Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

25. ՏՎԽ-ի կարծիքը «Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Մ. Հարությունյանի դեմ Գագիկ Աթասյանի հայցի հիման վրա հարուցված դատական գործի վերաբերյալ

05.12.2012

Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքը

"Հրազդան" հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Մնացական Հարությունյանի դեմ Գագիկ Աթասյանի հայցի հիման վրա հարուցված
դատական գործի վերաբերյալ

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

18/01/2012թ.-ին "Առավոտ" օրաթերթում հրապարակվել է Մնացական Հարությունյանի հեղինակած "Բացահայտում. "Տարվա քաղաքացու" իրական դեմքը" վերնագրով հոդված, որով հոդվածագիրը հերքել է Հրազդանի բնակիչ Գագիկ Աթասյանի մի շարք հրապարակային հայտարարություններն, մասնավորապես, որ կինոյի և թատրոնի ճանաչված գործիչ է, իր ուժերով կարողացել է հայթայթել 7 մլն ԱՄՆ դոլար Ղարաբաղի հակամարտության մասին ֆիլմ նկարահանելու համար, որ ֆիլմի սցենարը պատրաստ է և դերասանների ընտրությունը կատարված, և որ այդ մասին տեղյակ են կառավարության մի շարք մարմիններ և խոստացել են աջակցել այդ ծրագրի իրագործմանը: 2011 թվականի ընթացքում շատ լրատվամիջոցներ՝ տպագիր մամուլը և առցանց բազմաթիվ լրատվամիջոցներ, դրական լույսի ներքո լայնորեն անդրադարձել էին Գագիկ Աթասյանի հրապարակային հայտարարություններին և դրանք, ընդհանուր առմամբ, ողջունել: Մնացական Հարությունյանն իր հոդվածով, փաստորեն, հերքել է բոլոր այդ հայտարարությունները և հրապարակայնորեն մեղադրել Գագիկ Աթասյանին ստախոսության և հանրությանը մոլորության մեջ գցելու մեջ:

"Առավոտ" օրաթերթի հրապարակումից հետո 2012 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում "Հրապարա"¦, "168 Ժամ", "Հետք" և "Միտք" օրաթերթերի ինտերնետ կայքերը հանդես են եկել նշված անձի հայտարարությունների հերքումով՝ իրենց էջերում հրապարակելով պատասխանողի հոդվածը՝ որոշակի մեկնաբանություններով:

29/05/2012թ.-ին Գագիկ Աթասյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ Մնացական Հարությունյանի՝ հայտնելով, որ նշված հոդվածով պատասխանողը տարածել է իր անձը արատավորող վիրավորական և զրպարտող բնույթի հայտարարություններ և խնդրել է պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և վճարել 3 մլն դրամ փոխհատուցում՝ վիրավորանքի և զրպարտության դիմաց:

Հայցվորը հայցապահանջում նշել է, որ վիրավորական է համարում իր հասցեին ասված "շանտաժիստ, գործ տվող, գործ սարքող անձնավորություն", "քրեական հանցագործ", "պադոնոկ", "անպատկառ", "լիրբ", "ավանտյուրիստ" և "ստախոս" արտահայտությունները, իսկ որպես զրպարտություն է համարել պատասխանողի պնդումները, թե իբր հայցվորը ստել է ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ նախագահի անձնակազմին և ողջ հանրությանն այն մասին, որ պատրաստվում է նկարահանել 7 մլն դոլար բյուջեով ֆիլմ Ղարաբաղի հակամարտության մասին, որ ինքը ունի լուրջ ձեռքբերումներ թատրոյի, կինոյի և մշակույթի բնագավառներում, որ ինքը մասնակցել է Ղարաբաղի պատերազմին, և այլն:

Ներկայումս դատաքննությունը շարունակվում է առաջին ատյանի դատարանում: Դատաքննության ընթացքում պատասխանողը ներկայացրել է հակընդեմ հայց՝ հայցվորի կողմից "Առավոտ" օրաթերթի կայքում կատարած "Մնացական Հարությունյանն իմ հետ ունի անձնական խնդիր, և իրավախախտումները քողարկելու համար անցել է այլ տարբերակի" և "Գ. Աթասյանը նաև ակնարկեց, որ տեսնում է միտումներ դատաքննությունն այլ ընթացքով տանելու" մեկնաբանությունների համար՝ համարելով դրանք զրպարտող բնույթի հայտարարություններ և պահանջելով ի հօգուտ Մ. Հարությունյանի բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ և փոխհատուցել պետական տուրքի վճարած գումարը:

 

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Դատելով 2011-2012թթ..-ի ընթացքում տարբեր տեսակի լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության ծավալից, սփռվածության աստիճանից, բովանդակությունից, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներից, որոնք ընդգրկել էին մեծ թվով քաղաքացիներ, Գագիկ Աթասյանի՝ 2011-2012թթ..-ի ընթացքում լրատվամիջոցներին տված հարցազրույցները առաջացրել էին հասարակական մեծ հետաքրքրություն: Իր հարզազրույցներում հայցվորը շոշափել է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներ՝ Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ իր կողմից պատրաստվող գեղարվեստական ֆիլմ, պետական մարմինների կողմից աջակցության մերժում, ադրբեջանական աղբյուրներից ստացվող սպառնալիքներ իր անձի նկատմամբ, ֆիլմում աշխարհահռչակ դերասանների ներգրավվածություն, և այլն: Շատ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հնչում էին քննադատություններ պետական մարմինների, մասնավորապես, Մշակույթի նախարարության հասցեին ֆիլմի ֆինանսավորմանը չաջակցելու համար: Ընդհանուր առմամբ, իր գործողություններով Գագիկ Աթասյանը ձգտել է հանրայնացնել իր ծրագրերը և գաղափարները՝ այդպիսով հանրային ուշադրություն գրավելով իր սեփական անձի և գործողությունների վրա: Այսպիսով, հայցվորն ինքն է նպաստել, որպեսզի իր անձը հայտնվի հանրության համակ ուշադրության կենտրոնում և, հետևաբար, պետք է ակնկալի նաև իր անձի և գործողությունների նկատմամբ քննադատության լայն շրջանակներ՝ ավելի լայն, քան սովորական քաղաքացու դեպքում, ով չի ձգտում հանրային ուշադրութան առարկա դարձնել իր սեփական մտքերն ու ծրագրերը: Այս հանգամանքով է պայմանավորված նաև անձնական կյանքի պաշտպանվածության շրջանակները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, հայցվորի նկատմամբ թույլատրելի քննադատության շրջանակները տվյալ դեպքում լայն են և այս լույսի ներքո է Խորհուրդը ստորև գնահատում  վեճի առարկա հրապարակային հայտարարությունները:

Հոդվածագիրը հոդվածի մի զգալի հատվածում (պայմանականորեն անվանենք դա որպես հոդվածի առաջին մաս) հավաքական կերպով ներկայացրել է լրատվամիջոցների կողմից հայցվորի մասին տարածած տեղեկատվության ողջ ծավալը: Իր հերթին, լրատվամիջոցներն այդ տեղեկատվությունը ստացել են հայցվորից՝ վերջինիս հարցազրույցների և ասուլիսների ընթացքում: Թեև լրագրողը հոդվածում չի վկայակոչել աղբյուրները, սակայն դրանք լայնորեն հայտնի և հանրորեն մատչելի աղբյուրներ են և, հետևաբար, անհրաժեշտություն չկար դրանք շարունակ վկայակոչել հոդվածում: Այսպիսով, հոդվածի առաջին մասը լրատվական աղբյուրներից հավաքագրած և մշակած տեղեկությունների ամփոփ վերարտադրում էր և, այս իմաստով, լրագրողն օգտվում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի պաշտպանությունից: Այն հանգամանքը, որ հոդվածի այս մասում առկա են երգիծանքի որոշ տարրեր, միանգամայն տեղավորվում է լրագրողական ազատության շրջանակներում:

Հոդվածի երկրորդ մասում հոդվածագիրը կատարել է հարցադրումներ և այնուհետև արտահայտել կասկածներ հայցվորի կողմից հանրությանը տրամադրված տեղեկությունների իրականությանը համապատասխանելու վերաբերյալ: Հոդվածագրի համար և՛ հարցադրումների, և՛ կասկածների համար հիմք են եղել լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները, որոնք նա համադրել է մի կողմից իր սեփական հետաքննության արդյունքում ստացված փաստերի հետ, մյուս կողմից՝ այն փաստերի հետ, որոնք հանրորեն հայտնի են այն համայնքում, որտեղ բնակվում են հայցվորը և պատասխանողը (Հրազդան քաղաքը): Առաջինի դեպքում հոդվածագիրը պատշաճ կերպով նշել է իր աղբյուրները (օրինակ՝ Հրազդանի զինկոմի գրավոր և բանավոր պատասխանները, որով հերքվել է Ղարաբաղի հակամարտությանը մասնակցած լինելու հայցվորի հրապարակային հայտարարությունները), իսկ երկրորդը՝ համայնքում հանրահայտ հանգամանքներ են, որոնք ապացուցման ենթակա չեն (օրինակ, որ հայցվորը Հրազդան քաղաքում ձայներիզների կրպակավար է, որ զբաղվում է նաև տպիչների լիցքավորումով, այլ ոչ թե կինոարտադրությամբ, և այլն) և որոնք հայցվորը չի վիճարկում իր հայցով: Հետևաբար, հոդվածի այս մասը ներկայացված է լրագրողական բարեխղճության կանոնների պահպանմամբ:

Հոդվածի երրորդ մասում (հետգրության հատվածում) հոդվածագիրը, ամփոփելով նյութը, սուր արտահայտություններով, գնահատողական դատողությունների միջոցով քննադատության է ենթարկել հայցվորին՝ նրան հրապարակայնորեն մեղադրելով ստախոսության ու հանրությանը տևական ժամանակ մոլորության մեջ գցելու մեջ: Ի դեպ, հայցապահանջի առարկան հիմնականում հիմնված է հենց այս հատվածում կատարված հրապարակային արտահայտությունների հիման վրա: Խորհուրդը հարկ է համարում հոդվածի այս հատվածը գնահատել ավելի լայն շրջանակների ներքո՝ հոդվածի և դրա շուրջ ծավալված ողջ իրադարձությունների համատեքստում, որը տվյալ դեպքում հոդվածին նախորդող ժամանակահատվածում (մոտ կես տարի) հայցվորի բազմաթիվ հրապարակային ելույթներն էին ու դրանց արդյունքում հասարակական տարբեր միջավայրերում՝ սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում ու քաղաքացիական հասարակության տարբեր հարթակներում ծավալված հասարակական լայն քննարկումների ալիքը, որտեղից հանրության տարբեր շերտեր ողջունում էին հայցվորի նախաձեռնությունները և հայտնում իրենց աջակցությունը: Նման զարգացումների ֆոնի վրա հայցվորը որևէ փաստ կամ հիմնավորում չի ներկայացրել հանրությանն իր կողմից ներկայացված ծրագրերի, տեղեկությունների իրականությանը համապատասխանելու վերաբերյալ՝ թեև այդ առումով կար հասարակական պահանջ: Իրադարձությունների նման համատեքստում հոդվածից հնչեցված սուր քննադատությունը բխում էր հայցվորի դրսևորած վարքից, իսկ դա մի հանգամանք է, որը գտնվում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի պաշտպանության տակ, ըստ որի՝ փաստի մասին հայտարարությունը չի համարվում զրպարտություն, եթե այն բխում է անձի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից: Ինչպես վերևում նշվեց, օգտագործելով հանրային հարթակն իր գաղափարները և մտքերը հաղորդելու նպատակով, հայցվորը պետք է գիտակցեր, որ դրանով իր անձը, իր սեփական մտքերը, գաղափարները և գործողությունները դնում է հասարակության համակ ուշադրության ՝ այդ թվում նաև հնարավոր քննադատության ներքո: Հոդվածի վերջում հնչեցված հրապարակային մեղադրանքները, այդ թվում նաև՝ հոդվածն իր ամբողջության մեջ, հաշվի առնելով հայցվորի հրապարակային հայտարարությունների և գործողությունների միջև անհապատասխանությունը, Խորհուրդը գտնում է, որ հոդվածում հնչեցված փաստի մասին հայտարարությունները և գնահատողական դատողությունները կատարվել են բավարար փաստական հիմքերի հիման վրա, դրանք պայմանավորված էին հայցվորի վարքագծով: Հետևաբար, հոդվածագիրը գործել է բարեխղճորեն ու մասնագիտական պահանջների շրջանակներում:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Տեղեկատվության ազատության
կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»
ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

 

← Վերադառնալ ցուցակին