Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
20. ՏՎԽ-ի կարծիքը "Հրապարակ" օրաթերթի դեմ Մարգարիտա Աղվանի Խաչատրյանի դատական հայցի վերաբերյալ
15.10.2012
Հոկտեմբերի 15-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Հրապարակ" օրաթերթի դեմ Մարգարիտա Աղվանի Խաչատրյանի դատական հայցի վերաբերյալ իր եզրակացությունը:
Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը
«Հրապարակ» օրաթերթի դեմ Մարգարիտա Աղվանի Խաչատրյանի դատական հայցի վերաբերյալ
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
2011թվականի ապրիլի 21-ին «Հրապարակ» օրաթերթի 73/684/ համարում հրապարակվել է հետևյալ բովանդակությամբ «Ծեծկռտո՞ւք է եղել» հոդվածը (այսուհետ՝ Հոդված).
««Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ հայտնի Մարոզը, պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասերում: Նա աչքի է ընկնում իր կոպիտ վարքագծով. զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից: Մեր տեղեկություններով, վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի եւ հրամանատարական կազմի միջեւ, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի: Սակայն տիկին Մարգարիտան հերքեց դա. «Տենց բան չկա, բալես, ինձ գլխի վրա են ընդունել: Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ, ու հլը չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի՝ քամին գա քեզի: Ես քսան հատ մեդալ եմ ստացել, եթե ինձ քաշքշեին, ես մեդալակիր չէի ըլնի»:
2011 թվականի ապրիլի 26-ին Մարգարիտա Աղվանի Խաչատրյանը (այսուհետ՝ Հայցվոր) դիմել է դատարան ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի (այսուհետ՝ Պատասխանող)՝ խնդրելով Պատասխանողից պահանջել վերոգրյալ հոդվածի հերքման նպատակով «Հերքում» խորանի ներքո «Հրապարակ» օրաթերթի հերթական համարներից մեկի առաջին էջում տպագրել հերքում: Բացի այդ, Հայցվորը պահանջել է պատասխանողից փոխհատուցել իրեն պատճառված բարոյական վնասը` 2.000.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հայցի համար վճարված պետական տուրքերի գումարը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի հուլիսի 30-ին քննելով ԵԿԴ 0807/02/11 քաղաքացիական գործը` կայացրել է գործով վճիռ՝ մերժելով հայցը:
2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Ըստ պատասխանող լրատվամիջոցի՝ վիճելի հոդվածում Պատասխանողը տպագրել է Հայցվորի պատասխանը և/կամ հերքումը՝ նշելով. «Սակայն տիկին Խաչատրյանը հերքեց դա. «Տենց բան չկա բալես, ինձ գլխի վրա են ընդունել։ Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ ու հլը չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի քամին գա քեզի։ Ես քսան հատ մեդալ եմ ստացել, եթե ինձ քաշքշեին ես մեդալակիր չէի ըլնի»։ Ըստ Պատասխանողի՝ Հոդվածում նման բովանդակության տեքստի առկայությունը արդեն իսկ հանդիսանում է հերքման կամ պատասխանի հրապարակում, ուստի հայցվորը չի կարող օգտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պաշտպանության միջոցներից:
Դատարանը գտել է, որ լրագրողը գործել է բարեխղճորեն, մասնավորապես լսելով և նույն հոդվածում հրապարակելով շահագրգիռ անձի դիրքորոշումը հրապարակվող տեղեկությունների վերաբերյալ՝ ըստ էության հերքել է հոդվածի առաջին մասում ներկայացված տեղեկությունները։
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն՝ հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության համաձայն՝ հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո և տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հետևաբար, կարելի է եզրահանգել, որ հերքումը դա մի գործընթաց է, որը սկսվում է համապատասխան տեղեկատվությունը հրապարակելուց (տարածվելուց) հետո և իրականացվում է օրենքով նախատեսված ձևով: Մինչդեռ տվյալ դեպքում Պատասխանող լրատվամիջոցը վիճարկվող հոդվածում պարզապես հրապարակել է իր կողմից տարածված տեղեկատվության վերաբերյալ Հայցվորի մերժողական դիրքորոշումը, ինչը ֆորմալ առումով չի կարող համարվել պատշաճ հերքում, քանի որ այն հրապարակվել է տարածված տեղեկատվության հետ միաժամանակ և չի համապատասխանում օրենքով նախատեսված ձևին: Բացի այդ, Խորհուրդը գտնում է, որ որևէ անձի վերաբերյալ տեղեկատվության և միաժամանակ նույն անձի մերժողական դիրքորոշման (կարծիքի) հրապարակումը (տարածումը) չի կարող լրատվական գործունեություն իրականացնողին ազատել օրենքով նախատեսված կարգով՝ պատշաճ հերքում հրապարակելու պարտականությունից:
Դատարան ներկայացրած իր իրավական դիրքորոշումներում պատասխանող լրատվամիջոցը կարծիք է հայտնել, որ՝ «Հերքման պահանջ ներկայացնելը հանդիսանում է պարտադիր արտադատական կարգ, որը պետք է պահպանի տեղեկատվության հերքում պահանջող անձը մինչև դատարան ղիմելը։ Անձը չի կարող շրջանցել այդ կարգը և միանգամից դիմել դատարան` հերքման պահանջով։»: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը։ Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։ Ուստի, լրատվական գործունեություն իրականացնողից հերքում պահանջելը ոչ թե անձի պարտականությունն է, այլ իրավունքը, որին անդրադարձել է նաև դատարանը՝ գտնելով, որ արտադատարանական կարգով խախտված իրավունքի վերականգնման համար զանգվածային լրատվամիջոցին դիմելը պարտադիր պայման չէ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար:
Այդպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ Պատասխանողի այն պնդումը, թե «հերքման պահանջ ներկայացնելը պարտադիր արտադատական կարգ է» կամ անձը միայն հերքում պահանջելուց հետո կարող է դիմել դատարան, չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, ըստ որի՝ արտադատարանական կարգով խախտված իրավունքի վերականգնման համար զանգվածային լրատվամիջոցին դիմելը՝ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար պարտադիր պայման չէ:
Հաշվի առնելով վերոգրյալը` Խորհուրդը գալիս է հետևյալ եզրահանգման.
- Հրապարակված տեղեկատվության վերաբերյալ միևնույն հոդվածում Հայցվորի մերժողական դիրքորոշումը (կարծիքը) զետեղելը չի կարող ֆորմալ առումով համարվել պատշաճ հերքում, քանի որ այն հրապարակվել է տարածված տեղեկատվության հետ միաժամանակ և չի համապատասխանում օրենքով նախատեսված ձևին: Բացի այդ, Խորհուրդը գտնում է, որ որևէ անձի վերաբերյալ տեղեկատվության և միաժամանակ նույն անձի մերժողական դիրքորոշման (կարծիքի) հրապարակումը չի կարող լրատվական գործունեություն իրականացնողին ազատել օրենքով նախատեսված կարգով պատշաճ հերքում հրապարակելու պարտականությունից:
- Խորհուրդն արձանագրում է, որ Պատասխանող լրատվամիջոցի այն պնդումը, թե «հերքման պահանջ ներկայացնելը պարտադիր արտադատական կարգ է» կամ անձը միայն հերքում պահանջելուց հետո կարող է դիմել դատարան, չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, ըստ որի՝ արտադատարանական կարգով խախտված իրավունքի վերականգնման համար զանգվածային լրատվամիջոցին դիմելը՝ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար պարտադիր պայման չէ:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Տեղեկատվության ազատության
կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն