Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
10. ՏՎԽ-ի կարծիքը Թ. Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ
26.06.2012
Հունիսի 26-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Թաթուլ Մանասերյանն ընդդեմ "Սկիզբ Մեդիա Կենտրոն" ՍՊԸ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 27/04/2012թ. որոշման վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը:
Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը
Թաթուլ Մանասերյանն ընդդեմ "Սկիզբ Մեդիա Կենտրոն" ՍՊԸ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 27/04/2012թ. որոշման վերաբերյալ
2012 թվականի ապրիլի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը, իրականացնելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով իր լիազորությունները, կայացրել է նախադեպային որոշում, որում արտահայտել է իրավական դիրքորոշումներ վիրավորանքի և զրպարտության գործերով դատական պրակտիկայի մի շարք խնդրահարույց հարցերի առնչությամբ: Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1087.1 հոդվածի բազմաթիվ դրույթների կիրառությունը՝ այդպիսով ձգտելով ապահովել միասնական դատական պրակտիկա:
Խորհուրդը ողջունում է Վճռաբեկ դատարանի որոշումը՝ գտնելով, որ ընդհանուր առմամբ որոշումը իրավակարգավորման առաջադեմ եղանակներ է առաջադրում: Որոշմամբ մեկնաբանվել ու հստակեցվել են վիրավորելու և զրպարտելու հիմքով ծագող իրավահարաբերություններում շահագրգիռ կողմերի՝ վնաս պատճառող և տուժող անձանց շրջանակները, սահմանվել են գնահատող չափորոշիչներ՝ պարզելու համար արտահայտության վիրավորական կամ զրպարտող բնույթի լինելը, մեկնաբանվել են "հրապարակային արտահայտություն" և "հանրային գերակա շահ" հասկացությունները, մեկնաբանվել են հոդվածի 5-րդ մասում տեղ գտած մի շարք ընդհանուր բնույթի արտահայտություններ, որոնք հանդիսանում են լրագրողական պաշտպանական համակարգեր: Մենք գտնում ենք, որ նշված մեկնաբանությունները կարևոր են ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված միատեսակ դատական պրակտիկա ապահովելու համար: Համոզված ենք, որ Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիրավորանքը եւ զրպարտությունը կարգավորող դրույթների վերաբերյալ հետագա մեկնաբանությունները կնպաստեն դատական պրակտիկայի առավել կատարելագործմանը:
Խորհուրդը միևնույն ժամանակ մտահոգված է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ և 9-րդ մասերում ներառված "տեղեկատվության աղբյուր" հասկացությունը մեկնաբանելիս դատարանի կողմից արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներով: Կարծում ենք, որ այդ դիրքորոշումները, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթները և հատուկ կարգավիճակը, կարող են բացասաբար անդրադառնալ լրագրող-լրագրողական աղբյուր հարաբերությունների վրա, որի արդյունքում կվտանգվի լրատվամիջոցների ազատությունը իրենց աղբյուրներից օգտվելիս՝ հետևաբար նաև լրատվամիջոցների կողմից տեղեկատվության ազատ տարածման իրավունքը: Նշված դրույթներում դատարանը սահմանել է, որ տեղեկատվության աղբյուրներ են ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող այնպիսի "հեղինակներ" կամ "լրատվական գործակալություններ" "որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվություն": Այնուհետև մեկնաբանելով "միջոցներ"հասկացությունը` դատարանը սահմանել է, որ այդպիսիք են "անձի հրապարակային ելույթները", "պաշտոնական փաստաթղթերը", "հեղինակային ստեղծագործությունները": Շարունակելով մեկնաբանել` դատարանը նշել է, որ նույնիսկ եթե տեղեկատվություն տարածողը վերարտադրել է աղբյուրից ստացված տեղեկությունը բառացիորեն կամ բարեխիղճ կերպով, վերջինս չի կարող ազատվել պատասխանատվությունից, եթե "հղում է կատարում մի աղբյուրի, որը չի համարվում տեղեկատվության աղբյուր… 1087.1 հոդվածի իմաստով, այն է՝ չի հանդիսանում հեղինակ կամ լրատվական գործակալություն¦: Հաշվի առնելով, ինչպես նշվեց վերևում, որ հեղինակ են հանդիսանում միայն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր միայն հստակ սահմանված միջոցներով են հրապարակում տեղեկատվությունը (հրապարակային ելույթ, պաշտոնական փաստաթուղթ, հեղինակային ստեղծագործություն), ստացվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ լրագրողական աղբյուրը տեղեկությունը հրապարակել է որևէ այլ եղանակով, կասկածի տակ է նման անձի՝ որպես հեղինակ հանդիսանալու հնարավորությունը: Այսպիսով, նշված մեկնաբանությունները չափազանց նեղացնում են "տեղեկատվության աղբյուրի" ընտրությունը, որի վրա լրատվամիջոցը կարող է հիմնվել ՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով:
Վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելով Թաթուլ Մանասերյանն ընդդեմ "Սկիզբ Մեդիա Կենտրոն" ՍՊԸ գործի հիմքում ընկած փաստերի վրա, Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ թեև լրատվամիջոցը բացահայտել էր իր աղբյուրը՝ հեղինակին, ով հանդիսանում էր ոմն Անտոն Առակելովը և ով հայտնել էր լրատվամիջոցին Թաթուլ Մանասերյանի նկատմամբ ոստիկանության կողմից քրեական գործ հարուցված լինելու մասին, այդուհանդերձ, դատարանը որոշել է, որ վերջինս չէր կարող համարվել տեղեկատվության աղբյուր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով, քանի որ "չի հանդիսանում տեղեկատվության տարածման որևէ միջոցի հեղինակ կամ լրատվական գործունեություն իրականացնող": Այնուհետև, Վճռաբեկ դատարանը ընդհանրացված եզրահանգում է կատարել, որ այնպիսի անձի հրապարակած զրպարտող կամ վիրավորող տեղեկությանը հղում կատարելը, ով չի հանդիսանում տեղեկատվության աղբյուր, չի կարող համարվել տեղեկատվության աղբյուրի բացահայտում:
Խորհուրդը մտահոգված է վերը նշված զարգացումներով, քանի որ նրանց հետեւանքով ներմուծվում են պատշաճ և ոչ պատշաճ աղբյուր և դրանից բխող օրինական և ոչ օրինական լրատվական աղբյուր հասկացություններ եւ սահմանափակվում են այն աղբյուրների շրջանակները, որոնցից կարող են օգտվել լրատվամիջոցները:
Նման մոտեցումը նաեւ հակասում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի "Տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու լրագրողների իրավունքի մասին" Թիվ (2000)7 հանձնարարականին, որի համաձայն տեղեկատվության աղբյուր է հանդիսանում "լրագրողին տեղեկություն տրամադրող ցանկացած անձ": Նույն Հանձնարարականի բացատրական մասում, որում մեկնաբանվում են Հանձնարարականի բոլոր սկզբունքները, վերը նշված սկզբունքը մեկնաբանելիս նշվում է, որ լրագրողներին պետք է հնարավորություն տրվի ստանալ տեղեկություններ "բոլոր տեսակի աղբյուրներից" և այդ պատճառով "անհրաժեշտ է այդ տերմինը լայն մեկնաբանել" ազգային օրենսդրությունում կամ պրակտիկայում:
Առաջնորդվելով վերը նշվածով՝ Խորհուրդն անհրաժեշտ է գտնում համապատասխան նախադեպային դիրքորոշումների վերամշակումը:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
26.06.2012թ.
idcarmenia@gmail.com