբ, այլ նաև անհարիր է ժողովրդավարական կառավարման սկզբունքներին։ Հասարակությունն իրավունք ունի ոչ միայն իմանալ զոհվածների անունները, այլ նաև այդ տվյալների միջոցով իրականացնել հանրային վերահսկողություն իշխանությունների նկատմամբ։ Իսկ տեղեկությունների հրապարակումից խուսափելով, կառավարությունը խախտել է հասարակության այդ իրավունքները։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան - «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան - Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան - Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան