Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

13. ՏՎԽ-ի կարծիքը "Մեդիա Կոնսալտ" ՍՊԸ-ի դեմ Մուրադ Ասրյանի դատական հայցի վերաբերյալ

14.08.2012

Օգոստոսի 14-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի դեմ Մուրադ Ասրյանի դատական հայցի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը:

Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը 

«Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի դեմ Մուրադ Ասրյանի դատական հայցի վերաբերյալ


1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/0231/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի Մուրադ Արարատի Ասրյանի (այսուհետ` Հայցվոր) ընդդեմ «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի (այսուհետ`Պատասխանող) պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին:
2011 թվականի փետրվարի 4-ին Պատասխանողը «news.am» ինտերնետային կայքի միջոցով հրապարակել է «Հերթական դատական հայցն անկախ լրատվամիջոցի դեմ: Անգրագիտության կատարյալ օրինակ» հոդվածը: Հոդվածում հրապարակվել են տեղեկություններ, որոնք, Հայցվորի կարծիքով, իրենց մեջ պարունակում են նրա հասցեին ներկայացված վիրավորանք: Ըստ հայցադիմումի, այդ տեղեկությունները մասնավորապես հետևյալն են՝

  • «Ընդ որում, դատարանը վարույթ է ընդունել մի հայց, որն ապշեցնում է իր անգրագիտությամբ և օրենքի խախտումներով»,
  • «Էդիկ Ավետիսյանը ստիպված էր ժամանակ տրամադրել հայցվորի` Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանին շտկելու հայցի ակնհայտ անգրագիտությունը»,
  • «Դիտարկումն, ի դեպ, անսպասելի էր Մուրադ Ասրյանի համար և վերջինս ողջամիտ որևէ բացատրություն չկարողացավ գտնել: Դատավոր Էդիկ Ավետիսյանը մի կերպ «հուշեց-բացատրեց» փաստաբանին, որ նա միջնորդություն ներկայացնի և դատարանից ժամանակ խնդրի` հայցում պատշաճ պատասխանողի անունը նշելու համար»:


Հայցվորը հայցադիմումում նշել է, որ, նա, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ լինելով, ունի որոշակի ընկալելի դիրք հասարակությունում, ինչը պարտավորեցնում է ունենալ անբասիր վարքագիծ և օրինակելի կեցվածք, այնինչ Պատասխանողի կողմից հոդվածում տարածած տեղեկություններն ընթերցողներին հաղորդում են ապատեղեկատվություն, որն իր մեջ պարունակում է զրպարտություն` վտանգելով Հայցվորի, որպես Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամի նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսևորումը։ Հայցվորը նաև գտնում է, որ Պատասխանողը «չի ձեռնարկել ադեկվատ և արդյունավետ միջոցներ տեղեկատվության իսկությունը և իրականությանը համապատասխանելը ստուգելու ուղղությամբ նախքան հոդվածի հրապարակումը՝ այլապես հոդվածը չէր հրապարակվի, քանի որ տեղեկատվությունը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը։»:

Հաշվի առնելով այն փաստը, որ հոդվածի մեջ տեղ գտած տեղեկատվությունը պարունակում է զրպարտություն և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 19-ին մասը և 1087.1-րդ հոդվածի 1-ին, 8-րդ և 12-րդ մասերը՝ Հայցվորը խնդրել է դատարանին հրապարակայնորեն «news.am» կայքում վճռի հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում պահանջել Պատասխանողից հրապարակել դրանց վերաբերյալ Հայցվորի պատաuխանը, ինչպես նաև uահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել Հայցվորին:

Հայցվորը դատարան է ներկայացրել նաև միջնորդություն՝ փոխելու հայցի առարկան: Միջնորդության մեջ մասնավորապես նշված է, որ «հոդվածը լույս չէր տեսնի, եթե Հայցվորը որպես Հայաստանի Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոն ՍՊԸ-ի ներկայացուցիչ հայցադիմում չներկայացներ ընդդեմ Պատասխանողի», «հոդվածը իր մեջ պարունակում է 2 (երկու) լուսանկար: Պատասխանողի ներկայացուցիչների լուսանկարը Հայցվորի լուսանակարից տարբերվում է, մեղմ ասած», «հոդվածը սկսած «04» փետրվարի 2011թ.-ից մինչ միջնորդության ներկայացնելը տեղադրված է Պատասխանողի news.am կայքի էջում»:

Եզրահանգելով, որ հոդվածի նպատակը` իրեն նվաստացնելն է, Հայցվորը փոխել է հայցային պահանջի չափը` հրապարակայնորեն «news.am» կայքում վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 3 օրվա ընթացքում պահանջել Պատասխանողից հրապարակել հոդվածի վերաբերյալ Հայցվորի պատաuխանը, ինչպես նաև բռնագանձել հօգուտ Հայցվորի մեկական միլիոն դրամ որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման գումարներ:

2011 թվականի մարտի 4-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ընդունել է որոշում Հայցվորի ներկայացրած հայցադիմումը` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, և կից փաստաթղթերը վերադարձնել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2011 թվականի մարտի 29-ի որոշմամբ դատարանի 04.03.2011 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հայցվորի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2011 թվականի մայիսի 25-ի որոշմամբ թիվ ԵԱԴԴ/0231/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հայցվորի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2011 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ դատարանի 04.03.2011 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հայցվորի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ թիվ ԵԱԴԴ/0231/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2011 թվականի որոշման դեմ Հայցվորի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթը զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացությունների կազմումն ու հրապարակումն է` Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է ԵԱԴԴ/0231/02/11 քաղաքացիական գործով իր տրամադրության տակ գտնվող նյութերը և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը։


3. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Սույն եզրակացության համար հիմք են ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, ինչպես նաև ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի որոշումը:

 


4. ՎԻՃԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Հարցի նախապատմությունն սկսվում է 2010թ. նոյեմբերի 23-ից, երբ «news.am» ինտերնետային կայքում հրապարակվել է «Սրտի արատով հիվանդին արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում «ֆռռացրել» են ու այլ սարք տեղադրել» վերտառությամբ հոդված: Ըստ այդ հոդվածի՝ «խմբագրություն դիմած ընթերցողներից մեկը՝ Հովհաննես Կաթրջյանը, պատմել է, որ Հայաստանի արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում ստորաբար խաբել են իրեն և 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատության ընթացքում տեղադրել են նույն ֆիրմայի, սակայն արդեն 6-7 տարի պիտանելիության ժամկետով մեկ այլ սարք»: Հայաստանի Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն (այսուհետ` Կենտրոն) էլ, համարելով, որ «news.am»-ում հրապարակված հոդվածը վնասում է իր գործարար համբավը, հայց է ներկայացրել դատարան՝ լրատվամիջոցից պահանջելով 2 միլիոն ՀՀ դրամ: Որպես Կենտրոնի ներկայացուցիչ դատարան հայցադիմում է ներկայացրել Հայցվորը:

2011թ. փետրվարի 4-ին «news.am» կայքում հրապարակվել է «Հերթական դատական հայցը անկախ լրատվամիջոցի դեմ. անգրագիտության կատարյալ օրինակ» հոդվածը: Այդ հոդվածում Հայցվորին ուղղված մասնավորապես հետևյալ արտահայտությունները հետագայում հիմք են դարձել Հայցվորի կողմից դատարան դիմելու համար`

  • «փետրվարի 4-ին կայացել է «NEWS.am» լրատվական գործակալության դեմ ներկայացված դատական հայցով նախնական նիստը: Սակայն այն շատ արագ ավարտվել է, քանի որ դատավոր Էդիկ Ավետիսյանը ստիպված էր ժամանակ տրամադրել հայցվորի՝ Հայաստանի արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանին՝ շտկելու հայցի ակնհայտ անգրագիտությունը»,
  • «հայցը ներկայացվել է իրավաբանական անձ չհանդիսացող կայքի, այլ ոչ թե հիմնադիր «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի դեմ, մինչդեռ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողն անգամ գիտե, որ նման բացթողումը, մեղմ ասած, հարիր չէ իրեն հարգող իրավաբանին»,
  • «Հայցում փաստացի ներգրավված չէ պատասխանող, որովհետեւ պատասխանող կարող է լինել միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, մինչդեռ հայցը ներկայացված է կայքէջի դեմ»,
  • • «Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հրապարակման համար, քանի որ տարածել է անձի կատարած հայտարարությունը, իսկ դա չի կարող որակվել պատվի, արժանապատվության և գործարար համբավի դեմ կատարված ոտնձգություն»,
  • «Հայցում նախ չի նշվել պատշաճ պատասխանողը, ներկայացվել է պահանջ 2 միլիոն դրամի չափով, բայց պետական տուրք է ներկայացվել 4 հազար դրամի չափով, այնինչ պետք է ներկայացվեր պետտուրք առնվազն 48 հազար դրամի չափով»:

Այդպիսով,
Խորհուրդն արձանագրում է, որ «news.am»-ի հոդվածում Հայցվորի հասցեին հնչեցված արտահայտությունները հիմնականում պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ Հայցվորը Կենտրոնի շահերի պաշտպանությանն ուղղված հայցադիմումը թերի կամ խախտումներով է ներկայացրել դատարան:

Հայցադիմումը խախտումներով ներկայացնելու մասին է վկայում նաև Երևան քաղաքի
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2011 թվականի որոշումը, որի համաձայն Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձվել են: Հայցադիմումը վերադարձնելու պատճառը եղել է այն, որ հայցով ներկայացվել է երկու պահանջ` Պատասխանողից պահանջվել է հրապարակել Հայցվորի պատասխանը և վերջինիս վճարել փոխհատուցում: Մինչդեռ, Հայցվորը վճարել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ոչ գույքային մեկ պահանջի համար նախատեսված պետական տուրք` 4000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ պետք է վճարեր մեկ հայցադիմումում միացված երկու պահանջների համար: Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` գույքային պահանջով հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից: Հետևաբար, հայցվորը պետք է վճարեր նաև նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի 2 տոկոսի չափով պետական տուրքի գումար: Սակայն Հայցվորը չի վճարել օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը և դատարան չի ներկայացրել չվճարված պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որն էլ հիմք է եղել հայցադիմումը վերադարձնելու համար:

Հայցվորը` հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի իրավանորմը՝ եկել է այն եզրահանգման, որ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու և (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանը հրապարակելու վերաբերյալ պահանջն իրենից ներկայացնում է ոչ գույքային պահանջ, իսկ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելու պահանջը գույքային պահանջ է: Հետևաբար, ըստ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` առաջին ատյանի դատարանն իրավացիորեն վերադարձրել է հայցադիմումը, քանի որ պետական տուրքի գումարը վճարվել է միայն ոչ գույքային պահանջի համար, իսկ գույքային, այն է՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով հատուցում վճարելու մասով Հայցվորը պետական տուրք չի վճարել։ Ուստի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն առաջին ատյանի դատարանի` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը թողել է անփոփոխ: Այնուհետև, Հայցվորը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումը` վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտել է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:

Այդպիսով, առաջին ատյանի դատարանի որոշմամբ, որն անփոփոխ է թողնվել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ, իսկ վերջինս էլ չի բեկանվել ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ, փաստացիորեն հաստատվել է այն հանգամանքը, որ Հայցվորի կողմից ներկայացված` Կենտրոնի շահերի պաշտպանությանն ուղղված հայցադիմումում առկա են խախտումներ:

Համաձայն լինելով հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ դատարանների վերոգրյալ որոշումների հետ՝ Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Հայցվորը հայցադիմումն այդ տեսքով ներկայացնելու համար ունեցել է սկզբունքային դիրքորոշում: Վերաքննիչ բողոքի հիմնավորումներում Հայցվորը մասնավորապես նշել է, որ «թեև անձին պատճառված բարոյական վնասը կարող է որոշվել կոնկրետ դրամական գումարով, այնուամենայնիվ օրենքով դա դիտարկվում է որպես ոչ գույքային վնաս, և պետական տուրքը պետք է գանձվի ոչ գույքային պահանջի մասով» և «ինքն իրականում ներկայացրել է մեկ պահանջ՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մասին։ Իսկ պատասխանի հրապարակումը և փոխհատուցումը՝ դրանք ինքնուրույն պահանջներ չեն»: Այսինքն, Հայցվորը համոզված է եղել, որ տվյալ դեպքում իր պահանջը ոչ գույքային է, ուստի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն մուծել է բազային տուրքի քառապատիկի չափով պետական տուրք (4000 ՀՀ դրամ):

Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ հոդվածով ակնհայտորեն նսեմացվում են Հայցվորի մասնագիտական կարողությունները. «news.am»-ը կարող էր մինչև հոդվածի հրապարակումը Հայցվորից պարզաբանում խնդրել: Տեղեկանալով Հայցվորի սկզբունքային դիրքորոշմանը` «news.am»-ն, ամենայն հավանականությամբ, ձեռնպահ կմնար Հայցվորի իրավական գիտելիքները գնահատելուց:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ` Հայցադիմումը վերադարձնելը, հոդվածի 1-ին մասում նշված են 8 դեպք, երբ դատավորը վերադարձնում է հայցադիմումը: Այդ դեպքերից են նաև այն դեպքերը, երբ չեն պահպանվել նույն օրենսգրքի 87-րդ հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները (92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ), չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է (92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը: Այդպիսով, նշված, ինչպես նաև օրենսգրքով նախատեսված մյուս հիմքերով հայցադիմումը վերադարձնելու և արձանագրված խախտումները վերացնելուց հետո` հայցադիմումն ընդունելու գործընթացն օրենքով դիտվում է որպես բնականոն դատավարական ընթացակարգ:

Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ հայցադիմումը վերադարձնելու և այն կրկին ընդունելու` օրենքով նախատեսված բնականոն ընթացակարգի կիրառումը, չպետք է դիտվեր որպես գործընթացում ներգրավված անձի մասնագիտական գիտելիքները գնահատելու շարժառիթ:

Ինչ վերաբերում է հայցը «news.am»-ի դեմ հարուցելու իրավաչափությանը, ապա պետք է առաջին հերթին նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի վերջին պարբերության համաձայն՝ «news.am»-ը ցանցային լրատվության միջոց է, քանի որ այն տարածվում է հանրային հեռահաղորդակցության ցանցով` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն լրատվության միջոցը կարող է տարածվել միայն իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող լրատվական գործունեություն իրականացնողի անունից:

Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ մինչև դատարան դիմելը նպատակահարմար էր պարզել, թե «news.am»-ը ո՞ր իրավաբանական կամ ֆիզիկական անձի անունից է տարածվում (տվյալ դեպքում՝ «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի) և այնուհետև՝ նրա դեմ հայց հարուցվեր:

Սակայն, միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ «news.am» կայքում այդ լրատվության միջոցը տարածող իրավաբանական անձի անվանումը նշված չէ, որը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջի խախտում է, ըստ որի՝ նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկում պետք է ներառի նաև լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման հաշվառման) վկայականի համարը, տրման օրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը):

Ցանցային լրատվության միջոցը թողարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երրորդ պարբերության իմաստով նյութական կրիչ համարվող էլեկտրոնային փաստաթղթով, որը «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն էլեկտրոնային ձևով ներկայացված տեղեկություն կամ հաղորդագրություն է: «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հովածի վերջին պարբերության համաձայն՝ ցանցային լրատվության միջոցը, որպես էլեկտրոնային փաստաթուղթ, ներկայացվում է արտաքին ձևով, որը էլեկտրոնային փաստաթղթի վերարտադրման արդյունքն է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա՝ տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով:

Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ ցանցային լրատվության միջոցը (տվյալ դեպքում՝ «news.am»-ը) նյութական կրիչով (էլեկտրոնային փաստաթղթով) թողարկվող լրատվության միջոց է, որի վրա նույնպես տարածվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը: Սակայն, Խորհուրդը նաև արձանագրում է, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը՝ ցանցային լրատվության միջոցների վրա տարածվելու առումով հստակեցման կարիք ունի, քանի որ ցանցային լրատվության միջոցների՝ «նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոց» լինլեու հանգամանքը կարող է վերագրյալից բացի, այլ մեկնաբանությունների տեղիք տալ: Բացի այդ նշված հոդվածի 1-ին մասում թվարկված որոշակի պահանջներ, օրինակ՝ «տվյալ թողարկման օրինակների ընդհանուր քանակը» ցանցային լրատվության միջոցների համար կիրառելի չեն:

Խորհուրդը սույն եզրակացությամբ նպատակահարմար է համարում նաև մասամբ անդրադառնալ թիվ ԵԿԴ/2707/02/10 և ԵԿԴ 0392/02/11 դատական գործերին, քանի որ դրանք որոշակիորեն փոխկապակցված են սույն գործին: 01.12.2010թ. «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Իսկ ո՞ւր մնաց հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածի հիման վրա 2010 թվականի դեկտեմբերի 21-ին Կենտրոնը դիմել է դատարան` ընդդեմ «Առավոտ» օրաթերթի` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջով (գործ ԵԿԴ/2707/02/10): Դատարանում Կենտրոնի շահերը կրկին ներկայացրել է Հայցվորը: Կենտրոնի աշխատանքների վերաբերյալ հոդվածում հրապարակված տեղեկությունները գրեթե համանման են «news.am»-ում հրապարակված «Սրտի արատով հիվանդին արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում «ֆռռացրել» են ու այլ սարք տեղադրել» հոդվածում հրապարակվածներն: Թերևս այդ նմանությունն է եղել պատճառը, որ «Առավոտ» օրաթերթի 2011թ.փետրվարի 5-ի համարում, ինչպես նաև նույն օրը «aravot.am» կայքում հրապարակվել է « «Առավոտին», ոews. am-ին դատում են նույն բանի համար» հոդվածը, որը հիմք է եղել Հայցվորի համար դիմելու դատարան` ընդդեմ «Առավոտ» օրաթերթի` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջով (գործ ԵԿԴ 0392/02/11): Հատկանշական է, որ «Առավոտ» օրաթերթի դեմ ուղղված երկու գործերն էլ ավարտվել են հաշտության համաձայնությամբ, ընդ որում`

 

  1. առաջին դեպքում «Առավոտ» օրաթերթն ընդունել է, որ «01.12.2010թ. հրապարակված «Իսկ ո՞ւր մնաց հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածի մեջ ներկայացվել է չճշտված տեղեկատվություն։ Արդյունքում, հոդվածն արատավորել է Կենտրոնի գործարար համբավը, աշխատակազմի և տնօրեն Սմբատ Ջամալյանի պատիվն ու արժանապատվությունը»: Բացի այդ, օրաթերթը, մինչ հաշտության համաձայնությունը հաստաատվելը, տպագրել է հերքում և Կենտրոնի պատասխանը։
  2. Երկրորդ դեպքում օրաթերթը պարտավորվել է հրապարակել հերքում, որտեղ մասնավորապես նշված է, որ ««Առավոտին» ոews. am-ին դատում են նույն բանի համար» հոդվածը «գրված Էր միակողմանի, քանի որ չէր ներկայացվել դատական վեճում ներգրավված կողմերից մեկի հայցվոր` փաստաբան Մուրադ Ասրյանի դիրքորոշումը, ավելին, հայցի վերաբերյալ արտահայտված լրագրողի կարծիքը արատավորել է փաստաբանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, ինչի կապակցությամբ խմբագրությունը հայցում է փաստաբանի ներողամտությունը»:
  3. Այդպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ սույն գործին համանման դեպքում Հայցվորի (նրա ներկայացրած անձի) և մեկ այլ լրատվամիջոցի` «Առավոտ» օրաթերթի միջև կայացել է հաշտության համաձայնություն, ընդ որում` տվյալ դեպքում լրատվամիջոցն ընդունել է, որ իր նույնաբովանդակ հրապարակմամբ արտավորել է Հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:

Հետևաբար, Խորհուրդը սույն գործով նույնպես նախընտրելի է համարում կողմերի միջև հաշտության կայացման տարբերակը: Հաշտության տարբերակի՝ դատաքննության ընթացքում նախընտրելիության մասին շեշտել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանը՝ նշելով, որ դատարանները քննարկվող հարցի վերաբերյալ գործեր քննելիս նախ պետք է ջանքեր գործադրեն գործը հաշտությամբ լուծելու ուղղությամբ (տես՝ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի որոշումը):

Միաժամանակ Խորհուրդը գտնում է, որ կողմերի` հաշտության հասնելու անհնարինության դեպքում, հայցը նպատակահարմար է բավարարել մասամբ` «news.am»-ում հրապարակելով հոդվածի վերաբերյալ հերքումը և (կամ) Հայցվորի պատասխանը:

5. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Հաշվի առնելով վերոգրյալը Խորհուրդը գտնում է.

  • հաշվի առնելով, որ հոդվածով ակնհայտորեն նսեմացվում են Հայցվորի մասնագիտական կարողությունները, «news.am»-ը կարող էր մինչև այն հրապարակելը Հայցվորից պարզաբանում խնդրել: Տեղեկանալով Հայցվորի սկզբունքային դիրքորոշմանը` «news.am»-ն ամենայն հավանականությամբ ձեռնպահ կմնար նրա իրավական գիտելիքները գնահատելուց:
  • հայցադիմումը վերադարձնելու և այն կրկին ընդունելու` օրենքով նախատեսված բնականոն ընթացակարգի կիրառումը չպետք է դիտվեր որպես գործընթացում ներգրավված անձի մասնագիտական գիտելիքները գնահատելու շարժառիթ,
  • մինչև դատարան դիմելը նպատակահարմար էր պարզել, թե «news.am»-ը, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձի անունից է տարածվում (տվյալ դեպքում՝ «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի) և այնուհետև՝ նրա դեմ հայց հարուցվեր: Սակայն, միաժամանակ Խորհուդն արձանագրում է, որ «news.am» կայքում այդ լրատվության միջոցը տարածող իրավաբանական անձի անվանումը նշված չէ, որը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջի խախտում է,
  • Խորհուրդը սույն գործով նախընտրելի է համարում կողմերի միջև հաշտության կայացման տարբերակը:
  • Միաժամանակ, Խորհուրդը գտնում է, որ կողմերի` հաշտության հասնելու անհնարինության դեպքում, հայցը նպատակահարմար է բավարարել մասամբ` «news.am»-ում հրապարակելով հոդվածի վերաբերյալ հերքումը և (կամ) Հայցվորի պատասխանը:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար)–Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան-«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»
ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան-Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան-«Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
 

 

← Վերադառնալ ցուցակին