Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
Դրամաշնորհային ծրագրի հրավեր
16.04.2019
ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող ոլորտներում ծրագրեր իրականացնող ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացման ֆինանսավորում
Դիմելու վերջնաժամկետը՝ 24 մայիսի, 2019 թ.
Ծրագրի տևողությունը՝ մինչև 4 ամիս
Բյուջեի առավելագույն չափը՝ 6000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ
Ներածություն
Ինֆորմացիայի ազատության կենտրոն (ԻԱԿ) ՀԿ-ն Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագիրը:
Ծրագիրը նպատակ ունի հզորացնել պետական քաղաքականության և բյուջետային ծախսերի մշտադիտարկման ոլորտում տեղական ՔՀԿ-ների կարողությունները՝ նպաստելով քաղհասարակություն-կառավարություն արդյունավետ երկխոսությանը մարզային և ազգային մակարդակներում:
Այս նպատակին հասնելու համար ծրագրի առաջին փուլում (2018 թ.) անցկացվել են «Տեղեկատվության ազատություն և բյուջեի հանրային վերահսկողություն» խորագրով վերապատրաստման դասընթացներ Երևանում և բոլոր մարզերում գործող 90 ՔՀԿ-ների համար: Դասընթացները հնարավորություն են տվել մասնակիցներին ավելի լավ պատկերացում կազմելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների, դրանց շրջանակներում իրականացվող բարեփոխումների և տեղեկատվության մատչելիության վերաբերյալ, ծանոթանալու վերահսկողական մեխանիզմների կիրառման միջազգային լավագույն փորձին:
Ձեռք բերված գիտելիքը գործնականում կիրառելու նպատակով դասընթացների մասնակիցներին ծրագրի շրջանակում կտրամադրվեն ինստիտուցիոնալ զարգացման 13 փոքր դրամաշնորհներ (ենթադրամաշնորհների 2-րդ փուլ): Ենթադրամաշնորհները նպատակ ունեն բարձրացնել հայտատուների մշտադիտարկման հմտությունների ու ունակությունների մակարդակը, ինչպես նաև բարելավել հայտատուների կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունավետությունը 2017 թ. փետրվարին կնքված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող Հայաստանում նախատեսվող բարեփոխումների քաղաքացիական վերահսկման գործում:
Ընդհանուր դրույթներ
ԻԱԿ-ը հրավիրում է ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին, երիտասարդական նախաձեռնություններին/քաղաքացիական խմբերին ներկայացնել ենթադրամաշնորհի հայտ հետևյալ պայմաններով:
Ով կարող է դիմել
Ենթադրամաշնորհի համար կարող են դիմել Երևանում և մարզերում գործող այն ՀԿ-ները, լրատվամիջոցներն ու երիտասարդական նախաձեռնությունները/քաղաքացիական խմբերը, որոնք մասնակցել են ԻԱԿ-ի մարզային և երևանյան վերապատրաստման դասընթացներին (սեպտեմբեր-նոյեմբեր, 2018 թ.) և որոնց հիմնական գործունեությունը ներառում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների քաղաքացիական վերահսկում ներքոնշյալ ոլորտներում:
Ենթադրամաշնորհի նպատակը և ոլորտային շրջանակը
Ենթադրամաշնորհի նպատակն է զարգացնել ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունները, որոնք կարող են խթանել 2017թ. փետրվարին կնքված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող Հայաստանում նախատեսվող բարեփոխումների քաղաքացիական վերահսկման գործընթացը, միտված են մշակելու և զարգացնելու հանրային վերահսկողության նոր, թվային գործիքները, նպաստել դրանց կիրառության տարածմանը: Ենթադրամաշնորհը կարող է օգտագործվել նաև այդ ոլորտում ՀԿ-ի կարողությունների զարգացման և ոլորտային մասնագիտական գիտելիքի/հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև փորձագիտական ծառայություններից օգտվելու նպատակով:
Ենթադրամաշնորհին դիմած ՀԿ-ների, լրատվամիջոցների ու երիտասարդական նախաձեռնությունների/քաղաքացիական խմբերի կանոնադրային կամ հիմնական գործառույթը պետք է առնչվի հետևյալ ոլորտներից որևէ մեկին կամ մի քանիսին՝
- մարդու իրավունքների պաշտպանություն,
- կոռուպցիայի դեմ պայքար,
- հանրային հաշվետվողականություն,
- առողջապահություն,
- բնապահպանություն,
- էներգաարդյունավետություն,
- խտրականության դեմ պայքար,
- երիտասարդների և կանանց իրավունքներ,
- ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող այլ ոլորտ:
Երիտասարդական նախաձեռնությունների/քաղաքացիական խմբերի կողմից հանրային հաշվետվողականությանը վերաբերող հայտերին տրվելու է առաջնահերթություն:
Ենթադրամաշնորհի ժամանակային և ֆինանսական պայմանները
Յուրաքանչյուր հայտի համար նախատեսված դրամաշնորհային գումարը կազմում է առավելագույնը 6000 եվրոին համարժեք ՀՀ դրամ: Ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացման ժամկետը մինչև 4 ամիս է, մեկնարկը՝ 2019 թվականի հուլիսի 1-ին: Ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թ. մայիսի 24՝ ժամը 18:00։
Հայտերի ընտրության չափորոշիչները
Մրցույթի պայմաններին համապատասխանող հայտադիմումների գնահատումը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա.
1. Հայտի նկարագրություն (60 միավոր)
- Համապատասխանությունը պահանջվող թեմաներին, հիմնախնդրի նկարագրություն և կարիքի հիմնավորում,
- կազմակերպության կանոնադրական գործառույթների համապատասխանությունը վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում հանրային վերահսկողության և շահերի պաշտպանության գործունեության իրականացմանը,
- 2017 թ. փետրվարին կնքված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող Հայաստանում նախատեսվող բարեփոխումների հանրային վերահսկողության կամ ոլորտին առնչվող հանրային շահերի պաշտպանության գործում կազմակերպության գործիքակազմի և/կամ կարողությունների հզորացման և այդ կարողությունների կիրառման հստակ նկարագիր,
- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցություն, համագործակցության բարելավմանն ուղղած քայլերի նկարագիր,
- առաջարկվող ինստիտուցիոնալ փոփոխությունների կապը տվյալ ոլորտում հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման հետ,
- ներկա իրավիճակի բարելավմանը, վերոհիշյալ ոլորտների զարգացմանն ուղղված նորարարական գաղափարների առկայություն,
- երիտասարդության, կանանց և այլ սոցիալական խմբերի ներգրավում։
2. Ակնկալվող արդյունքներ (30 միավոր)
- Գործողությունների և ակնկալվող արդյունքների միջև տրամաբանական կապի ապահովում,
- ակնկալվող արդյունքների կոնկրետություն և չափելիություն,
- կատարված աշխատանքի և դրա արդյունքների հանրայնացում և լուսաբանում:
3. Բյուջե (10 միավոր)
- Բյուջեի նպատակային բաշխում,
- առաջարկվող ծախսերի ողջամտություն,
- համաֆինանսավորում (բյուջեի առնվազն 10%-ի չափով ֆինանսական միջոցների առկայություն):
Դիմելու պայմանները
Ներկայացվող փաթեթը պետք է ներառի.
- ենթադրամաշնորհային հայտը (հավելված 1),
- բյուջեն (հավելված 2),
- ՀԿ-ի, լրատվամիջոցի կամ երիտասարդական նախաձեռնության/քաղաքացիական խմբի համակարգողի ինքնակենսագրականը (CV):
Ծրագրային փաթեթը պետք է ստորագրված լինի կազմակերպության ղեկավարի, իսկ երիտասարդական նախաձեռնության/քաղաքացիական խմբի դեպքում՝ համակարգողի կողմից:
Հայտը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հայերեն կամ անգլերեն foicasubgrant@gmail.com էլեկտրոնային հասցեին ոչ ուշ, քան 2019 թ. մայիսի 24-ի ժամը 18:00-ը: Նամակի վերնագիր նշեք «ԻԱԿ փոքր դրամաշնորհ 2» կամ «FOICA Small Grant 2» բառակապակցությունը:
Հարցերի համար կարող եք զանգահարել Մանե Մադոյանին 010 560 360 հեռախոսահամարով կամ գրել foicasubgrant@gmail.com էլ. հասցեին:
Հավելվածներ