Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

76. ՏՎԽ կարծիք. ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը և նրա ծնողներնն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի

30.11.2021

Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ նոյեմբերի 30, 2021 թ.

Դատական գործերի հանգամանքները

2020 թվականի հունիսի 4-ին ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը և նրա ծնողները՝ Գագիկ Վանեցյանը և Մարգարիտ Ազարյանը, ներկայացրել են հայցադիմում Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (գործ № ԵԴ/16183/02/20)՝ զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման (2 միլիոն դրամ) պահանջներով։ Հայցի առիթը եղել է ՍՊԸ-ին պատկանող «1in.am» կայքում մայիսի 1-ին հրապարակված՝ «Վանեցյանը ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող ընկերությունը հիմնել է Մհեր Սեդրակյանի որդու հետ համատեղ. նոր մանրամասներ» հոդվածը, որտեղ, մասնավորապես, նշվել է․

«…«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, ԶՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել։ Տարիներ առաջ Վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնեսը, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումքը համապատասխան նշանակման վայրեր: Պարզից էլ պարզ է, որ ամեն մարդ չէր կարող այդ ոլորտում գործունեություն ծավալել, և դրանում նաև մեծ ներդրում էր ունեցել թե՛ Մհեր Սեդրակյանը և թե՛ Արթուր Վանեցյանի մայրը, որը նախկինում միշտ պետական աշխատող է եղել ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել» ։

Հեղինակն այնուհետև ներկայացրել է, որ Արթուր Վանեցյանը և գործարար Մհեր Սեդրակյանը հաստատել են մտերիմ հարաբերություններ դեռ այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանը Երևանի Էրեբունի վարչական շրջանի ԱԱԾ պետ էր և հովանավորում էր Մհեր Սեդրակյանին, ով հասարակությանը հայտնի է «Թոխմախի Մհեր» անունով, համարվում է քրեական շրջանակների հետ կապեր ունեցող անձնավորություն և նախկինում եղել է Ազգային ժողովի պատգամավոր։

Դատաքննությունն ընթացքի մեջ է։ Սույն գործով վերջին դատական նիստը կայացել է 2021 թվականի նոյեմբերի 18-ին։

2021 թվականի օգոստոսի 19-ին Արթուր Վանեցյանը, ով արդեն ԱԺ պատգամավոր է և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ևս մեկ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի (գործ № ԵԴ/36336/02/21)՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելու, հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի (2 միլիոն դրամ) փոխհատուցման պահանջներով: Հայցի առիթը հուլիսի 20-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Մելքոնյանի հնչեցրած մտքերն են Արցախյան 44-օրյա պատերազմում Արթուր Վանեցյանի գործունեության մասին: Մասնավորապես՝ ասվել է.
«Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր» ։

Հայցվորի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն գործով ներգրավվել է որպես երրորդ կողմ։ Դատավարությունը շարունակվում է, հերթական դատական նիստը նշանակվել է 2021 թվականի դեկտեմբերի 15-ին։

Եզրահանգում

Տեղեկատվական վեճի առիթ հանդիսացած 1in.am կայքի հոդվածում հեղինակը ներկայացրել է տեղեկություններ, որոնք, եթե հաստատվեն, կարող են հիմք հանդիսանալ պաշտոնեական հանցագործության կասկածանքով քրեական հետապնդում իրականացնելու համար։ Հետևաբար, այդ տեղեկությունները կհամարվեն զրպարտություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի իմաստով, եթե պատասխանող կողմը չապացուցի, որ դրանք համապատասխանել են իրականությանը։

Եթե, այդուհանդերձ, հաստատվի, որ տեղեկությունները զրպարտություն են, պատասխանողը, որպես լրատվամիջոցի հիմնադիր, կարող է ապավինել նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պաշտպանությանը, այսինքն՝ հիմնավորի, որ հրապարակումը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և որ հեղինակը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու տվյալների ճշմարտությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել դրանք (ողջամիտ հրապարակում)։

Հոդվածի բովանդակությունը օբյեկտիվորեն հանրային հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ խոսքը նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի մասին է, ով ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր է, զբաղվում է քաղաքականությամբ և, ըստ լրատվամիջոցի, իրականացնում է նաև ձեռնարկատիրական գործունեություն, իսկ այդպիսի համատեղումը արգելված է օրենքով։ Ըստ այդմ, հարցի մյուս կողմն է, թե արդյո՞ք վկայակոչված փաստերը ներկայացվել են բարեխղճորեն։ Հրապարակման մեջ չի երևում, որ հեղինակը ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու իր բերված փաստերի ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։ Նա չի իրականացրել սեփական քննություն, այլ դրա փոխարեն հղում է կատարել իրեն հասած «տեղեկությունների» վրա, որը բավականաչափ անորոշ է։

Խորհուրդը նշում է, որ լրագրողները պետք է օգտվեն իրական տեղեկատվական աղբյուրներից, քանի որ դրանց պաշտպանության իրավունքը վերաբերում է հենց իրական ու գործնական, այլ ոչ թե ձևական ու պատրանքային դեպքերին ու պայմաններին։ Թեև լրագրողները պարտավոր չեն յուրաքանչյուր տեղեկության համար վկայակոչել աղբյուրներ, քանի որ դա անհարկի կծանրաբեռնի նրանց աշխատանքը՝ հատկապես, եթե նյութը հրատապ բովանդակություն ունի , այդուհանդերձ, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ տեղեկությունների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով միջոցներ ձեռնարկելու պահանջը ինքնաբերաբար չի դադարում գործել, եթե հեղինակը վկայակոչել է որևէ աղբյուր։

Անկախ տեղեկության ճշմարտացի լինելու և համապատասխան հղում կատարելու հանգամանքներից՝ բարեխղճության դրսևորման մասին կարող է վկայել լրագրողի կողմից կատարված քննությունը, որը կերևա բովանդակությունից։ Տվյալ դեպքում, ինչպես ակնհայտ է դառնում հրապարակումից, լրագրողն աշխատանք չի կատարել պարզելու համար տեղեկությունների արժանահավատությունը։ Լրագրողական այնպիսի գործողություններ, ինչպիսիք են մեկնաբանություններ վերցնելը, պաշտոնական բաց աղբյուրներից փաստաթղթեր ձեռք բերելը, վիճակագրական տվյալներ հայթայթելը, փորձագիտական կամ մասնագիտական աղբյուրներից եզրակացություններ ստանալը, հավաքած տվյալների համադրումը և այլն, չեն կիրառվել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ նույնիսկ, եթե պատասխանող լրատվամիջոցին հաջողվի դատական քննության փուլում ապացուցել հրապարակված փաստերի ճշմարտացիությունը, միանշանակ թերի է մնում տվյալները և հանգամանքները հավասարակշռված ու բարեխղճորեն ներկայացնելու պահանջի կատարումը։ Այդուհանդերձ, վերջինը միայն էթիկական բնույթի խնդիր է, քանի որ 1087.1 հոդվածի 3-րդ մասի իմաստից բխում է, որ անձը բոլոր դեպքերում ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ հրապարակային ներկայացրած փաստական տվյալները համապատասխանում են իրականությանը։

Ինչ վերաբերում է երկրորդ տեղեկատվական վեճին, ապա Խորհուրդն այստեղ խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ լրատվամիջոցը, որն ընդամենը տրամադրել է հարթակ, ներգրավվել է դատավարությունում որպես երրորդ կողմ։ Բացի նրանից, որ ԶԼՄ-ն չի կարող որևէ պատասխանատվություն կրել իր հարթակից այլ հեղինակի հնչեցրած արտահայտությունների համար, լրատվամիջոցը չի կարող նաև որևէ գործուն դերակատարում ունենալ այդ դատավարության մեջ։

Խորհուրդը նկատում է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ներգրավվել է որպես երրորդ կողմ հայցվոր Արթուր Վանեցյանի պահանջի հիման վրա։ Լինելով քաղաքական գործիչ՝ նա, ըստ միջազգայնորեն ընդունված նորմերի, պետք է առավել հանդուրժողականություն ցուցաբերեր լրատվամիջոցի նկատմամբ, հատկապես, երբ վերջինս քննադատության հեղինակը չէ և միայն հարթակ է հանդիսացել։ Քաղաքական գործիչները, առավել ևս օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, պետք է հնարավորինս ձեռնպահ մնան լրատվամիջոցների ազատություններին միջամտելուց, այդ թվում նաև նրանց որպես դատավարության երրորդ կողմ մասնակից դարձնելուց, եթե դրա համար չկա իրական անհրաժեշտություն։ Տվյալ դեպքում, դատելով գործի փաստերից, այդպիսի անհրաժեշտությունը բացակայում է։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան - «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան - Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան - Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան - Փաստաբան
 

← Վերադառնալ ցուցակին