Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

22. ՏՎԽ-ի կարծիքը "Ժողովուրդ" օրաթերթի դեմ Գեղարքունիքի մարզպետի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ

26.10.2012

Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը

«Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ի դեմ (հիմնադիր թերթի խմբագրություն) ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզպետ Նվեր Պողոսյանի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

07.10.2011թ. օրաթերթի թիվ 171 համարում հրապարակվել է «Մարզպետը կաշառք է վերցրել» վերնագրով հոդված, որի վիճահարույց հատվածը նշում է հետևյալը.

«Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3 հազար ԱՄՆ դոլար գումար է վերցրել՝ մարզի Թթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչի՝ մրցույթում «հաղթանակ» պարգևելու համար»,- այս մասին «Ժողովուրդ»-ին ասաց մրցույթի մյուս մասնակից Աննա Թորոսյանը: Այն, որ սահմանամերձ Ճամբարակի շրջանն ամենաաղքատ բնակավայրերից է, բոլորին է հայտնի, բայց պարզվում է, որ մեր երկրում կան պաշտոնյաներ, այս դեպքում բարգավաճ Հայաստան կառուցող, որոնց չի հետաքրքրում, թե մարդիկ որտեղից գումար կգտնեն՝ կաշառք տալու համար: Գլխավորը՝ գումարը մտնի իրենց գրպանը: Փոխանակ այնպիսի պայմաններ ստեղծեն, որ ուսուցչի պակաս ունեցող գյուղերում մարդիկ սիրով աշխատեն, դեռ մի բան էլ կաշառք են պահանջում: Երբ այս մասին «Ժողովուրդ» թերթը հարց է տվել ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանին, վերջինս ասաց, թե նման բան չի կարող պատահել, իսկ եթե եղել է, թող մեղավորը պատժվի: Ստացվում է, որ ԲՀԿ-ն իր մարզպետի գործողությունների համար պատասխանատու չէ...»:

Դիմելով դատարան՝ հայցվորը հայտնել է, որ հոդվածը պարունակում է զրպարտող բնույթի փաստացի հրապարակային հայտարարություններ: Որպես իրավական պաշտպանության միջոց հայցվորը պահանջել է տպագրել հերքում, պատասխանող լրատվամիջոցից բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության փոխհատուցման գումար և 500.000 ՀՀ դրամ որպես դատական ծախս՝ փաստաբանների վարձատրության համար վճարման ենթակա գումար, ինչպես նաև՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Պատասխանողը դատաքննության ընթացքում նշել է, որ հոդվածը հեղինակի՝ ուսուցչուհի Աննա Թորոսյանի հայտարարությունների բարեխիղճ վերարտադրությունն է, որ լրագրողն իրականացրել է իր մասնագիտական գործունեությունը և հարցազրույցը հրապարակելիս բառացիորեն վերարտադրել է ինչպես մարզպետ Նվեր Պողոսյանին կաշառք վերցնելու մեջ մեղադրող Աննա Թորոսյանի, այնպես էլ մարզպետի խոսքերը: Նման հանգամանքներում լրատվամիջոցը չի կարող պատասխանատվություն կրել բացահայտված աղբյուրից ստացված տեղեկատվության վերարտադրման համար:

Աննա Թորոսյանը դատաքննության ընթացքում հաստատել է, որ ինքն է լրատվամիջոցի կողմից տարածված հայտարարությունների հեղինակը: Դատարանում լսվել է նրա հայտարարության ձայնագրությունը։ Այնուհետև նշել է, որ ինքն օրաթերթին հերքման պահանջ է ներկայացրել և վերջինս տպագրել է հերքում՝ համապատասխան մեկնաբանություններով:

Ըստ գործի նյութերի, «Ժողովուրդ» թերթում Աննա Թորոսյանի հրապարակային հայտարարությունների հիման վրա Ճամբարակի ոստիկանությունում իրականացվել է հետաքննություն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով (սուտ մատնություն), որի շրջանակներում հարցաքննվել է Աննա Թորոսյանը: Սակայն, հաշվի առնելով, որ տպագրված հոդվածում տրված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ Աննա Սուրենի Թորոսյանը հրաժարվել է ոստիկանության բաժնում հանցագործության մասին գրավոր հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ իր տեղեկությունները բավարար հիմքեր չունեն, գտել է, որ նրա արարքում բացակայում է սուտ մատնության հիմքով հանցակազմ և որոշել է մերժել քրեական գործի հարուցումը Գեղարքունիքի մարզի մարզպետ Նվեր Պողոսյանի վերաբերյալ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Աննա Սուրենի Թորոսյանի վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերը շարադրված փաստերի հիման վրա Գեղարքունիկի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է հետևյալը.

  • օրաթերթի կողմից ներկայացված տեղեկությունները կրել են փաստացի բնույթ,
  • փաստի ապացուցման ծանրությունը կրում է լրատվամիջոցը,
  • հոդվածը հրապարակելուց առաջ լրատվամիջոցը չի ձեռնարկել արդյունավետ միջոցներ տեղեկատվության իսկությունը և իրականությանը համապատասխանելը ստուգելու ուղղությամբ,
  • հետևաբար, լրատվամիջոցը պատասխանատու է տարածված տեղեկությունների համար:

Փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առել, որ հայցվորի կողմից պահանջված չափով դրամական միջոցների բռնագանձումը կարող է խոչընդոտել օրաթերթի բնականոն աշխատանքը և վտանգել օրաթերթի հրատարակումը` արհեստականորեն սահմանափակելով լրատվության տարածումը, և այդ հիմքով 2 մլն դրամի չափով պահանջը նվազեցրել է մինչև 100,000 դրամ, իսկ փաստաբանի վարձատրության դիմաց պահանջվող 500,000 դրամի պահանջը՝ նույնպես 100,000 դրամ: Միաժամանակ դատարանը գտել է, որ փոխհատուցման չափը սահմանելիս առաջնորդվել է, ի թիվս այլ հանգամանքների, հայցվորի՝ որպես իշխանության ներկայացուցիչ հասարակական դիրքով:

Վերաքննիչ դատարանը պատասխանողի բողոքը մերժել է՝ ամբողջությամբ ուժի մեջ թողելնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

2. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Խորհուրդը գտնում է, որ սույն գործի հանգամանքների ներքո օրաթերթը տեղեկատվության բարեխիղճ վերարտադրող է և, հետևաբար, պետք է օգտվեր «fair comment» (բարեխիղճ հրապարակում) պաշտպանությունից, որն ամրագրված է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի և 5-րդ հոդվածի մասի 2-րդ կետի դրույթներով: Ըստ առաջինի, օրաթերթը բառացիորեն վերարտադրել է տեղեկատվության աղբյուրի՝ ուսուցիչ Աննա Թորոսյանի հետ հարցազրույցի տեքստը: Սա հաստատվել է նաև վերջինիս կողմից դատարանում որպես վկա տված ցուցմունքով: Աննա Թորոսյանը ֆիզիկական անձ է, ով տեղեկատվության «հեղինակն» է՝ ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի : Հետևաբար, նշված անձը տեղեկատվության պատշաճ աղբյուր է : 

Նույն նախադեպով սահմանված է նաև, որ տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ ներկայացնելու օրենսդրի պահանջը նպատակ է հետապնդում ապահովել բացահայտված աղբյուրում տեղ գտած տեղեկատվության բառացի շարադրանքը կամ հրապարակել այն այնպես, որ չփոխվի ինչպես ամբողջական իմաստը, այնպես էլ կոնկրետ փաստերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը։ Ինչպես արդեն նշվեց, Աննա Թորոսյանը հաստատել է դատարանում, որ լրագրողը բառացիորեն է ներկայացրել իր հայտարարությունը: Ավելին, դատական քննության ընթացքում կողմերը լսել են նաև լրագրողի կողմից վերցված հարցազրույցի ձայնագրությունը, և այդ առումով որևէ առարկություն չի արվել:

Խորհուրդը նաև նկատում է, որ հոդվածը հրապարակելիս լրագրողը միջոցներ է ձեռնարկել իր անձը տեղեկատվության հեղինակից բավարար չափով տարանջատելու համար, որպեսզի յուրաքանչյուր օբյեկտիվ ընթերցողի մոտ կասկած չմնա, որ վիճահարույց հայտարարությունների հեղինակը լրագրողը չէ: Նշված հանգամանքները Խորհրդի համար համոզիչ են եզրահանգելու համար, որ օրաթերթը բարեխղճորեն վերարտադրել է պատշաճ աղբյուրից ստացված տեղեկատվությունը՝ 1087.1 հոդվածի 6-րդ մասի ներքո:

Ինչ վերաբերում է fair comment պաշտպանությանը, ապա նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի ներքո, ապա այս առումով Խորհուրդը նկատում է,

  1. որ հանրային պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները կատարելու վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, հատկապես, եթե դա վերաբերում է կոռուպցիայի հնարավոր դրսևորմանը, որը մի երևույթ է, որը լայնորեն տարածված է Հայաստանի Հանրապետությունում և որը հասարակական սուր մտահոգության առարկա է, բխում է հանրային գերակա շահից և լրատվամիջոցները ոչ միայն կարող են, այլ նաև պարտավոր են հանրությանը տրամադրել նման տեղեկատվություն:
  2. Ըստ նույն հոդվածի երկրորդ դրույթի, տվյալ դեպքում օրաթերթը ողջամտության սահմաններում ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացրել է այդ տվյալները: Մասնավորապես, օրաթերթը ոչ միայն ներկայացրել է Աննա Թորոսյանի տեսակետը, այլ նաև կապ է հաստատել մարզպետի և մարզպետարանի լրատվական բաժնի ղեկավարի հետ և նրանցից ստացել անհրաժեշտ մեկնաբանություններ, որոնք բառացիորեն, պատշաճ վկայակոչումով ներկայացրել է հոդվածում:

Նման հանգամանքներում Խորհուրդը գտնում է, որ լրատվամիջոցը ողջամտության սահմաններում ձեռնարկել է բոլոր միջոցները տեղեկատվության իսկությունը և իրականությանը համապատասխանելը ստուգելու ուղղությամբ:

Այն փաստը, որ տեղեկատվության հեղինակը՝ Աննա Թորոսյանը, հոդվածի հրապարակումից մի որոշ ժամանակ անց հերքել է իր իսկ կատարած հայտարարությունների ճշմարտացիությունը, էական նշանակություն չունի, քանի որ լրագրողի կողմից ստացված տեղեկատվությունը ստուգելու պահանջը պետք է գնահատել այդ տեղեկությունը ստանալու պահին` տիրող իրավիճակի լույսի ներքո, այլ ոչ թե հետին հայացքով: Տվյալ դեպքում հարցազրույց վերցնելու պահին լրագրողը որևէ հիմք չուներ կասկածելու տեղեկատվության հեղինակի՝ որպես աղբյուրի, հուսալիության վրա: Բացի այդ, նույնիսկ այդ դեպքում լրագրողը ճիգեր է գործադրել ստացված տեղեկությունն այլ աղբյուրի հետ՝ մարզպետի և մարզպետարանի լրատվական բաժնի հետ ստուգելու համար:

Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այն կապակցությամբ, որ ո՛չ առաջին ատյանի դատարանը, և ո՛չ էլ վերաքննիչ դատարանը վերը նշվածը դատական ստուգման առարկա չեն դարձրել: Դատարաններն ընդհանրապես չեն անդրադարձել fair comment (բարեխիղճ հրապարակում) պաշտպանությանը, այլ միայն բավարարվել են վերացական կերպով եզրահանգելով, որ քանի որ հետագայում պարզվել է, որ տարածված տեղեկատվությունը կեղծ է, լրատվամիջոցը ինքնաբերաբար կրում է պատասխանատվություն: Մինչդեռ fair comment պաշտպանությունը թույլ է տալիս լրագրողին նույնիսկ սխալվել, եթե նա գործել է բարեխղճությամբ՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն տարածելիս: Նշված երկու հանգամանքները դատական ստուգման առարկա չեն դարձել դատարանների կողմից:

Ինչ վերաբերում է պահանջված փոխհատուցման վերաբերյալ դատարանի դիրքորոշմանը, ապա այս առումով Խորհուրդը գնահատում է այն հանգամանքը, որ դատարանն էականորեն նվազեցրել է գույքային պահանջի չափը և դա պայմանավորել է լրատվամիջոցի գործունեության անվտանգությամբ:

Այդուհանդերձ, Խորհուրդը նաև իր մտահոգությունն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ փոխհատուցման չափը նշանակելիս դատարանը հաշվի է առել, ի թիվս այլ հանգամանքների, հայցվորի «որպես գործադիր իշխանության ներկայացուցչի հասարակական դիրքը»: Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-997 հայտնի որոշման մեջ նշել է, որ «հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կամ քաղաքական գործիչների պարագայում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հրապարակումներն օգտվում են առավելագույն պաշտպանությունից` հայցվորի նման կարգավիճակը չի կարող մեկնաբանվել ի վնաս պատասխանողի` փոխհատուցման չափը որոշելիս»:

3. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

1. Լրատվական նյութը վերաբերում է հասարակական սուր մտահոգության երևույթին՝ պաշտոնատար անձի կողմից կոռուպցիայի ենթադրաբար դրսևորմանը: Որպես այդպիսին, լրագրողը և լրատվամիջոցը գտնվում են ազատ արտահայտվելու իրավունքի հատուկ պաշտպանության տակ, եթե գործել են բարեխղճորեն՝ լրագրողական էթիկայի նորմերի համաձայն:

2. «Ժողովուրդ» օրաթերթը վիճահարույց հոդվածը հրապարակելիս օգտվել է պատշաճ տեղեկատվական աղբյուրից և ողջամտության սահմաններում ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգելու նպատակով, իսկ տեղեկատվությունը մատուցել է հավասարակշռված և բարեխիղճ եղանակով:

3. Դատական ստուգումը իրականացնելիս դատարանները հաշվի չեն առել լրագրողական ազատության այնպիսի կարևոր սկզբունք, ինչպիսին է բարեխիղճ հրապարակման պաշտպանությունը, որի արդյունքում դատական ստուգումը իրականացվել է թերի կերպով:

4. Փոխհատուցման չափը և անհրաժեշտությունը սահմանելիս դատարանները չէին կարող առաջնորդվել հայցվորի՝ որպես իշխանության ներկայացուցչի հասարակական դիրքով: Նման մոտեցումը հակաժողովրդավարական է:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ


Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Տեղեկատվության ազատության
կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

← Վերադառնալ ցուցակին