Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
Պետական կառավարման հաշվետվողականությունը խթանող 10 նոր առցանց հարթակ. ԻՆֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփեց ԻՐԱԶԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի արդյունքները
29.11.2019
Նոյեմբերի 29-ին կայացավ «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկ քաղաքացիների համար» ծրագրի ամփոփիչ համաժողովը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ։
Համաժողովի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոն, ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:
«Ուզում եմ կարևորել այսօրվա միջոցառումը և ներկայացվող ծրագիրը, քանի որ ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են Տեղեկատվության ազատության իրավունքի գործնական կիրառման կոնկրետ հարցեր։ Այս առումով կարևորում եմ Տեղեկատվության ազատության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների՝ տարիների տքնաջան և արդյունավետ աշխատանքը։ Ուզում եմ հատուկ ընդգծել մեր միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը տեղեկատվության ազատության իրավունքի իրացման և պաշտպանության հարցերում։ Ուզում եմ հատուկ ընդգծել մեր լրատվամիջոցների և լրագրողների շարունակական հետաքննական աշխատանքը, որի շնորհիվ բացահայտվել են հանրային նշանակության բազմաթիվ խնդիրներ, լուծում են տրվել բազմաթիվ հարցերի»,- ասաց պարոն Քրմոյանը։
«Սա շատ հետաքրքիր ծրագիր է` բազմաթիվ հետաքննություններով և վերլուծություններով, որոնք ներառում են կոնկրետ առաջարկություններ` ուղղված կենտրոնական և տեղականինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին: Միայն բազմակողմանի նայելով՝ կառավարությունները կարող են քաղաքացիներին մատուցել պատշաճ և մատչելի ծառայություններ»,- ասաց պարոն Սերանոն Եվրոպական միության պատվիրակությունից։
«Տեղեկատվության ազատությունը հզոր գործիք է հետաքննող լրագրողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կառավարությանը վերահսկելու և հաշվետու դարձնելու համար։ Ենթադրամաշնորհային ծրագրերի միջոցով մենք աջակցել ենք 23 կազմակերպությունների հզորացնել իրենց կարողությունները, որպեսզի նրանք մշտադիտարկման միջոցով կարողանան ստիպել կառավարությանը տեղական և համապետական մակարդակում հաշվետու և թափանցիկ աշխատել։ Ծրագրում ընդգրկված հարյուր ուսանողները հնարավորություն են ունեցել գործնականում կիրառել իրենց գիտելիքն ու հմտությունները տեղեկատվության և հետաքննական լրագրության ոլորտներում»,- ասաց Շուշան Դոյդոյանը։
«Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում ԻԱԿ-ը երևանյան և մարզային շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների հետ իրականացրել է 23 ենթադրամաշնորհային ծրագրեր, որոնք մի կողմից ուղղված են եղել հանրային նշանակության մի շարք ոլորտներում (առողջապահություն, ճանապարհաշինություն, էլեկտրոնային կառավարում և այլն) պետական ծախսերի մշտադիտարկմանը և առկա խնդիրների լուծման առաջարկների մշակմանը, մյուս կողմից հանրային շահերի պաշտպանության ոլորտում աշխատող ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
Համաժողովի ընթացքում ծրագրի հիմնական շահառու ՔՀԿ-ները ներկայացրին իրենց ծրագրեր արդյունքներն ու պետության հետ համագործակցության փորձառությունը՝ ցույց տալով դրանց օգտակարությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրառության համար:
Ենթադրամաշնորհառու ՔՀԿ-ներն ակտիվորեն համագործակցել են պետական կառավարման մարմինների և ՏԻՄ-երի հետ՝ համատեղ մշակելով արձանագրված խնդիրների հնարավոր լուծումներն ու այդ գործում ՔՀԿ-ների դերակատարումը: Արդյունքում տասնյակ զեկույցների հետ մեկտեղ ստեղծվել է 10 առցանց հարթակ, որոնք կոչված են նպաստելու պետության հաշվետվողականության հանրային վերահսկողությանը և որոշումների կայացման գործում հանրության մասնակցությանը:
Համաժողովի ընթացքում ազդարարվեց նաև Տեղեկատվության ազատության ՔՀԿ ցանցի ստեղծման մասին։ ՔՀԿ Ցանցի նպատակն է խթանել տեղեկատվության ազատության արդյունավետ կիրարկումը հանրային կառավարման տարբեր ոլորտներում՝ օգտագործելով ՏԱ գործիքները հանրային շահերի պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և արտահայտվելու ազատության պաշտպանության գործում:
Համաժողովն ամփոփվեց տեղեկատվության ազատությանն ու հանրային վերահսկողությանը նվիրված ցուցադրությամբ։