Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
27. ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եւ Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ փորձագիտական եզրակացությունը
18.01.2013
ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եւ Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ փորձագիտական եզրակացությունը
Ընդդեմ "Առաջին լրատվական" կայքի՝ "Քաղաքական հանելուկ" վերնագրով հեղինակային բանաստեղծության արտատպման մասին
ՀՀ քաղաքացի Արփի Ոսկանյանի դիմումի վերաբեյալ
2012 թ. դեկտեմբերի 10-ին քաղաքացի Արփի Ոսկանյանը դիմել էր ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին՝ "Առաջին լրատվական" կայքի (www.1in.am) կողմից "Քաղաքական հանելուկ" վերնագրով իր հեղինակային բանաստեղծության արտատպման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։ Մասնավորապես, տիկին Ոսկանյանն իր դիմումում նշել է. "2012 թվականի դեկտեմբերի 6-ին "Առաջին լրատվական" կայքն արտատպել է "Քաղաքական հանելուկ" վերնագրով իմ բանաստեղծությունը "Հայկական ժամանակ" օրաթերթից (http://www.armtimes.com/38523)՝ առանց իմ գիտության, թույլտվության եւ առանց ինձ հետ նախնական պայմանավորվածության՝ վճարման չափի ու եղանակի մասին»։ Դիմումատուի պնդմամբ՝ "Առաջին լրատվականը" իր բանաստեղծությունը հրապարակել է «աղճատված ձեւով՝ առանց վերնագրի եւ կոնկրետ մարդու լուսանկարով, ինչը հակասում է բանաստեղծության հղացքին եւ առաջացնում իմաստային խեղաթյուրում»։ Բացի այդ, կայքը երգի մրցույթ է հայտարարել Արփի Ոսկանյանի վերոնշյալ բանաստեղծության բառերով, խոստանալով 1500 դոլար պարգեւատրում, դարձյալ առանց հեղինակի գիտության, թույլտվության եւ վճարման ձեւի ու եղանակի մասին նախնական պայմանավորվածության (տե՛ս http://www.1in.am/arm/armenia_society_139273.html)։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արփի Ոսկանյանը ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին դիմել էր տվյալ վեճը թե՛ լրագրողական էթիայի եւ թե՛ հեղինակային իրավունքի խախտման տեսանկյուններից դիտարկելու համար, սույն փորձագիտական եզրակացությունը կայացվել է համատեղ՝ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եւ Տեղեկատվական վեճերի խորհրդի կողմից։ Եզրակացությունը կայացվել է 2012 թվականի դեկտեմբերի 27-ին, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եւ Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ նիստում:
Չնայած նրան, որ «Առաջին լրատվական» կայքը չի հանդիսանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության անդամ եւ չի ստորագրել 2007 թվականի մարտի 10-ին ընդունված ԶԼՄ-ների ներկայացուցիչների վարքականոնը, համաձայն իր աշխատակարգի 5.1 հոդվածի՝ "ԴՄ-ն ինքնակարգավորման նախաձեռնության անդամների կողմից կամ սույն աշխատակարգով նախատեսված դեպքերում՝ ոչ անդամների կողմից Վարքականոնի խախտման վերաբերյալ բողոքների քննության հիմքով կայացնում է կարծիք-եզրակացություն"։
ԶԼՄ-ների ներկայացուցիչների վարքականոնի՝ 'Ազնվություն տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում" սկզբունքի 2.4. կետում լրատվամիջոցներին կոչ է արվում. "հարգել հեղինակային իրավունքը, բացառել գրագողությունը, մեջբերումներ եւ արտատպություններ կատարելիս նշել աղբյուրները"։ Սակայն դա սոսկ նվազագույն պահանջ է, որը վերաբերում է լրատվական նյութերին, մինչդեռ այլ տեսակի ստեղծագործությունների հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրը կարող է լրացուցիչ պարտականություններ ենթադրել:
Մասնավորապես, բանաստեղծության նկատմամբ հեղինակային իրավունքը պաշտպանված է "Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին" ՀՀ օրենքով, եւ որպես հեղինակային ստեղծագործություն, դրա օրինական օգտագործման համար միայն աղբյուրին հղում կատարելը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ օգտագործման մասին հեղինակի թույլտվությունը։ Այս առումով, Դիտորդ մարմինը գտնում է, որ "Առաջին լրատվականի" կողմից Արփի Ոսկանյանի բանաստեղծության արտատպումը, չնայած աղբյուրին արված հղմանը, սակայն առանց նախապես նրա համաձայնությունը ստանալու, հակասում է նաեւ լրագրողական էթիկայի կանոններին։
Համաձայն Արփի Ոսկանյանի դիմումի՝ "Առաջին լրատվականում" իր ստեղծագործության հրապարակումից հետո ինքը դիմել է լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին՝ իր բանաստեղծությունը կայքից հանելու, երգի մրցույթը չեղյալ հայտարարելու եւ իր վնասները փոխհատուցելու խնդրանքով։ Ընդսմին, տիկին Ոսկանյանը նշում է. "Խմբագիրը նույնիսկ չի բարեհաճել պատասխանել անձամբ։ Փոխարենը, աշխատակիցները ստորացրել են ինձ՝ հայտարարելով, որ "Հայկական ժամանակ"-ին արված հղումը բավական է, ես իրավունք չունեմ պահանջելու, որ իմ բանաստեղծությունը հանվի կայքից"։
Չնայած «Առաջին լրատվականի» կողմից Արփի Ոսկանյանի բանաստեղծությունն արտատպվել է աղբյուրին հղում կատարելով, սակայն դա արվել է հեղինակային իրավունքի սուբյեկտի՝ ակնհայտորեն արտահայտված կամքին հակառակ, եւ այդ առումով հանդիսանում է լրագրողական էթիկային նորմերի խախտում։
Զուտ իրավական տեսակետից՝ վեճի առարկան հանդիսանում է գրական ստեղծագործություն՝ բանաստեղծություն, ինչն ինքնին, համաձայն "Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին օրենքի" (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի, հեղինակային իրավունքի պաշտպանության օբյեկտ է: Հետեւաբար, բանաստեղծության հեղինակը՝ Արփի Ոսկանյանը, նույն Օրենքի համաձայն, իր ստեղծագործության նկատմամբ ունի մի շարք ոչ գույքային եւ գույքային իրավունքներ: Ոչ գույքային իրավունքների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել ստեղծագործության նկատմամբ հեղինակի մտավոր եւ անձնական կապերը, իսկ գույքային իրավունքների սահմանումը՝ նյութական շահերը։ Ոչ գույքային իրավունքների հիմքով հեղինակն իրավունք ունի, ըստ սույն գործի փաստերի, պաշտպանել ստեղծագործությունն այլ անձանց կողմից հնարավոր աղավաղումներից եւ փոփոխություններից, իսկ գույքային իրավունքների հիմքով՝ արգելել երրորդ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն այնպիսի եղանակներով, ինչպիսիք են վերարտադրումը եւ ստեղծագործության հաղորդումը հանրությանը: Տվյալ դեպքում անառարկելի է, որ խնդրո առարկա ստեղծագործությունն օգտագործվել է երրորդ անձի՝ "Առաջին լրատվական" կայքի (www.1in.am) կողմից։ Վերջինս, առանց հեղինակի թույլտվության, ստեղծագործությունն աղավաղված եւ փոփոխված տարբերակով ամրագրել է համակարգչային կրիչի վրա եւ այն հաղորդել է հանրությանը։ Նման հանգամանքներում լրատվական կայքի գործողություններն անօրինական են, հետեւաբար, հեղինակն իրավունք ունի ոչ գույքային իրավունքի ուժով արգելել ստեղծագործության աղավաղումը, փոփոխումը, իսկ գույքային իրավունքի ուժով՝ օգտագործումը:
Հեղինակային իրավունքը բացարձակ չէ, եւ հանրային շահով պայմանավորված որոշ դեպքերում ստեղծագործությունը կարելի է ազատ օգտագործել՝ առանց հեղինակի համաձայնության եւ հեղինակային վարձատրության: Ստեղծագործությունների նկատմամբ՝ Օրենքն այդպիսի ազատ օգտագործման հնարավորություն է սահմանում, եթե, ըստ տվյալ գործով առկա փաստերի, օգտագործումը չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերին, եւ ստեղծագործությունից քաղվածքների մեջբերումը կատարվում է տեղեկատվական նպատակով կամ լուսաբանման նպատակով, ուսուցողական բնույթի հրատարակություններում։ Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ստեղծագործության հրապարակումը չի կատարվել ուսուցողական նպատակներով: Ինչ վերաբերում է տեղեկատվական նպատակին, ապա նույնիսկ եթե ընդունենք, որ դա այդպես է, այդուհանդերձ, ստեղծագործությունն օգտագործելիս լրատվամիջոցը խախտել է հեղինակի օրինական ոչ գույքային շահերը՝ էապես աղավաղել է բանաստեղծության բովանդակությունը (հրապարակել է առանց վերնագրի եւ աղճատված կերպով), ինչպես նաեւ հայտարարել է երգի մրցույթ բանաստեղծության բառերով՝ առանց հեղինակի գիտության եւ համաձայնության: Միեւնույն ժամանակ, 1500 դոլար պարգեւատրելու առաջարկությամբ երգի մրցույթ հայտարարելու փաստը որոշ հանգամանքների ներքո կարող է բարձրացնել նաեւ հեղինակի նյութական շահերի միջամտության մասին հիմնավոր հարց՝ Օրենքի 23-րդ հոդվածի լույսի ներքո՝ դրանից բխող իրավական բոլոր հետեւանքներով:
Հիմք ընդունելով վերոնշյալը, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը եւ Տեղեկատվական վեճերի խորհուրդը կոչ են անում սույն վեճի կողմերին՝ "Առաջին լրատվական" կայքի խմբագրությանը եւ հեղինակ Արփի Ոսկանյանին, հեղինակային իրավունքի խախտման շուրջ ծագած վեճը լուծել արտադատական կարգով։ Մասնավորապես, ԴՄ-ն ու ՏՎԽ-ն հորդորում են "Առաջին լրատվականին"՝ պատրաստակամ լինել Արփի Ոսկանյանին լսելու եւ վերջինիս ողջամիտ պահանջները բավարարելու հարցում:
Ընդունվել է 2012 թվականի դեկտեմբերի 27-ին