Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
11. ՏՎԽ-ի կարծիքը Գևորգ Հայրապետյան ընդդեմ "Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի ՓԲԸ" գործով դատարանի վճռի վերաբերյալ
04.07.2012
Հուլիսի 4-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Գևորգ Հայրապետյան ընդդեմ "Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի ՓԲԸ" գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը:
Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը
Գևորգ Հայրապետյան ընդդեմ "Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի ՓԲԸ" գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ
Փաստերը
Գևորգ Հայրապետյանը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 25/10/2010թ.-ին դատապարտվել է ազատազրկման՝ պետական դավաճանության հիմքով: Մինչ մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը՝ 2010 թվականի նոյեմբերի 14-ից 21-ի ժամանակահատվածում "Կենտրոն" հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել "Հետաքննություն" խորագրով հաղորդաշար, որի ընթացքում ներկայացվել են քրեական գործի վերաբերյալ հանգամանքներ, մասնավորապես, որ մեղադրյալը, ունենալով նյութական շահագրգռվածություն, պետական գաղտնիք կազմող և հակահայկական քարոզչության համար նյութեր պարունակող տեղեկություններ է տրամադրել հակառակորդ երկրին, ինչի դիմաց ակնկալել է վարձատրություն: Նշված տեղեկությունները տարածվել են որպես հաստատված հանգամանքներ՝ փաստի մասին հայտարարություների տեսքով, այլ ոչ թե որպես նախաքննական կամ դատական մարմնի ենթադրություն կամ կասկած:
Հաղորդման հեռարձակման պահի դրությամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը դեռ ուժի մեջ մտած չի եղել, քանի որ բողոքարկման ժամկետը դեռ չէր լրացել. հեռարձակումը տեղի է ունեցել 2010թ. նոյեմբերի 14-ից 21-ը, իսկ դատավճիռը հրապարակվել է 25/10/2010թ.-ը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, առաջին ատյանի մեղադրական դատավճիռը ուժի մեջ է մտնում և դառնում վերջնական մեկ ամսվա ընթացքում՝ եթե վերաքննիչ բողոք չի բերվել: Ինչպես հետագայում ցույց են տվել փաստերը, հեռարձակման պահին մեղադրյալի պաշտպանը պատրաստում էր վերաքննիչ բողոք:
Մեղադրյալի պաշտպան Սեդա Սաֆարյանը առանձին դատական վարույթի շրջանակներում դիմել է դատարան ընդդեմ "Կենտրոն" հեռուստաընկերության՝ հայցելով իրավական պաշտպանություն հեռուստաընկերության կողմից անմեղության կանխավարկածի խախտման, ինչպես նաև վիրավորող և զրպարտող բնույթի տեղեկությունների տարածման համար: Հեռուստաընկերությունը դատարանում նշել է, որ "Հետաքննություն" հաղորդաշարի շրջանակներում հեռուստաընկերությունը տարածել է մի տեղեկատվություն, որը հեռուստաընկերությանը տրամադրել է ՀՀ գլխավոր դատախազությունը և, հետևաբար, հեռուստաընկերությունը պետք է ազատվի պատասխանատվությունից Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, քանի որ հանդիսանում է աղբյուրից ստացված տեղեկությունների բարեխիղճ վերարտադրող: Առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները հաստատված հանգամանք են համարել, որ «պատասխանող Ընկերությունը հրապարակել է բացառապես քրեական գործի նյութերում և դատարանի դատավճռում շարադրված տեղեկություններ և հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին», «ներկայացրել է բացառապես այն եղելությունը, ինչն արտահայտված է քրեական գործի նյութերում` չկատարելով որևէ սեփական հետևություն և չարտահայտելով որևէ անձնական կարծիք, իրավացիորեն հանգել է այն հետևության, որ եթերում չի հնչել որևէ տեղեկություն, որն արտահայտված չլիներ նախաքննական նյութերում»: Նման հիմքերով դատարանները գտել են, որ հեռուստաընկերությունը օգտվում է "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պաշտպանությունից, համաձայն որի լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա` հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին: Սույն հիմքով դատարանները լրատվամիջոցին ազատել են պատասխանատվությունից և մերժել հայցապահանջը:
Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված պահանջին, դատարանը սահմանել է, որ նման պահանջն անհիմն է, քան որ ՀՀ քաղաքացիական օրենգրքում անմեղության կանխավարկածի խախտման դիմաց իրավական պաշտպանության միջոց սահմանված չէ և ոչ էլ ՀՀ իրավական համակարգը կազմող իրավական որևէ ակտով կամ օրենքով է նախատեսված քաղաքացիական իրավունքների պաշտպանության նման եղանակ: Հետևաբար, դատարանը որոշել է, որ անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրելու հայցվորի պահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսդրության դրույթներից, զուրկ է իրավական և օրենսդրական հիմքից և ենթակա է մերժման:
Խորհրդի եզրահանգումը
Խորհուրդը համաձայն է դատարանի այն դիրքորոշման հետ, որ տվյալ դեպքում լրատվամիջոցը օգտվում է "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի պաշտպանությունից (բարեխիղճ վերարտադրող) և հետևաբար պետք է ազատվի պատասխանատվությունից: Այդուհանդերձ, Խորհուրդը սույն հարցը դիտարկում է լրագրողական էթիկայի տեսանկյունից: Անկախ այն հանգամանքից, որ լրատվամիջոցը գործում էր օրենսդրությամբ ընձեռած պաշտպանության շրջանակներում, լրատվամիջոցը չէր կարող չիմանալ, որ քանի դեռ բացակայում է անձի մեղքի մասին օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, մեղքի մասին ցանկացած փաստացի հայտարարություն անմեղության կանխավարկածի խախտում է: Անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքը պարտավոր են պահպանել ոչ միայն քրեական դատավարության մարմինները, այլ նաև յուրաքանչյուր ոք և հատկապես լրատվամիջոցները՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ դերը և առաքելությունը ժողովրդավարության կայացման գործում: "Լրատվամիջոցների կողմից քրեական դատավարության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու մասին" Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի թիվ (2003)13 Հանձնարարականի 2-րդ սկզբունքում նշված է, որ "անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ հարգանքը արդար դատավարության իրավունքի անքակտելի մասն է: Հետևաբար, լրատվամիջոցների կողմից ընթացքի մեջ գտնվող քրեական գործերի վերաբերյալ կարծիքներ ու տեղեկատվություն կարող է տարածվել կամ հաղորդվել միայն այն դեպքում, եթե դա չի վտանգում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածը": Հետևաբար, անկախ այն հանգամանքից, որ հեռուստաընկերությունը բարեխղճորեն վերարտադրել է վստահելի աղբյուրից ստացված տեղեկատվությունը, նա պարտավոր էր լրատվանյութը հեռարձակելիս հարգել մեղադրյալի անմեղության կանխավարկածը: Սա բխում է, ի թիվս այլի, նաև այն հանգամանքից, որ անկախ օրենսդրական կարգավորման առկայությունից, լրատվամիջոցները բազմիցս հայտարարել են, որ նախընտրում են իրենց գործունեությունը ծավալել ինքնակարգավորման մեխանիզմների պայմաններում, օրինակ, լրագրողական վարքականոնների շրջանակներում:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար)– Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Բորիս Նավասարդյան-Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան-"Առավոտ" օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան-"Արնի Քնսալթ" փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Մանանա Ասլամազյան-«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն