Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
«Իրազեկ Հայաստան» ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին
06.12.2018
2018 թվականի սեպտեմբերի 27-ին տրվեց Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի մեկնարկը, որին մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, երևանյան և մարզային 90 հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, ինչպես նաև Եվրոպական լրագրության կենտրոնի ներկայացուցիչներ։
Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ։ Այն նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը:
Ծրագրի բացման արարողությանը հաջորդեց գլխավոր վերապատրաստման դասընթացը, որը վարում էր ԱՄՆ-ից Հայաստան ժամանած միջազգային փորձագետ, Եվրոպական լրագրության կենտրոնի անդամ Լիզա Էսսեքսը։ Միջազգային փորձագետը Երևանում կայացած եռօրյա դասընթացի ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ կիսվեց տեղեկատվության ազատության վերաբերյալ իր հարուստ փորձով։
Այնուհետև մեկնարկեցին ծրագրի մարզային վերապատրաստման դասընթացները՝ տեղեկատվության ազատության, ՀՀ-ԵՄ հարաբերություններ, ֆոնդահայթայթման, մարդու իրավունքների և բյուջեի հանրային վերահսկողություն թեմաներով։ Ծրագրի հինգ տեղական փորձագետները Հայաստանի 10 մարզերի ՀԿ-ներին և լրատվամիջոցներին ներկայացրին պետական բյուջեի մշտադիտարկման մեթոդաբանությունը, ԵՄ անդամագրման համար ՔՀԿ-ների կողմից մշտադիտարկման ռազմավարության միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև արդյունավետ ֆոնդահայթայթման գործիքները, իրավական տեսանկյունից ապահով լրագրողական հետաքննության հմտությունները և այլն։ Մարզային 70 և երևանյան 20 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 135 ներկայացուցիչ մասնակցել է հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 24-ը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպված «Տեղեկատվության ազատություն և բյուջեի հանրային վերահսկողություն» դասընթացներին։
Վերջին՝ եզրափակիչ վերապատրաստման դասընթացները կայացան Երևանում, որից հետո հայտարարվեց փոքր ենթադրամաշնորհային մրցույթ։ Ենթադրամաշնորհների տրամադրումը կխթանի ՔՀԿ-ների մշտադիտարկման կարողությունները և հմտությունները, ինչպես նաև կբարելավի ՔՀԿ-ների արդյունավետությունն առողջապահության, տրանսպորտի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում կառավարության կատարած ծախսերի մշտադիտարկման արդյունավետությունը։
Ենթադրամաշնորհային ծրագրերի միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կառաջարկեն կառավարությանն օգտագործել բյուջետային ռեսուրսների պլանավորման և/կամ ծախսերի առավել արդյունավետ միջոցներ: