Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
9. ՏՎԽ-ի կարծիքը Ա. Ավետիսյանն ընդդեմ Լ. Բարսեղյանի դեմ դատական հայցի վերաբերյալ
07.06.2012
Հունիսի 7-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ և իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի դեմ «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի դատական հայցի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը:
Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ և իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի դեմ «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի դատական հայցի վերաբերյալ
2011 թվականի օգոստոսի 9-ին «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ և իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել www.asparez.am կայքում հրապարակված վիրավորող և զրպարտող բնույթի հրապարակումների համար: Պահանջել է նաև փոխհատուցել 2 մլն դրամ` վիրավորանքի եւ զրպարտության համար, և 200.000 դրամ՝ դատական ծախսերի դիմաց:
Ըստ գործի փաստերի, երեք վիճահարույց հոդվածները հրապարակվել են հետևյալ հերթականությամբ. «Կան բաներ, որ չեն ներվում» վերնագրով հոդվածը հրապարակվել է 11/06/2011թ.-ին, «Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով» վերնագրով հոդվածը հրապարակվել է 15/06/2011թ.-ին և վերջին՝ «Ընտանեկան կապալին էին հարվածելու» վերնագրով հոդվածը հրապարակվել է 16/06/2011թ.-ին: 23/06/2011թ.-ին Արման Ավետիսյանը նամակ է ուղարկել Լևոն Բարսեղյանին` պահանջելով տպագրել հերքում կամ հրապարակել իր նամակի բովանդակությունը՝ որպես պատասխան: Լևոն Բարսեղյանը Ա. Ավետիսյանի ուղարկած տեքստը հրապարակել է 30/06/2011թ: 04/08/2011թ.-ին Արման Ավետիսյանը հայցադիմումով դիմել է դատարան, որը մուտքագրվել է 09/08/2011թ: Պատասխանողը, ի թիվս այլ պնդումների, դատաքննության ընթացքում դատարանին է ներկայացրել «Հայցային վաղեմություն կիրառելու մասին» դիմում՝ պնդելով, որ հայցային վաղեմության ժամկետը լրացել է 23.07.2011թ.-ին, մինչդեռ հայցը ներկայացվել է 04.08.2011թ-ին:
Խորհուրդը գտնում է, որ սույն գործով առկա են հայցային վաղեմութուն կիրառելու նախապայմաններ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասի ներքո, որը նշում է հետևյալը.
«Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում»:
Գործի փաստերից ակնհայտորեն պարզ է, որ հայցվորը վիճահարույց հոդվածների մասին իմացել է առնվազն 23/06/2011թ.-ին, երբ վերջինս նամակով դիմել է Լևւոն Բարսեղյանին՝ հերքման կամ պատասխանի պահանջով: Հրապարակային դատաքննության ընթացքում հայցվորն ընդունել է այս փաստը: Հետևաբար, հայցվորը դատական հայցը պետք է ներկայացրած լիներ նամակի ամսաթվից հետո մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 23/07/2011թ.-ը, մինչդեռ դատական հայցը ներկայացվել է 04/08/2011թ.-ին:
Նման հանգամանքներում հայցվորը չի կարող օգտվել 1087.1 հոդվածի 13-րդ մասով սահմանված հայցային վաղեմության վեցամսյա ժամկետի պաշտպանությունից, քանի որ այդ դրույթով իրականում սահմանված է հայցային վաղեմության ոչ թե երկու, այլ մեկ ժամկետ՝ բաղկացած երկու տարրից: Առաջին տարրով սահմանված ժամկետի խախտումը առ ոչինչ է դարձնում երկրորդ տարրով սահմանված ժամկետի կիրառությունը, քանի որ դրանք գործում են որպես մեկ ամբողջություն: Այսինքն, եթե անձը բաց է թողել հայցային վաղեմության առաջին ժամկետը՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացվելու հետո մեկ ամսվա ընթացքում դատարան դիմելու հնարավորությունը, ապա չի կարող հիմնվել երկրորդ՝ վիրավորանքի կամ զրպարտության պահից հետո վեց ամսվա ընթացքում դատարան դիմելու ժամկետի վրա: Անթույլատրելի է նաև պնդելը, որ դատական ավելի լայն պաշտպանություն սահմանելու առումով կարելի է հիմնվել միայն երկրորդ ժամկետի վրա: Հակառակ դեպքում օրենսդիրը կսահմաներ մեկ ընդհանուր ժամկետ՝ վեց ամիս՝ առաջարկելով ավելի պարզ իրավակարգավորում: Մինչդեռ օրենսդիրը, նպատակ ունենալով մեծացնել լրատվամիջոցների պաշտպանությունը դատական հայցերից, սահմանել է սահմանափակ ժամկետով առաջնային պայման՝ մեկ ամիս վիրավորանքի կամ զրպարտության մասին հրապարակման հայտնի դառնալու պահից հետո: Երկրորդ ժամկետը (6-ամսյա ժամկետը) ածանցյալ է առաջին ժամկետին և այն անկախ կիրառություն չունի: Դա երևում է թեկուզ տեքստի տառացի մեկնաբանությունից, որտեղ երկու նախադասությունները միմյանցից բաժանվում են ոչ թե «կամ», այլ «սակայն» շաղկապով, այսինքն` օրենսդիրը սահմանում է ոչ թե առաջնային իրավակարգավորումից այլընտրանքային, այլ ածանցվող իրավակարգավորում:
Ցավոք, այս խնդրին հստակորեն չի անդրադարձել ՀՀ Վճռաբեկ դատարանը իր թիվ ԵԿԴ/2293/02/10 վճռում, որում, ելնելով 1087.1 հոդվածի հիմքով միատեսակ դատական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունից, արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ: Այս խնդրին չի անդրադարձել նաև ՀՀ Սահմանադրական դատարանը իր հայտնի ՍԴՈ-997 որոշումով: Այդուհանդերձ, նույնիսկ նման հանգամանքներում, ելնելով 1087.1 հոդվածի 13-րդ մասի դրույթների տառացի մեկնաբանությունից, Խորհուրդը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման՝ ժամկետանց լինելու հիմքով:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
07.06.2012թ.
idcarmenia@gmail.com