Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Իրազեկ Հայաստան․ մեկնարկել են ծրագրի մարզային վերապատրաստման դասընթացները

22.10.2018

Հոկտեմբերի 19-ից մեկնարկեցին «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի մարզային վերապատրաստման դասընթացները։ Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ։ Այն նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը:

Մարզային վերապատրաստման առաջին դասընթացները տեղի ունեցան Շիրակի և Լոռիի մարզկենտրոններում։ Յուրաքանչյուր դասընթացին ներկա էին տեղի 7-8 ՔՀԿ-ների և լրատվամիջոցների անդամներ։ Դասընթացները վարում էին ծրագրի փորձագետներ Կարեն Անդրեասյանը, Լիանա Դոյդոյանը, Հասմիկ Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Վանիկ Մարգարյանը։

Կարեն Անդրեասյանը (մարդու իրավունքների փորձագետ, Եվրոպական լրագրության կենտրոն) դասընթացի մասնակիցներին ներկայացրեց տեղեկատվության ազատության կապը մարդու այլ իրավունքների հետ թեմայով դասախոսություն, որի ընթացքում նրանք խորացրին իրենց գիտելիքը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ մասնավոր կյանքի իրավունք, ներպետական օրենսդրություն, ազատ արտահայտման իրավունքի օրենսդրական դաշտ, լրագրողական էթիկա և այլն։ Տեղեկատվության ազատության ազգային փորձագետ Լիանա Դոյդոյանը դասընթացների մասնակիցներին ներկայացրեց տեղեկատվության ազատության իրավական հենքը, տեղեկատվություն ստանալու և տրամադրելու, էլեկտրոնային տեղեկատվության տրամադրման եղանակները և այլ առանցքային թեմաներ այդ ոլորտում։ Հասմիկ Հակոբյանը (ֆոնդահայթայթման ազգային փորձագետ) ՔՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին սովորեցրեց՝ ինչպես հայթայթել ֆոնդեր, ֆոնդահայթայթման մեթոդները և կարևորությունը հասարակական աշխատանքի դեպքում։

ԵՄ-Հայաստան հարաբերությունների փորձագետ Աննա Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց Եվրոպական Միության և Հայաստանի հարաբերությունների քաղաքական և իրավական գործիքակազմը, ԵՄ-ի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության միջոցները, ինչպես նաև ԵՄ ինտեգրման գործընթացի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության փորձը։ Ֆինանսների և բյուջեի փորձագետ Վանիկ Մարգարյանի դասախոսության ընթացքում մասնակիցները սովորեցին՝ ինչպես ստանալ բյուջեի և դրա կատարողականի մասին տեղեկատվություն, ինչպես բացահայտել տեղական և պետական բյուջեի հնարավոր խախտումները և այլն։

Վերապատրաստումների ընթացքում փոխանցված գիտելիքը ՔՀԿ-ներին կօգնի տեղեկացված լինել ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության մասին, և հատկապես, թե որ ոլորտներում և ինչպես է ԵՄ-ն աջակցում Հայաստանում զարգացման ծրագրերին: Այդ ոլորտները ներառում են պետական ծրագրեր հանրային առողջապահության, տրանսպորտի, շրջակամիջավայրի, էներգաարդյունավետության և այլ ոլորտներում:

Վերապատրաստման դասընթացների ավարտից հետո ենթադրամաշնորհներ կտրվեն 23 ՔՀԿ-ների, որպեսզի որպեսզի նրանք կարողանան համագործակցել պետական մարմինների հետ և նշված ոլորտներում բյուջետային բաշխումներին առնչվող ծրագրեր իրականցնել: Այս 23 ենթադրամաշնորհային ծրագրերի միջոցով նրանք կառաջարկեն կառավարությանն օգտագործել բյուջետային ռեսուրսների պլանավորման և/կամ ծախսերի առավել արդյունավետ միջոցներ:


 

← Վերադառնալ ցուցակին