Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
19. ՏՎԽ-ի կարծիքը «Խմբագիր» ՍՊԸ-ի («report.am»), Էդիկ Անդրեասյանի և Աբել Միքայելյանի դեմ Հայկ Բաբուխանյանի դատական հայցի վերաբերյալ
10.10.2012
Հոկտեմբերի 10-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Խմբագիր" ՍՊԸ-ի ("report.am"), Էդիկ Անդրեասյանի և Աբել Միքայելյանի դեմ Հայկ Բաբուխանյանի դատական հայցի վերաբերյալ իր եզրակացությունը:
Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը
«Խմբագիր» ՍՊԸ-ի («report.am»), Էդիկ Անդրեասյանի և Աբել Միքայելյանի դեմ Հայկ Բաբուխանյանի դատական հայցի վերաբերյալ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
2011 թվականի մարտի 25-ին «Ուրբաթ» ակումբ «Խմբագիր» ՍՊ ընկերության կողմից www.report.am էլեկտրոնային լրատվական միջոցով հրապարակվել է «Երբ զոռով հուշում են անհուշելին» վերնագրով նյութը (այսուհետ՝ Հոդված), որի հեղինակն է Էդիկ Անդրեասյանը, և այդ նյութից բխող նույն կայքում հրապարակված տարբեր անհայտ անձանց կողմից արված հրապարակումներ (մեկնաբանություններ):
Համարելով, որ Հոդվածը և արված մեկնաբանությունները պարունակում են վիրավորական արտահայտություններ` Հայկ Բորիսի Բաբուխանյանը (այսուհետ՝ Հայցվոր) 2011 թ.-ի ապրիլի 21-ին դատարան ներկայացրած հայցով խնդրել է պարտավորեցնել «Խմբագիր» ՍՊ ընկերությանը, Էդիկ Անդրեասյանին և Աբել Միքայելյանին նույն լրատվական միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից` համաձայն դատարանի կողմից սահմանված ձևի, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանող ընկերությանն ամբողջությամբ հրապարակել դատարանի վճիռը լրատվության նույն միջոցով` www.report.am կայքում, որտեղ հրապարակվել է նյութը և նյութի վերաբերյալ կարծիքները, միաժամանակ խնդրել է լուծել դատական ծախսերի բախշման հարցը: Գործի նախապատրաստական քննության ընթացքում Հայցվորը կատարել է հայցապահանջի լրացում` ներկայացնելով վիրավորանքի դիմաց նաև 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա. Մելքումյան), քննելով ԵԿԴ/0790/02/11 քաղաքացիական գործը, 2012 թ.-ի մարտի 12-ի վճռով ամբողջությամբ մերժել է հայցը` անհիմն լինելու հիմքով:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.04.2011 թվականի որոշմամբ բավարարվել է Հայցվորի միջնորդությունը և հայցի ապահովման նպատակով` պատասխանողներ` «Խմբագիր» ՍՊԸ-ին, Էդիկ Անդրեասյանին և Աբել Միքայելյանին արգելվել է Հայցվորի վերաբերյալ տպագրել որևէ նյութ www.report.am լրատվական միջոցում և այլ անձանց կողմից տեղադրել դրա հիման վրա որևէ մեկնաբանություն կամ թույլատրել տեղադրել որևէ մեկնաբանություն, տպագրել կամ տպագրած մեկնաբանությունն այդ լրատվական միջոցում պահպանել, որը կպարունակի Հայցվորի պատվի, արժանապատվության և գործարար համբավի վերաբերյալ վիրավորանք և (կամ) զրպարտող արտահայտություններ:
Դատարանն առաջնորդվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով, որի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներից է պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը: Թեև ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված չէ այն գործողությունների ցանկը, որոնց կատարումը դատարանի կողմից կարող է արգելվել՝ որպես հայցի ապահովման միջոց, սակայն Խորհուրդը գտնում է, որ պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը՝ հայցի ապահովման միջոցը կարող է կիրառվել միայն այնպիսի գործողության նկատմամբ, որն իրավաչափ է կամ օրենքով արգելված չէ, իսկ սույն գործով դատարանն արգելել է կատարել այնպիսի գործողություն, որի կատարման համար օրենքով նախատեսված է պատասխանատվություն : Դա գրեթե նույնն է ինչպես, օրինակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարելը՝ դատարանի որոշմամբ արգելելը (օրինակ՝ դատարանի որոշմամբ հանցագործություն կատարելն արգելելը), այն դեպքում, երբ համապատասխան օրենքներով նախատեսված է ինչպես տվյալ արարքը որակելու, այնպես էլ՝ դրա կատարման համար պատասխանատվության ենթարկելու հստակ ընթացակարգեր:
Ինչպես նաև, հաշվի առնելով, որ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն՝ մարդու և քաղաքացու մի շարք իրավունքներ և ազատություններ, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար, Խորհուրդը գտնում է, որ դատարանն իր որոշմամբ չէր կարող սահմանափակել խոսքի ազատությունը (ինչը փաստացի արել է տվյալ գործի քննության ընթացքում՝ բավարարելով Հայցվորի միջնորդությունը), քանի որ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն՝ խոսքի ազատությունը կարող է այդ հոդվածով նախատեսված հիմքերով սահմանափակվել բացառապես օրենքով :
Բացի այդ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ արգելվում է` 1) գրաքննությունը, 2) որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ:
Այդպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ դատարանը, բավարարելով Հայցվորի միջնորդությունը, ըստ էության կիրառել է գրաքննություն, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ որոշակի տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանք, որոնք արգելված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ որոշ խիստ առանձնահատուկ հանգամանքների ներքո օբյեկտիվորեն կարող է հիմնավոր և անհրաժեշտ պահանջ առաջանալ, որպեսզի մինչև գործով դատական քննության ավարտը կասեցվի վիճահարույց տեղեկատվության հետագա հրապարակումը: Սակայն, նման սահմանափակում նախ պետք է հստակորեն սահմանված լինի օրենքով, երկրորդ, նման սահմանափակումը պետք է ունենա խիստ նեղ շրջանակներ: Այս իմաստով Խորհուրդը հարում է §Արտիկլ 19¦ իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպության կարծիքին, ըստ որի դատական արգելանքի կիրառումը պետք է կատարվի ստորև նշված երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- առաջին, հայցվորը պետք է հիմնավորի, որ տեղեկատվության հետագա հրապարակումը կհանգեցնի անվերականգնելի կորուստների, որը հնարավոր չի լինի վերականգնել հետագայում կայացվելիք բարենպաստ դատական ակտով,
- երկրորդ, հայցվորը կարող է առանց մեծ ջանքերի ցույց տալ, ինչպես նաև ապացուցել, որ հայտարարությունն ակնհայտորեն զրպարտող բնույթի է և այդ իմաստով ցանկացած պաշտպանություն անիմաստ է:
Ինչ վերաբերում է կայքում հրապարակված անստորագիր նյութերին, որոնք, Հայցվորի կարծիքով, նույնպես կրում են վիրավորանք, ապա Դատարանն արձանագրել է, որ այդ մասով Հայցվորի պահանջները ևս հիմնավոր չեն, քանի որ տվյալ դեպքում չստորագրված և անանուն նյութերում պարունակվող արտահայտությունները դատարանը դիտում է որպես հասարակության անդամների գնահատող դատողության արդյունք, քանի որ գնահատող դատողության առկայության փաստը հաստատված համարվելու համար առկա են բոլոր էական նախապայմանները, մասնավորապես` նյութի առկայության պարագայում հիշյալ անձինք արտահայտել են կարծիքներ` ունենալով որոշակի փաստական հանգամանք և բարի կամքի դրսևորում, որպիսին եղել է կայքում տպագրված նյութը: Խնդրի կապակցությամբ դատարանը նաև արձանագրել է, որ լրատվամիջոցը չէր կարող նախքան Հայցվորի գրավոր կամ բանավոր դիմելը սահմանափակել իր իսկ ընթերցողների ազատ արտահայտվելու իրավունքը (օրինակ` մեկնաբանությունները ջնջել, հեռացնել), քանի որ այն կդիտվեր ոչ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, ուստի և լրատվամիջոցը չի կարող կրել պարտականություններ այլ անձնանց կողմից թողնված մեկնաբանությունների համար, քանի որ, նախ` առկա չէ վերջինիս դիտավորությունը Հայցվորի հետ տեղի ունեցածի մեջ, ինչպես եւ արտահայտությունները տարածած անձանց պարզելն անհնար է, քանի որ վերջիններս հանդես են եկել իրենց ծածկանուններով և թողել են իրենց մեկնաբանություններն առկա նյութի վերաբերյալ: Բացի այդ, դատարանը նաև նշել է, որ նյութի վերաբերյալ անստորագիր անձանց կողմից թողնված արտահայտությունները սուբյեկտիվ գնահատականներ են` կարծիքներ, որոնք պայմանավորվել են հասարակական գերակա շահով` կապված հրապարակված նյութի հասարակական ու քաղաքական հատուկ նշանակությունից: Համաձայնվելով Հոդվածի մեկնաբանությունների («comment»-ների) վերաբերյալ դատարանի եզրահանգումների հետ՝ Խորհուրդը նպատակահարմար է համարում նշել, որ ««Հրապարակ» օրաթերթի դեմ փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցի հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի վերաբերյալ» 2012 թ.-ի մայիսի 30-ին հրապարակած իր եզրակացությամբ Խորհուրդն արդեն անդրադարձել է «comment»-ների խնդրին և գտել, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թ.-ի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ցանցային լրատվամիջոցների հարթակից տարածվող «comment»-ների պարագայում: Այդ կապակցությամբ Խորհուրդը կրկին անգամ կոչ է անում՝
- զանգվածային լրատվության բոլոր միջոցներին իրականացնել ընթերցողների մեկնաբանությունների մոդերացիա՝ ազատ արտահայտվելու իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ներքո:
- ցանցային լրատվամիջոցներին մշակել և իրենց ինտերնետային կայքերում տեղադրել մոդերացիայի կանոններ, որպեսզի դրանք տեսանելի լինեն ընթերցողներին, և այդպիսով՝ ապահովվի մոդերացիայի կանոնների կիրառման հստակություն և թափանցիկություն:
Խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ այն խնդրին, որ պատասխանողի կարծիքով՝ «եթե հայցվորները գտնում են, որ վիճարկվող հոդվածով որևէ կերպ խախտվել են վերջիններիս իրավունքները, ապա նրանք պարտավոր էին «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում և կարգով պահանջել հերքելու տարածված տեղեկատվությունը: Հայցվորների կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրենց իրավունքներից չօգտվելու հանգամանքը … զրկում է վերջիններիս նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորությունից:»:
Քննարկվող գործով վճռի ուսումնասիրության արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ դատարանը մանրամասն անդրադարձել է խնդրին՝ հիմնավորելով դրանց անհիմն լինելը: Խորհուրդը, համաձայն լինելով դատարանի դիրքորոշմանը, արձանագրում է, որ պատասխանողի ներկայացուցչի այն պնդումը, որ Հայցվորների կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրենց իրավունքներից չօգտվելու հանգամանքը զրկում է նրանց նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորությունից կամ այլ կերպ ասած՝ անձը միայն հերքում պահանջելուց հետո կարող է դիմել դատարան պահանջը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, քանի որ մինչև դատարան դիմելը հերքում պահանջելն անձի իրավունքն է, այլ ոչ թե՝ պարտականությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Խորհուրդը գալիս է հետևյալ եզրահանգման.
- պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը՝ հայցի ապահովման միջոցը կարող է կիրառվել միայն այնպիսի գործողության նկատմամբ, որն իրավաչափ է կամ օրենքով արգելված չէ, իսկ սույն գործով դատարանն արգելել է կատարել այնպիսի գործողություն, որի կատարման համար օրենքով նախատեսված է պատասխանատվություն:
- դատարանն իր որոշմամբ չէր կարող սահմանափակել խոսքի ազատությունը, քանի որ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի եւ Մարդու իրավունքների և ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խոսքի ազատությունը կարող է այդ հոդվածով նախատեսված հիմքերով սահմանափակվել բացառապես օրենքով:
- դատարանը, բավարարելով Հայցվորի միջնորդությունը, ըստ էության կիրառել է գրաքննություն, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ որոշակի տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանք, որոնք արգելված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
- ««Հրապարակ» օրաթերթի դեմ փաստաբան Ա. Գրիգորյանի հայցի հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի վերաբերյալ» ՏՎԽ-ն իր եզրկացությամբ անդրադարձել է խնդրին և եկել եզրահանգումների, որոնք կիրառելի են նաև այս գործով։
- պատասխանողի ներկայացուցչի այն պնդումը, որ Հայցվորների կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրենց իրավունքներից չօգտվելու հանգամանքը զրկում է նրանց նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորությունից կամ այլ կերպ ասած՝ անձը միայն հերքում պահանջելուց հետո կարող է դիմել դատարան, չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, ըստ որի՝ մինչև դատարան դիմելը հերքում պահանջելն անձի իրավունքն է, այլ ոչ՝ պարտականությունը:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն