Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
12. ՏՎԽ-ի կարծիքը "Սկիզբ Մեդիա Կենտրոն" ՍՊԸ-ի դեմ "Գլենդել Հիլզն" ՓԲԸ-ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ
26.07.2012
Հուլիսի 26-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ «Գլենդել Հիլզն» ՓԲԸ-ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը:
Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ «Գլենդել Հիլզն» ՓԲԸ-ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի կողմից հրապարակվող զանգվածային լրատվության միջոցի՝ «Ժամանակ» օրաթերթի 26.08.2010թ. թիվ 136 համարում տպագրվել է «$1000 լռության դիմաց» խորագրով հոդվածը հետևյալ բովանդակությամբ.
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Գլենդել Հիլզ» կազմակերպության Գյումրիի ներկայացուցիչները Գյումրիում իրենց կառուցած Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի ինքնափլուզումից հետո փորձել են ամեն գնով համոզել բնակիչներին, որպեսզի նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին։ Մեր աղբյուրը, որ չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց թե, բնակիչներին «Գլենդել Հիլզն» առձեռն առաջարկել է 1000 դոլար գումար, ինչպես նաև խոստացել արագ վերանորոգել բնակարանը, միայն թե այդ թեման չհայտնվի ԶԼՄ-ներում, իսկ հակառակ դեպքում սպառնացել, որ չի վերանորոգի բնակարանը։ Տուժած բնակիչները, սակայն, հրաժարվել են «Գլենդել Հիլզի» հետ ստվերային գործարքից»։
«Գլենդել Հիլզն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Հայցվոր) 23.09.2010թ. դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Պատասխանող) հերքելու «Ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածում Հայցվորի գործարար համբավն արատավորող տեղեկությունները և Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև 500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարված գումար։
Հայցվորը գտել է, որ լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվությունը մտացածին է, չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է զրպարտություն, այն է` Հայցվորի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելը, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Հայցվորը պնդել է, որ տեղեկությունը տարածվել է Հայցվորի գործարար համբավն արատավորելու նպատակով, նկատի ունենալով հատկապես իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների բնույթն ու բովանդակությունը, մասնավորապես այն, որ նշված ապատեղեկատվության տարածումը չէր կարող ուղղված լինել այլ անձանց, այս դեպքում՝ բնակիչների, կամ հանրության իրավունքների պաշտպանությանը կամ ուղղված լիներ հանրային այլ շահերի պաշտպանությանը։
Պատասխանողը՝ վկայակոչելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, նշել է, որ լրագրողը «ինքնափլուզում» բառն օգտագործել է որպես գնահատող դատողություն, որն ունեցել է կոնկրետ առարկայական դրսևորում։ Դատաքննության ժամանակ լրագրողն իր ցուցմունքում պարզաբանել է «ինքնափլուզում» բառի օգտագործման նպատակը, նշելով, որ այդ բառն օգտագործվել է իր կողմից ներկայացնելու համար, որ առաստաղը փլվել է առանց որևէ կողմնակի միջամտության։ Այսինքն, լրագրողը Մուշ-2 թաղամասի շենքի բնակիչների հետ ունեցած հարցազրույցից և դեպքի վայրը` Անժիկ Մելիքյանին պատկանող բնակարանը տեսնելուց հետո եղած փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում որպես լրագրողի կողմից արված գնահատող դատողություն հոդվածում տպագրել է «ինքնափլուզում» բառը, ինչը ոչ թե Հայցվորի հեղինակությանն ու պատվին վնաս պատճառելու, այլ հանրությանը տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկելու նպատակ է հետապնդել։
Դատարանը 30.01.2012թ. կայացրել է վճիռ՝ մասնակի բավարարելով հայցը և Պատասխանողին պարտավորեցնելով հերքելու «Ժամանակ» օրաթերթի 2010թ. օգոստոսի 26-ի թիվ 136 համարում հրապարակված «$1000 լռության դիմաց» խորագրով հոդվածում Հայցվորի գործարար համբավն արատավորող (զրպարտող) տեղեկությունները: Միաժամանակ դատարանը որոշել է լրատվամիջոցից հօգուտ Հայցվորի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության համար փոխհատուցման գումար:
Դատարանի հունվարի 30-ին կայացրած վճիռը 2012 թ. մայիսի 2-ին բողոքարկվել է Սկիզբ մեդիա ՍՊԸ-ի կողմից։ 2012 թ. հունիսի 14-ին վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ։
2. Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթը
Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացությունների կազմումն ու հրապարակումը` Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ «Գլենդել Հիլզն» ՓԲԸ-ի հայցի հիման վրա դատական գործը եւ հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը։
3. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Սույն եզրակացության համար հիմք են հանդիսացել ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշումը և ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի որոշումը:
4. ՎԻՃԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Հարցի հանրային նշանակությունը
ՀՀ սահմանադրական դատարանը քննության առարկա դարձնելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության և օրենքով պաշտպանվող այլ շահերի միջև հավասարակշռության խնդիրը` գտել է, որ հիշյալ ազատությունները միշտ պետք է գերակայեն այն դեպքում, երբ տեղեկատվության բացահայտումն անհիմն չի եղել, հետապնդել է իրավաչափ նպատակ և տվյալ տեղեկատվությունը վերաբերում է հասարակական հետաքրքրություն ներկայացնող պետական գործերի և անձանց: ՍԴ-ն արձանագրել է, որ հանրային շահի գերակայության տեսանկյունից լրատվամիջոցի կանխարգելիչ ու հակակշռող նշանակությունն ավելին է, քան նյութական միջոցներով սխալն ուղղելու անհրաժեշտությունը:
Այսպիսով, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, կախված գործի հանգամանքներից, պետք է որոշվի, թե արդյոք հասարակության տեղեկացված լինելու շահը գերակա է եղել տեղեկություն հայտնած անձի վրա դրված պարտականության ու պատասխանատվության համեմատ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն` այսպիսի դեպքերում ազգային իշխանությունների հայեցողության շրջանակը սահմանափակված է ժողովրդավարական հասարակության շահով, որը կայանում է նրանում, որ մամուլին թույլատրվի կատարել «հասարակական վերահսկող օղակի» («watcհdօg») իր գործառույթը և տեղեկատվություն տարածել հասարակական հետաքրքրություն ներկայացնող լուրջ հարցերի վերաբերյալ: Ըստ Դատարանի դիրքորոշման` իրավակիրառական պրակտիկայում առաջին հերթին պետք է գնահատվի այնպիսի «անհետաձգելի հասարակական պահանջի» առկայության փաստը, որն ունակ է արդարացնել այդ միջամտությունը հավասարակշռված և բարեխղճորեն`առանց չարամիտ, անձին անվանարկող դիտավորության:
Սույն գործով դատարանի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարանն իր իրավական դիրքորոշման մեջ արձանագրել է, որ Պատասխանող կողմը ինքն է փաստել, որ Հայցվորն իր գործունեության արդյունքում հանրային մեծ ճանաչում է ձեռք բերել և գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, իսկ դատաքննությամբ ձեռք բերված փաստերի համաձայն` դատարանը հաստատված է համարել, որ Հայցվորի կողմից Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքում տեղ են գտել որոշակի թերություններ: Բացի այդ, հանրահայտ է, որ Հայցվորը Գյումրի քաղաքում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում իրականացնում է մեծածավալ շինարարություն, որի որակի վերաբերյալ տեղեկատվությունն ակնհայտորեն վերաբերում է հասարակության լայն շրջանակների, իսկ տվյալ դեպքում հարցը կարևորվում է նաև աղետի գոտում շինարարական թերությունների նկատմամբ բնակչության մոտ ձևավորված զգայուն դիրքորշման հանգամանքով:
Հետևաբար, Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումն ունի հանրային նշանակություն: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որևէ ապացույց այն մասին, որ շենքերից մեկն ինքնափլուզվել է, լրատվամիջոցը չի ներկայացրել դատարան, Խորհուրդը գտնում է, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքում տեղ գտած թերությունների վերաբերյալ հրապարակումը չի կարող ամբողջությամբ դիտվել որպես բարեխղճորեն ներկայացված։
Լրատվամիջոցի մոտ դիտավորության առկայությունը
Համաձայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1577(2007) բանաձևի՝ հանրային շահից բխող հայտարարությունները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, չպետք է լինեն պատժելի, եթե դրանք կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության և դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել: ՀՀ սահմանադրական դատարանը եզրահանգել է նաեւ, որ զրպարտության բնորոշ գծերից է նաև դիտավորությամբ, գիտակցաբար ոչ հավաստի ու անձի արժանապատվությունը վիրավորող փաստի (կամ փաստական տվյալների) տարածումը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ այդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները: Այլ կերպ` առկա չէ դիտավորության կանխավարկածը:
Սույն գործով դատարանի որոշման համաձայն` Պատասխանողն իր իրավական դիրքորոշման մեջ նշել է, որ լրագրողը, հարցազրույց վերցնելով բնակիչներից, ողջամտորեն միջոցներ է ձեռնարկել ստուգելու փաստի իսկությունը, նոր միայն տպագրել է հոդվածը։ Ի պատասխան Հայցվորի այն դիրքորոշմանը, որ Պատասխանող կողմը պետք է Հայցվորից ճշգրտեր բնակիչներին առաջարկված գումարի չափը, նոր միայն տպեր հոդվածը՝ Պատասխանողը գտնում է, որ տվյալ պարագայում դա ողջամիտ պահանջ չէ, քանի որ առաջարկությունը Հայցվորի կողմից բնակիչներին բանավոր կարգով է կատարվել, հետևաբար, որևէ երաշխիք չկար, որ Հայցվորները ճիշտ տեղեկատվություն կտրամադրեին լրագրողին, ինչպես նաև նյութը պահանջում էր օպերատիվ հրապարակում, իսկ հարցում կատարելու և դրա պատասխանը ստանալուց հետո նյութը կկորցներ իր արդիականությունը։
Խորհուրդը գտնում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների թվում Դատարանը կարող էր դիտարկել նաև այն միջոցները, որոնք ձեռնարկել է Պատասխանողը` պարզելու դատարանի կողմից մատնանշված փաստերի ճշմարտությունը և հիմնավորվածությունը, քանի որ դիտավորության բացակայության դեպքում հանրային շահից բխող նույնիսկ ճշմարտությանը չհամապատասխանող հրապարակումները չեն կարող պատժելի լինել, որը էական նշանակություն ուներ սույն գործի լուծման համար: Այդ կապակցությամբ, մասնավորապես, նպատակահարմար էր պարզել, թե արդյոք դիտավորության բացակայության վերաբերյալ Պատասխանողի կողմից ներկայացված փաստերը (տվյալ դեպքում՝ շահագրգիռ անձանց հետ հարցազրույցները) ողջամտորեն կարող են համարվել բավարար, որպեսզի մինչև հոդվածը հրապարակելը պարզվեր դատարանի կողմից մատնանշված փաստերի ճշմարտությունը և հիմնավորվածությունը: Մինչդեռ, դատարանը համարել է, որ առանձին քաղաքացիների` ձայնագրություններում արված արտահայտությունները որևէ ապացուցողական նշանակություն չունեն և դրանք հանել է ապացույցների կազմից:
Հերքման պահանջի կատարումը
Հայցվորը թիվ 894-27.08.10 գրությամբ առաջարկել է Պատասխանողին հերքել հրապարակված ապատեղեկատվությունը և դրանով արտադատական կարգով վերականգնել Հայցվորի խախտված իրավունքները և ազատությունները։ Պատասխանողը 01.09.2010թ-ին լույս տեսած «Ժամանակ» օրաթերթում հրապարակել է Հայցվորի ուղարկած գրությունը։ Սակայն, Հայցվորը գտել է, որ նշված գրության ուղղակի հրապարակումը չի կարող դիտվել որպես հերքում՝ նկատի ունենալով, որ հերքումը դա ոչ թե հերքում պահանջողի պահանջի ֆորմալ հրապարակման փաստն է՝ այլ հերքման բովանդակությունը հերքողի կողմից իր անունից հրապարակումն է։ Իսկ խնդրո առարկա դեպքում, Հայցվորի կարծիքով, «Ժամանակ» օրաթերթը ոչ թե ընդունել և հերքել է իր կողմից հրապարակված ապատեղեկատվությունը՝ այլ հրապարակել է Հայցվորի կողմից հերքում պահանջելու գրությունը։
Հայցվորի կողմից Պատասխանողին ուղղված 894-27.08.10 գրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայցվորն այդ գրությամբ Պատասխանողից պահանջել է հրապարակայնորեն ներողություն խնդրել ինչպես իր բոլոր աշխատակիցներից և հաճախորդներից, այնպես էլ՝ Գյումրու Մուշ-2 թաղամասի բնակիչներից:
Խորհուրդն արձանագրում է, որ Հայցվորի կողմից ներկայացված հերքման տեքստում տեղ են գտել արտահայտություններ, որոնք ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես՝ Հայցվորի իրավունքները խախտող փաստացի անճշտությունների հերքում: Ավելին, այդ արտահայտություններն, ըստ էության, դրդել են պատասխանողին դրա կապակցությամբ հրապարակել «Դեռ համարձակվում են խոսել» հոդվածը, որը տվյալ իրավիճակում էլ ավելի է սրել իրավիճակն ու անխուսափելի դարձրել հարցի դատական քննությունը: Մինչդեռ, կողմերի՝ միմյանց նկատմամբ ավելի հարգալից վերաբերմունքի դրսևորման դեպքում հնարավոր էր նաև խնդիրը լուծել համանման գործերում առավել նախընտրելի՝ հաշտության տարբերակով:
Դրամական փոխհատուցման համաչափությունը
Արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը։ Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար :
Խնդրի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր (օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ներկայացված հարկային հաշվետվությունները), հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով։
Հայցվորը խնդրել է Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում: Դատարանը գտել է, որ պատասխանող լրատվամիջոցից պետք է բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես փոխհատուցում` հաշվի առնելով զրպարտության եղանակը, տարածման շրջանակը, ինչպես նաև Պատասխանողի գույքային դրությունը։
Հաշվի առնելով, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ եզրահանգումները, Խորհուրդը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով նախատեսված միջոցը, այն է՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակած լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելը, սույն գործով կիրառելը միանգամայն բավարար միջոց էր, առավել ևս, որ Հայցվորի գործարար համբավին հասցված ոչ նյութական վնասի առկայության փաստը ինչպես Հայցվորի կողմից, այնպես էլ` որևէ այլ կերպ չի ապացուցվել: Խորհուրդը նաև արձանագրում է, որ տվյալ դեպքում դատարանի կողմից նշանակված փոխհատուցման գումարի` 200.000 ՀՀ դրամ և Հայցվորի գործարար համբավին հասցված վնասի չափերի համարժեքությունը որևէ ձևով հիմնավորված չէ:
5. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է.
- Լրատվամիջոցի կողմից տեղեկատվության հրապարակումն ուներ հանրային նշանակություն և այդ տեղեկատվության բացահայտումն արդարացված էր: Սակայն, հրապարակված նյութը չի կարող համարվել լիովին բարեխղճորեն և հավասարակշռված ներկայացված:
- Նպատակահարմար էր սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ դիտարկել նաև այն միջոցները, որոնք ձեռնարկել է լրատվամիջոցը` պարզելու դատարանի կողմից մատնանշված փաստերի ճշմարտությունը և հիմնավորվածությունը, քանի որ լրատվամիջոցի կողմից դիտավորության բացակայության դեպքում հանրային շահից բխող նույնիսկ ճշմարտությանը չհամապատասխանող հրապարակումները չեն կարող պատժելի լինել,
- սույն գործի լուծման համար զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելը միանգամայն բավարար էր պատճառված վնասը փոխհատուցելու համար,
- Հայցվորի կողմից 27.08.2010թ. լրատվամիջոցին ներկայացված հերքման տեքստում տեղ են գտել արտահայտություններ, որոնք ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես Հայցվորի իրավունքները խախտող փաստացի անճշտությունների հերքում: Լրատվամիջոցներին ներկայացվող Հերքման եւ Պատասխանի տեքստերը պետք է վերաբերեն միայն հերքման եւ/կամ պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին եւ չպարունակեն վիրավորական արտահայտչաձեւեր։ Դրանք պետք է համապատասխանեն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված Հերքմանը եւ Պատասխանին ներկայացվող պահանջներին։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար)– Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Բորիս Նավասարդյան-Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան-«Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Մանանա Ասլամազյան-«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն