Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

14. ՏՎԽ-ի հայտարարությունը "Իրավունք հետաքննություն" և "Արգումենտի նեդելի վ Արմեննիի" շաբաթաթերթերի գործով վճռի վերաբերյալ

15.08.2012

 Օգոստոսի 14-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է հայտարարություն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի վերաբերյալ ըստ հայցի "Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների "Կյանքի Խոսք" եկեղեցի" կրոնական կազմակերպության և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանի ընդդեմ "Իրավունք հետաքննություն" և "Արգումենտի նեդելի վ Առմենիի" շաբաթաթերթերի:

Հայտարարություն

«Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպության և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանն ընդդեմ «Իրավունք հետաքննություն» և «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթերի դատական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի վերաբերյալ

2012թ. հուլիսի 31-ին, դռնբաց դատական նիստում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ ըստ հայցի «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպության և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանի ընդդեմ «Իրավունք հետաքննություն» և «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթերի՝ ի դեմս լրատվական գործունեություն իրականացնող «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության` պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի հիմքով:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը սույն թվականի մայիսի 11-ին անդրադարձել է այս դատական վեճին՝ իր տարածած եզրահանգման մեջ նշելով, որ կրոնական կազմակերպության հասցեին ուղղված պատասխանող լրատվամիջոցների հայտարարությունները զուրկ էին փաստական հիմքերից և որպես այդպիսին վիճահարույց հայտարարությունները հնարավոր չէր որակել որպես բարեխիղճ դատողություններ (fair comment):

Խորհուրդը նաև գտել էր, որ հոդվածի ընդհանուր համատեքստը, ընդհուպ մինչև §աղանդ» բառի շարունակաբար և հետևողականորեն օգտագործումը, լրատվական խոսքը վերածել էին կրոնական ատելություն սերմանող կամ հրահրող խոսքի:

Խորհուրդը խորհապես անհանգստացած է դատարանի վճռով, քանի որ դատարանը չի ապահովել դատական ստուգման ամբողջական և արդյունավետ շրջանակներ: Դատարանը ուշադրություն չի դարձրել այն հանգամանքի վրա, որ իր առջև ունենալով, ինչպես դատարանն է նշել, կրոնական կազմակերպության և նրա ղեկավարի գործունեությունը լուսաբանելու և քննադատելու և այդ կերպ հասարակության շրջանում արձագանքներ առաջացնելու նպատակ, որն ինքնին իրավաչափ նպատակ է, լրատվամիջոցը պատրաստել է լրատվական նյութ՝ ամբողջությամբ և անվերապահորեն հիմնվելով երրորդ անձի հրապարակային հայտարարության վրա՝ առանց իր սեփական քննությունը կատարելու: Ինչպես բազմիցս նշվել է, թեև լրագրության նման եղանակը ինքնին չի հակասում օրենքի ֆորմալ պահանջներին, լրագրողական էթիկայի և պատասխանատու լրագրության տեսանկյունից լրագրության նման եղանակը խնդրահարույց է: Կոնվենցիայի կիրառությունը ստուգելու նպատակով դատական ստուգում իրականացնելիս դատարանը պետք է պարզեր, թե արդյոք լրագրողը վիճահարույց նյութը հրապարակելուց առաջ բարեխիղճ կերպով կատարել է իր սեփական քննությունը, և այդ իմաստով արդյոք կարելի էր ասել տվյալ հանգամանքների ներքո, որ լրագրողը ազատված էր իր հայտարարությունների փաստական հանգամանքները ստուգելու լրագրողական պարտականությունից:

Ի վերջո, նշելով պատասխանատու լրագրության մասին, Խորհուրդը նկատի ունի ոչ թե իրավական, այլ սոցիալական և մասնագիտական պատասխանատվության շրջանակները, որից առաջինը ենթադրում է, որ լրագրողը պետք է չափազանց մեծ զգուշություն ցուցաբերի, երբ լրատվական նյութն առնչվում է հասարակության բոլոր անդամների սոցիալական արժեքներին՝ այդ թվում ոչ միայն այլոց արտահայտվելու և հասարակական հետաքրքրություն ներկայացնող դեպքերի մասին քննադատական կարծիքներ հնչեցնելու ազատությունը, այլ նաև յուրաքանչյուրի կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի իրավունքը, իսկ երկրորդը՝ ճշգրիտ և անաչառ լրատվություն տարածելու լրագրողի մասնագիտական պարտքը:
 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար)–Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Բորիս Նավասարդյան-Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան-«Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Մանանա Ասլամազյան-«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն

 

← Վերադառնալ ցուցակին