Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

26. ՏՎԽ-ի կարծիքը Տիգրան Տերտերյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊ ընկերության և Մարինե Մարտիրոսյանի դատական հայցի վերաբերյալ

27.12.2012

Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքը

Տիգրան Համլետի Տերտերյանի` ի դեմս օրինական ներկայացուցիչներ Համլետ Տերտերյանի ու Սուսան Նազարյանի «168 ժամ» ՍՊ ընկերության և Մարինե Մարտիրոսյանի դեմ դատական հայցի վերաբերյալ

 

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

«168 ժամ» օրաթերթի 26-27 մայիս 2011թ. թիվ 53 (813) համարում «Տնօրենը ԿԳՆ-ին դատի է տվել» վերտառությամբ հոդվածում (այսուհետ՝ Հոդված) տարածվել է հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն` «ըստ Էջմիածնի բնակիչների` դպրոցի նախկին տնօրենի որդին հրդեհել է դպրոցի փաստաթղթային արխիվը»:
Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանի որդու՝ Տիգրան Համլետի Տերտերյանի օրինական ներկայացուցիչներ Համլետ Տերտերյանն ու Սուսան Նազարյանը ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել են պատասխանողներ «168 ժամ» ՍՊ ընկերությանը և Մարինե Մարտիրոսյանին պարտավորեցնել «168 ժամ» թերթի միջոցով հերքել տեղեկատվությունն առ այն, որ Տիգրան Տերտերյանը հրդեհել է դպրոցի փաստաթղթային արխիվը, ինչպես նաև խնդրել են պատասխանողներից Տիգրան Տերտերյանի օգտին համապարտության կարգով բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության դիմաց փոխհատուցում:
Քննելով ԵԿԴ/1485/02/11 գործը՝ 2012 թվականի ապրիլի 13-ին դատարանը վճռել է հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով:


2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

1. Սույն գործով դատարանի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի թվում չի դիտարկել Տ. Տերտերյանի կողմից դպրոցի փաստաթղթային արխիվը հրդեհելու վերաբերյալ փաստացի տվյալները (statement of fact):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ սահմանադրական դատարանն, իր 2011 թ. նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշման 7-րդ կետում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի ձևակերպմանը, եզրահանգել է, որ զրպարտությանը բնորոշ հատկանիշներն են.

ա) խոսքը վերաբերում է փաստացի տվյալներին,
բ) դրանք չեն համապատասխանում իրականությանը,
գ) ներկայացվել են հրապարակայնորեն,
դ) արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը,
ե) դրանք չեն վերաբերում միայն լրատվամիջոցներով ներկայացված փաստացի տվյալներին:

Վերոգրյալ փաստերի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «Հստակ է, որ խոսքը վերաբերում է փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ ունեն կոնկրետ առարկայական դրսևորում: Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով «զրպարտությունը»` որպես այդպիսին, գոյություն չունի:»:
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 2012 թվականի ապրիլի 27-ի իր որոշմամբ արձանագրել է.

  1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
  2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
  3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
  4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը,արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Ձեռնպահ մնալով Ս. Նազարյանի՝ որպես Էջմիածին քաղաքի թիվ 2 դպրոցի նախկին տնօրենի գործունեության առնչությամբ սույն կարծիքում գնահատականներ տալուց (առավել ևս, որ այդ կապակցությամբ առկա է նաև ԱՐԴ/0051/01/12 քրեական գործը, որի վարույթը դեռևս ավարտված չէ), հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը նշված եզրահանգումները՝ Խորհուրդը գտնում է, որ առանց Հոդվածում ներկայացված փաստացի տվյալների, տվյալ դեպքում՝ Տ. Տերտերյանի կողմից արխիվը հրդեհելու վերաբերյալ տեղեկության իրականության համապատասխանությունը պարզելու՝ հայցային պահանջին օբյեկտիվ իրավական գնահատական տալն իրատեսական չէր: Ուստի, դատարանը պետք է պարզեր, թե արդյո՞ք այդ տվյալներն ունեցել են կոնկրետ առարկայական դրսևորում, թե դրանք վերացական կամ ենթադրական են:

2. Հոդվածի ուսումնասիրությունից դատարանը պարզել է, որ լրագրողն ու ընկերությունը հստակ հղում են կատարել տարածված տեղեկատվության աղբյուրին, հետևաբար` դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասով նախատեսված` պատասխանատվությունից ազատվելու համար էական համարվող վերջին նախապայմանն ապացուցված է:

Դատարանի նման եզրահանգման համար հիմք է եղել վկա Ս. Եղիազարյանի դատարանում տրված ցուցմունքն առ այն, որ իր կինն այդ դպրոցում է աշխատում ու իրեն հայտնել է, որ ասում են, թե դպրոցի արխիվը վառել է նախկին տնօրենի տղան: Այդպիսով, դատարանը գտել է, որ մամուլում հրապարակված նյութը տարածվել է Էջմիածին քաղաքի բնակիչների խոսակցությունների հիման վրա, լրագրողն ու թերթը հրապարակող ընկերությունն իրենք չեն փաստագրել հոդվածում տպագրված տեղեկատվությունը և տպագրված տեղեկությունը եղել է միայն Էջմիածին քաղաքի բնակիչների շարքերում հրապարակային տարածված տեղեկատվության վերարտադրության արդյունք, որտեղ լրագրողն ու ընկերությունն ընդամենը տեղեկատվության փոխանցման միջոց են:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

ՀՀ վճռաբեկ դատարանը, ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով իր որոշմամբ անդրադառնալով «զրպարտություն» հասկացության պարզաբանմանը, արձանագրել է, որ որպես «հրապարակային ելույթ» պետք է դիտարկել անձի կողմից հնչեցրած բանավոր խոսքը, որը նպատակ ունի որոշակի տեղեկատվություն հասու դարձնել անորոշ թվով անձանց և արվում է որոշակի ձևաչափին համապատասխան կազմակերպված միջոցառումների ժամանակ (օրինակ` կոնֆերանսներ, համաժողովներ, հավաքներ, հանրահավաքներ և այլն ):»: Նույն որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերում ամրագրված «տեղեկատվության աղբյուր» եզրույթի և համապատասխան դրույթների վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական և իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվություն։ Տեղեկատվության աղբյուր են հեղինակները և լրատվական գործակալությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ սույն գործով դատարանի այն եզրահանգումը, ըստ որի՝ լրագրողը տարածել է այնպիսի տեղեկություններ, որոնց մասին տեղեկացել է հասարակությունից, ինչը հաստատել է, որ դրա ներկայացուցիչը կամ տեղեկատվության աղբյուրը Էջմիածնի բնակիչներն են, հետևաբար` պատասխանատվությունն այս դեպքում բացակայում է, չի համապատասխանում ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ պարզաբանումներին, ըստ որոնց՝ անձն ազատվում է զրպարտության համար պատասխանատվությունից, եթե դրանով հրապարակված տեղեկատվությունը տեղ է գտել որոշակի ձևաչափին համապատասխան կազմակերպված միջոցառման (օրինակ` նիստեր, կոնֆերանսներ, համաժողովներ, հավաքներ, հանրահավաքներ և այլն) ընթացքում համապատասխան իրավասություններով օժտված անձի ելույթում, պաշտոնական փաստաթղթերում, հեղինակային ստեղծագործություններում: Բացի այդ, տվյալ դեպքում Հոդվածում կատարված՝ «ըստ Էջմիածնի բնակիչների» հղումը խիստ անորոշ է և տեսականորեն այս կերպ զրպարտություն կամ վիրավորանք կարելի է հրապարակել ցանկացած անձի վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Խորհուրդը գալիս է հետևյալ եզրահանգման.

  1.  առանց Հոդվածում ներկայացված փաստացի տվյալների, տվյալ դեպքում՝ Տ. Տերտերյանի կողմից արխիվը հրդեհելու վերաբերյալ տեղեկության իրականության համապատասխանությունը պարզելու՝ հայցային պահանջին օբյեկտիվ իրավական գնահատական տալն իրատեսական չէր: Ուստի, դատարանը պետք է պարզեր, թե արդյո՞ք այդ տվյալներն ունեցել են կոնկրետ առարկայական դրսևորում, թե դրանք վերացական կամ ենթադրական են:
  2. սույն գործով դատարանի այն եզրահանգումը, ըստ որի՝ լրագրողը տարածել է այնպիսի տեղեկություններ, որոնց մասին տեղեկացել է հասարակությունից, ինչը հաստատել է, որ դրա ներկայացուցիչը կամ տեղեկատվության աղբյուրը Էջմիածնի բնակիչներն են, հետևաբար` պատասխանատվություն այս դեպքում բացակայում է, չի համապատասխանում ՀՀ վճռաբեկ դատարանի պարզաբանումներին, ըստ որոնց՝ անձն ազատվում է զրպարտության համար պատասխանատվությունից, եթե դրանով հրապարակված տեղեկատվությունը տեղ է գտել որոշակի ձևաչափին համապատասխան կազմակերպված միջոցառման: Բացի այդ, տվյալ դեպքում Հոդվածում կատարված՝ «ըստ Էջմիածնի բնակիչների» հղումն անորոշ է և տեսականորեն նման «ընթացակարգով» «զրպարտություն» կամ «վիրավորանք» կարելի է հրապարակել ցանկացած անձի վերաբերյալ:


Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Տեղեկատվության ազատության
կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»
ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
 

← Վերադառնալ ցուցակին