Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

82. ՏՎԽ կարծիք. հեռուստալրագրող Նվեր Մնացականյանն ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի և «Հայելի Ակումբ» ՀԿ-ի

29.07.2022

 Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ հուլիսի 29, 2022 թ.

Գործի հանգամանքները

2019 թվականի ապրիլի 17-ին Hayeli.am կայքում տեղադրվել է «Այ Նվեր, չես ամաչում, քեզ ով էլ վճարի, իրեն ես ծառայելու, Գառնիկ Իսագուլյան (video)» վերտառությամբ նյութ։ Այն Գառնիկ Իսաղուլյանի ելույթն է նախօրեին «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Ըստ վերոհիշյալ կայքի տվյալների՝ նյութը դիտվել է 25.963 անգամ։ 10 րոպե 39 վարկյան տևողությամբ այս տեսանյութը «Կապույտ մազերով աղջիկը մեր դրոշը համարում է լաթի կտոր․ Գառնիկ Իսագուլյան» վերնագրմամբ նաև հրապարակվել է 2019 թվականի ապրիլի 16-ին «Հայելի» ակումբի Youtube-յան էջում։ Տեսանյութի 09։00-09։38 հատվածում Գառնիկ Իսաղուլյանը ասել է․

«Ինչ-որ լրագրողներ են հայտնվել անհայտ երկրներից․․․ Նվեր Մնացականյան․․․ հաղորդումը․․․ այ Նվեր, ախր դու գիտես քո անցյալը գոնե մարդիկ գիտեն․․․ չես ամաչում դու․․․ ախր քեզ ով էլ վճարի իրա համար ոնց պետք է ծառայում ես․․․ հիմա լրագրող են դառել, իրանց համար առանձին մի հատ էլ հաղորդում նենց մի երկու րոպեանոց․․․ արա, դու քանի անգամ ես ստորացել էտ մարդկանց առաջ, չոքել ես, որ քեզ կոպեկ տան արա, չես ամաչում, չչոքեիր,․․․ օրինակ ես չեմ չոքել ոչ մեկի առաջ․․․ չեք ամաչում»։ (Մեջբերվում է ըստ սկզբնաղբյուրի ուղղագրության – ՏՎԽ․):

2019 թվականի մայիսի 15-ին Նվեր Մնացականյանը հայցադիմում է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Գառնիկ Իսաղուլյանի և «Հայելի Ակումբ» ժողովրդավարական աջակցության հասարակական կազմակերպության` հրապարակայնորեն ներողություն խնդրելու, լրատվության միջոցով դատարանի վճիռը հրապարակելուն պարտավորեցնելու պահանջներով: Հայցն ընդունվել է վարույթ, հարուցվել է թիվ ԱՎԴ2/0844/02/19 դատական գործը։ 2021 թվականի օգոստոսի 16-ին առաջին ատյանի դատարանը կայացրել է վճիռ, որով մերժել է հայցն այն հիմքով, որ պատասխանողները նպատակ չեն հետապնդել վիրավորել հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։ Դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել իր այդ եզրահանգումը։

Հայցվորը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, բեկանել է վճիռը և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նոր քննության։ Վերաքննիչ ատյանը գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանը սխալ է բաշխել ապացուցման բեռը կողմերի միջև, ինչպես նաև՝ չի պատճառաբանել պատասխանողների՝ հայցվորին վիրավորելու նպատակ չունենալու մասին իր եզրահանգումը։ Ընդ որում՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ պատասխանող Գառնիկ Իսաղուլյանի կողմից հնչեցված արտահայտությունների հրապարակայնությունը և դրանց՝ հայցվորի անձին վերաբերելու փաստերն անվիճելի են:

2022 թվականի փետրվարի 22-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կրկին վարույթ է ընդունվել այս քաղաքացիական գործը, իսկ հունիսի 6-ին դատարանն ապացուցման պարտականությունները բաշխելու որոշում է կայացրել։ Հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 9-ին։

Եզրակացություն

Տեղեկատվական սույն վեճն անհրաժեշտ է դիտարկել երկու տեսանկյունից․ ո՞վ է հայտարարության աղբյուրը (հեղինակը) և ո՞վ է հայտարարության տարածողը (հրապարակողը)։ Տվյալ դեպքում հրապարակային արտահայտությունների հեղինակը Գառնիկ Իսաղուլյանն է, իսկ տարածողը՝ Hayeli.am լրատվական կայքը, որը պատկանում է «Հայելի ակումբ» հասարակական կազմակերպությանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասը ազատում է հրապարակողին պատասխանատվությունից, եթե վիճահարույց կոնտենտը տարածելիս նա գործել է բարեխղճորեն։ Նշված դրույթը սահմանում է հետևյալը․

«Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)»:

Փաստորեն Hayeli.am լրատվական հարթակը բառացիորեն վերարտադրել է վիճահարույց նյութը՝ առանց խմբագրելու կամ այլ կերպ միջամտելու դրա բովանդակությանը։ Հետևաբար, այս կայքն օգտվում է «բարեխիղճ հրապարակող» իրավական պաշտպանության միջոցից և չի կարող ենթարկվել քաղաքացիական պատասխանատվության։ Նշված կանոնից միակ բացառությունն այն դեպքում է, երբ կոնտենտը պարունակում է ատելության խոսք (անհանդուրժողականություն, խտրականություն, ատելություն կամ թշնամանք հրահրող արտահայտություն): Տվյալ դեպքում այդպիսի տարրեր առկա չեն։

Ընդսմին՝ հայցվորի բողոքի իրական հասցեատերը վիճահարույց արտահայտությունների հեղինակն է՝ Գառնիկ Իսաղուլյանը։ Պատասխանելու համար այն հարցին, թե արդյո՞ք նրա վերոհիշյալ խոսքերը պարունակում են վիրավորանք, Խորհուրդը վկայակոչում է «արատավորող» եզրի մեկնաբանությունը դատական նախադեպային իրավունքում, ըստ որի՝ «արատավորող են համարվում այն տեղեկությունները, որոնք կարող են նսեմացնել քաղաքացու ․․․ արժանիքները։ Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է` անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անհատի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է։

Արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների, ընդունակությունների, աշխարհայացքի գիտակցումը» («Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի, քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1963/02/10, էջ 20)։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Գառնիկ Իսաղուլյանի որոշ արտահայտությունները կարող են նսեմացնել հայցվորի անձնական արժանապատվությունը (օրինակ՝ նրան հրապարակավ «արա» բառով դիմելը) և արատավորել նրա մասնագիտական պատիվն ու արժանապատվությունը (երբ պատասխանողը նրան վերագրել է «կոպեկի» համար մարդկանց առաջ «չոքելու», նրանց կողմից «ստորացված լինելու», «ով էլ վճարի, իրա համար ոնց պետք է ծառայում ես» արարքներ), քանի որ, դատելով ընդհանուր համատեքստից, այս ամենը վերագրվել է հայցվորին՝ որպես լրագրողի։ Նույնիսկ, եթե պատասխանողը դատարանում հավաստիացնի, որ նշված արտահայտությունները փաստացի տվյալներ չէին, այլ գնահատող դատողություններ, դրանք պետք է ներկայացված լինեին որոշակի փաստերի ուղեկցությամբ, որոնք կհիմնավորեին հրապարակային գնահատականների օբյեկտիվությունը՝ նույնիսկ դրանց չափազանցված լինելու պարագայում։ Մինչդեռ, առերևույթ իր խոսքում հեղինակը որևէ փաստական հիմքեր չի ներկայացրել։ Այդ հանգամանքն առավել առարկայական է դարձնում հայտարարությունների անպատասխանատու բնույթը, արդյունքում՝ վիրավորելու դիտավորությունը։

Ամփոփելով՝ Խորհուրդը եզրակացնում է, որ խնդրո առարկա հայտարարությունները Նվեր Մնացականյանի՝ որպես անձի և որպես լրագրողի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ են։ Այդ հրապարակային արտահայտությունների հեղինակը Գառնիկ Իսաղուլյանն է, որը ենթակա է քաղաքացիական պատասխանատվության։ «Հայելի ակումբը», որպես Hayeli.am լրատվական հարթակի հիմնադիր, չի կարող ենթարկվել պատասխանատվության, քանի որ բարեխղճորեն վերարտադրել է հնչած ելույթը։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան - «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան - Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան - Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան - Փաստաբան

 

 

← Վերադառնալ ցուցակին